ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հանձնաժողովի նախագահ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը հայտարարել է, թե ադրբեջանական Բարդա քաղաքում հրթիռակոծումը, որի արդյունքում 21 մարդ է զոհվել, ողբերգություն է: Հետո, իհարկե, Արցախի ծննդատանը հասցված հարվածի, Ստեփանակերտի մասին էլ է հիշատակել, բայց հայտարարել է, թե բոլոր կողմերը կիսում են պատասխանատվությունը, բոլոր կողմերը խնդրի մասն են, եւ բոլոր կողմերը նաեւ խնդրի լուծման մի մասն են:
Aravot.am-ը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանին հարցրեց՝ սա չի՞ վկայում այն մասին, որ համապատասխան աշխատանք չի տարվել այս օղակում, ո՞նց ենք կիսում պատասխանատվությունը Ադրբեջանի հարձակման:
Նա պատասխանեց. «ԵԽԽՎ-ում մեր գործընկերների հետ մենք ամենօրյա ինտենսիվ կապ ենք պահում, արագ տեղեկացնում նրանց ընթացող զարգացումների եւ մարդու իրավունքների խախտումների մասին: Նրանց ենք ուղարկում նաեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այդուհանդերձ, հայտարարությունները հաճախ լինում են համեմատաբար չեզոք եւ ոչ հասցեական: Կարեւոր է, որ վերոնշյալ հայտարարության մեջ արձանագրվում է Ստեփանակերտի ծննդատանը հասցված հարվածը եւ նման գործելաոճի անթույլատրելիությունը:
Հավելեմ նաեւ, որ առցանց քննարկումների ժամանակ ես եւ իմ գործընկերները հստակ արձանագրում ենք, որ այս պատերազմի եւ դրա հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, որը սանձազերծել է ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական ագրեսիայի, դրանում Թուրքիայի եւ ահաբեկիչների ներգրավվածությունը դատապարտող հայտարարություններ արել են նաեւ մեր բազմաթիվ եվրոպացի գործընկերներ ԵԽԽՎ առցանց քննարկումների ժամանակ իրենց ելույթներում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Տաթեւիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից