Պյատիգորսկի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, գործարար Քրիստինե Մարգարյանի տեղեկացմամբ՝ իրենց համայնքի հայությունն իր ջանքերն ավելի շատ ուղղել է Հայաստանին և Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ուղղությամբ: «Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով անցկացված քննարկման ընթացքում նա նշեց. «Ողջ հայությունն է մասնակցում դրամահավաքին, մեր համայնքն էլ է ակտիվ մասնակցություն ունեցել և այժմ էլ ունենում է, մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում հումանիտար օգնության կազմակերպմանը: Բացի այդ՝ քնապարկեր ենք կարում և այլն: Մասնակցում են համայնքի բոլոր բնակիչները»:
ԱՄՆ-ից Էլեն Ասատրյանը վստահեցրեց՝ ԱՄՆ-ում էներգիան նույնն է, ինչպես մնացած բոլոր երկրներում. «Պատմության մեջ չենք տեսել այսպիսի ակտիվություն ոչ միայն երիտասարդության, այլ համայնքի տարբեր սեգմենտներից: Անգամ այն անձինք, որոնք երբեք չեն մասնակցել համայնքի աշխատանքներին, այս պահին միասնաբար աշխատում են օգնելու Արցախին ու Հայաստանին: ԱՄՆ-ում լոբբինգի մեծ հարց կա. մենք իմացանք, որ մոտ ինը ամիս Ադրբեջանը և Թուրքիան սրան պատրաստվել են, մեծ ներդրումներ կատարել: Հիմա մենք աշխատում ենք բոլոր ոլորտներում: Մեծ աշխատանքներ են տարվում նաև սոցցանցերում, լոբբինգի հետ կապված հարցերում, խաղաղ բողոքի ցույցերի կազմակերպման հարցում»:
Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ, CCAF-ի անդամ Կարեն Խուրշուդյանն էլ նշեց՝ Մարսելը դարձել է այն կենտրոնը, որտեղ հավաքվում է հումանիտար օգնությունը և որտեղից էլ կազմակերպվում է այդ օգնությունը Հայաստան ուղարկելու հարցը: Նա նաև ներկայացրեց իրենց՝ Հայաստան և Արցախ ուղարկած հումանիտար օգնության ծավալները. «Երեք ինքնաթիռ ապրանք ուղարկվեց, երկու բեռնատար, մեկ կոնտեյներ: Հիմա պատրաստվում է ևս երկու բեռնատար, որը կուղարկվի երկու օրից: Ունենք երկու բեռնատարի կամ կոնտեյների ապրանքներ, որոնք պետք է հասնեն Հայաստան»:
Կարեն Խուրշուդյանը փաստեց՝ այս օրերին ստացել են իրենց տարածաշրջանի ՏԻՄ-երի աննախադեպ օգնությունը. «Մեզ հսկայական գումար է տրամադրել դեպարտամենտը, ռեգիոնը և Մարսելի քաղաքապետարանը: Հիմա ֆրանսիական հիվանդանոցներից մեկի հետ համատեղ բարձրագույն մակարդակով օգնություն պետք է ուղարկվի Հայաստան և սա գումարած նրան, որ իրենք մեզ շատ խոշոր գումարներ են հատկացրել»:
Կարդացեք նաև
Խոսելով մարդասիրական օգնության՝ Հայաստան հասցնելու հարցում ունեցած խնդիրների մասին՝ նա ասաց. «Խնդիրներ ունեցանք Բուլղարիայում, Բելառուսում բեռնատարների հետ կապված, սթրեսային իրավիճակ էր: Մեզ սարսափելի խանգարեց մեր ավիաընկերությունների սև ցուցակ հասկացությունը, հուսով ենք՝ շուտով դա կուղղվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ