Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։
Ելույթ ունենալով Բունդեսթագում խորհրդարանական շաբաթվա նիստի ժամանակ՝ արտգործնախարարն ասել է․ «Մեր կարևոր նպատակներից է մարդասիրական հրադադարի հասնել։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողություններն առանց նախապայմանների, և դա միայն մեր պահանջը չի, այլ նաև միջազգային հանրության։ Ես ու կանցլեր Անգելա Մերկելը հակամարտության բոլոր խաղացողներին, այդ թվում՝ Թուրքիային, այդ մասին զգուշացրել ենք։ Մենք ՄԱԿ ԱԽ-ում կոչ ենք արել դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Պետք է նշեմ, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի միջոցով ու նրա ենտրոնական դերակատարմամբ պիտի ընթանա կարգավորումը»,- ասել է Մաասը։
Նա նշել է, որ չնայած միջազգային հանրության հստակ ու վճռական ուղերձներին՝ կողմերը շարունակում են մարտական գործողությունները։ «Մեզ այլ բան չի մնում, քան ուժեղացնել միջազգային ճնշումը բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք հասկանան, որ միջազգային հանրությունը չի ընդունելու այս խնդրի ռազմական լուծումը։ Բանակցային գործընթացում ամուր դիրքերը մարտադաշտում չեն գտնվելու։ Բանակցություններն այլընտրանք չունեն, և դա պետք է հասկանան ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ այնտեղ դեր խաղացող մյուս երկրները։ Թուրքիան, ԵԱՀԿ անդամ երկրին համապատասխան, պետք է գիտակցի իր պատասխանատվությունը հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար։»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ