Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ում ապրող հայերը շատ-շատ բան են անում ՀՀ համար. պատերազմից հետո կիմանանք, ՌԴ-ից նվազագույնը օրական 2 ինքնաթիռ է իջնում, պլյուս բեռնատարները, որոնք անվերջ հոսում են դեպի Հայաստան». Զարեհ Սինանյանը՝ ՌԴ-ում ապրող հայերի հասցեին հնչող մեղադրանքների առիթով

Հոկտեմբեր 30,2020 14:17

«Սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա»,- «Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով անցկացված քննարկման ընթացքում վստահեցրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա տեղեկացրեց՝ աշխատանքներ ընթանում են դրամահավաքության, հումանիտար օգնության, տեղեկատվության տարածման ուղղություններով: Զարեհ Սինանյանը մանրամասնեց. «Սփյուռքը նախ աշխատում է ֆինանսական միջոցների հավաքման ուղղությամբ. ֆինանսական աջակցությունն ուղղորդվում է դեպի համահայկական հիմնադրամ: Նախկին փորձառությունը հաշվի առնելով, երբ տարբեր անձնական նախաձեռնությունների պատճառով ֆինանսական միջոցները ցաքուցրիվ էին լինում այս կամ այն ուղղությամբ, դրան ականատես եղանք նաև 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ, հիմա ուղղորդում է կատարվում դեպի հիմնադրամ: Երկրորդ ուղղությունը մարդասիրական օժանդակության հավաքագրումն ու Հայաստան հասցնելուն ուղղված աշխատանքներն են: Մենք չունենք ծովային ելք՝ երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով, լոգիստիկ իմաստով լուրջ մարտահրավեր էր, բայց կարծես մեծ մասով արդեն հաղթահարել ենք : Այս մասնակցության ընթացքում մի ամբողջ համակարգ կա գործողությունների. գտել ենք ձևերը, թե ինչպես կարող են մարդասիրական օգնություն հասցնել Հայաստան: Երրորդ ուղղությունը տեղեկատվության տարածումն է»:

Զարեհ Սինանյանը տեղեկացրեց՝ իրենք կոորդինացնում են նաև կամավորների հոսքը դեպի Հայաստան: Այս առիթով նա նշեց. «Դա միայն ճակատում կամավորները չեն. ունենք մեծ թվով բժիշկներ, որոնք եկել ու գալիս են Հայաստան, օգնելու պատերազմից և COVID-19-ից տուժած մարդկանց օգնություն ցույց տալու համար»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկական Արշամյանը հայտարարեց՝ առնվազն կես միլիոն մարդ է մասնակցել ու մասնակցում հիմնադրամի դրամահավաքին: Նա մանրամասնեց. «70-ից ավելի երկրներից մեր հայրենակիցները մասնակցել են այս դրամահավաքին: Նման բան չի եղել. սա առնվազն տասը- տասնհինգ հեռուստամարաթոնի համար հավաքված գումար է մեկ ամսվա ընթացքում: Բայց մենք ունենք հումանիտար ճգնաժամ, մենք կարիք ունենք դրամական միջոցների, խնդրում եմ բոլորին շարունակել աջակցությունը հայրենիքին, քանի որ սա մեր կարևոր գոյատևման խնդրի հարց է»:

Դիտարկմանը՝ կան մտահոգություններ, որ խնդիրներ են առաջանում մարդասիրական օգնությունը մաքսային կետերից դուրս բերելու, բաշխումներ իրականացնելու հարցում և հարցին՝ ճի՞շտ են այս բողոքները, ինչպե՞ս են այդ խնդիրները կարգավորվում, Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Իրոք, նման խնդիր գոյություն ունի, բայց խնդիրը բազմաշերտ է: Սկզբնական փուլում այս օգնությունը հախուռն էր, մարդիկ դեռ ցուցակները չէին տեսել, սկզբում ամեն գերատեսչություն մի ցուցակ ուներ, Արցախն էլ՝ իրը: Մարդիկ բերում էին՝ ինչ մտքին փչում էր, անգամ ուտելիք էին ուղարկում ԱՄՆ-ից: Այս ամենը ոնց կարողանում, բերում էին, առանց որևէ սորտավորման, ինչ-որ ձևով լցնում էին ինքնաթիռի, բեռնատարի, կոնտեյների մեջ և ուղարկում էին: Հայաստանում խնդիր է առաջանում, թե կոնկրետ ում համար է եկել բեռը: Օդանավակայանում այն բացվում, սորտավորվում էր, որպեսզի հասկանային, թե որ բեռը, որ գերատեսչության համար էր նախատեսված: Կան նաև հայաստանյան լոգիստիկ խնդիրներ: Եթե ավելի կարգապահ ձևով սկսենք սորտավորել և ցուցակավորել այն օգնությունը, որը բեռնավորվում է ինքնաթիռում, ապա այս խոչընդոտները, դանդաղ գործընթացները, շատ լուրջ ձևով կփարատվեն»:

Զարեհ Սինանյանը հատուկ անդրադարձավ Ռուսաստանի հայերի հասցեին հնչող մեղադրանքներին, թե նրանք լինելով այդքան մեծաթիվ, բավականին քիչ գումար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Նա ասաց. «Ցուցակը բավական թերի պատկեր է ներկայացնում, թե որ երկրից որքան գումար է հավաքված: Շատերը մեր ռուս համայնքի վրա էին կենտրոնանում, թե ինչու են քիչ փոխանցումներ կատարել: Օգնության բոլոր տեսակներին ի պաշտոնե ծանոթ եմ, հավաստիացնեմ՝ Ռուսաստանից եկող օգնությունը շատ մեծ է: Մեր հայրենակիցների ուղարկած օգնությունն իրականում շատ մեծ է: Որքան էլ որ շատ են մեր հայրենակիցները Եվրոպայից ուղարկում օգնություն՝ վեց ինքնաթիռից ավելի բեռ է ուղարկվել, նաև բեռնատարներով, որքան էլ ԱՄՆ-ից երկու ինքնաթիռ է եկել. մոտ 65 տոննա ընդհանուր բեռ է եկել, գիտեմ՝ 60 տոննա էլ կուտակված է, դա համեմատած Ռուսաստանից եկող օգնության հետ չնչին թիվ է: Մեր հայրենակիցները թող տեղեկացված լինեն և վատ ձևով չտրամադրվեն մեր ռուս հայրենակիցների նկատմամբ: Նրանք շատ-շատ բան են անում, որ չենք կարող ասել. պատերազմից հետո կիմանանք: Ռուսաստանից նվազագույնը օրական երկու ինքնաթիռ է իջնում, պլյուս բեռնատարները, որոնք անվերջ հոսում են դեպի Հայաստան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031