Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացողը կհասկանա, չհասկացողին ինչի՞ բացատրես». Սուրեն Զոլյանը՝ ՌԴ-ից ներողություն խնդրելու դուխի մասին

Հոկտեմբեր 30,2020 15:30
Zolyan

«Մեր դուխը մեզ չի ներում Ռուսաստանից ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ էլ օգնություն հայցել։ Չէ՞ որ Հայաստանին անվերապահորեն օգնելը՝ դա Ռուսաստանի պատմական առաքելությունն է և աշխարհաքաղաքական շահ։ Ուստի իրենք պիտի խնդրեն, որ մենք իրենց թույլ տանք մեզ օգնեն։ Զարմանալի է, որ մինչ հիմա նման խնդրանքով չեն դիմել»,- Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր արել, ինչը հարցադրումների տեղիք է տվել՝ լավ, ներողություն խնդրենք, բայց ինչի՞ համար:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Զոլյանից երբ մեկնաբանություն խնդրեցինք, պատասխանեց. «Հասկացողը կհասկանա, չհասկացողին ինչի՞ բացատրես»: Մեր դիտարկմանը, որ այս ներողության հարցն անհասկանալի է, քանի որ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք, ՄԱԿ-ում միանման քվեարկել ենք, Սիրիա զորախումբ ենք ուղարկել, ի՞նչ ենք արել, որ Ռուսաստանից ներողություն խնդրենք՝ Սուրեն Զոլյանը պատասխանեց. «Ես նկատի ունեմ կոնկրետ մարդկանց: Եթե այդ մարդիկ իրենց չհասկացողի տեղ են դնում, ես դրա հետ համաձայն եմ, թող այդպես էլ իրենց պահեն, ինչ ասեմ: Ես պարտավոր եմ դաս տալ իմ ուսանողներին, բայց պարտավոր չեմ մարդկանց խելք սովորեցնել»:

Հարցին՝ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որոշակի պարտավորություններ ունի մեր առաջ, կարծում եք, այդ գերտերությունը սպասում է, որ մենք ինչ-որ նյուանսների, ինչ-որ դրվագների համար ներողություն խնդրենք, նո՞ր մեզ օգնի, Ռուսաստանը դրա կարի՞քն է զգում՝ Զոլյանը պատասխանեց. «Ես Ռուսաստանի տեղը չեմ կարող խոսել, չգիտեմ»:

Դիտարկմանը, որ վերջին օրերին մի շարք ուղերձներ եղան ե՛ւ Արցախից, ե՛ւ Հայաստանից, դրանից ավելի ի՞նչ կարող էինք անել՝ Սուրեն Զոլյանը պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք ինձ մի պաշտոնական փաստաթուղթ ցույց տալ: Դուք լավ գիտեք ֆեյսբուքում, կամ հարցազրույցում, կամ Թվիթերում արտահայտած գրառման ու պաշտոնական գրության տարբերությունը: Միգուցե Թրամփը իրեն դա կարող է թույլ տալ, բայց անգամ Թրամփի դեպքում դա միանշանակ չէ, այն չի կարող համարվել՝ որպես ԱՄՆ-ի պաշտոնական կարծիքը: ԱՄՆ-ն ունի պաշտոնական փաստաթղթերի ընդունման, գրանցման կարգ»:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի՝ բաց նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սուրեն Զոլյանն ասաց. «Արայիկ Հարությունյանը պաշտոնապես ճանաչված չի: Մենք շատ ենք իրեն հարգում, ընդունում ենք, բայց անգամ Հայաստանի դեպքում ինքը պաշտոնապես ճանաչված անձ չէ եւ իր հորդորը, որ եթե այսպես զինադադարը խախտվի, երկու օրից Հայաստանը թող քննարկի անկախության ճանաչման հարցը, ինչպես տեսնում եք, անհետեւանք է մնացել ու իր հայտարարությունը որպես պաշտոնական հիմք չի ընդունվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031