Դիլիջանցի կանայք ու աղջիկներն ամեն օր աշխատանքից հետո հավաքվում են Դիլիջանի համայնքային կենտրոնում և ռազմաճակատում կռվող զինվորի համար տաք գուլպաներ և գլխարկներ գործում։
«Երբ պատերազմ սկսվեց՝ ես ինքս ցանկանում էի սկսել գործել ու տեսա կենտրոնի հայտարարությունը, որ նման նախաձեռնություն կա ու առանց մտածելու եկա այստեղ։ Հուսով եմ, որ մեր՝ մայրերիս, ջերմությունն ու օրհնանքը այս գուլպաների միջոցով հասնում է մեր տղաներին»,- Aravot.am֊ի հետ զրույցում պատմում է Սիրանուշ Ավագյանը։
Կարդացեք նաև
13-ամյա Մարթան ևս միացել է խմբին և արդեն 5֊րդ գլխարկն է գործում զինվորների համար․ «Ամենակարևորը, որ հաղթենք ու ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի»։
Կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը պատմում է, որ պատերազմի սկսվելու նախորդող օրն իրենք նշում էին հերթական հաջողված միջոցառման փակումը։
Առավոտյան պատերազմի բոթը անհավատալի մղձավանջի էր նման։
«Չնայած տագնապին ու ցավին՝ մենք միանգամից կարողացանք հավաքել մեզ ու փորձեցինք բոլորով ինքնակազմակերպվել ու աշխատել։
Մենք սկսեցինք անհրաժեշտ իրեր հավաքել նախ առաջնագիծ ուղարկելու համար, իսկ հետո նաև Դիլիջան եկած արցախցիներին սկսեցինք օգնել»։
Արմինեն նշում է՝ կենտրոնում աշխատանքները տարբեր ուղղություններով են ընթանում, իսկ աջակցող գործընկերների պակաս չի լինում։ Կենտրոնը աջակցություն է ստանում Դիլիջանի միջազգային դպրոցից, տեղի կառույցներից, ինչպես նաև դրսում գտնվող գործընկերներից․ «Արդեն 3-րդ մեքենան է, որ ուղարկում ենք առաջնագիծ։ Այս ընթացքում հուզիչ պատմությունների պակաս չի լինում։ Զինվորների համար անհրաժեշտ իրեր հավաքելիս մեզ մոտենում էին տատիկներ՝ մեղրով լի բանկաներով, տաք գործած գուլպաներով։ Մենք այս պահին զինվորներին ուղարկում ենք քնապարկեր, տաք շապիկներ, զինվորական տաք հագուստներ, գուլպաներ և այլն»։
Արմինեի խոսքով՝ կենտրոնի 6 տարվա գործունեության ընթացքում եղել են հելունագործության ու շյուղագործության դասընթացներ և սահմանի համար տաք գուլպաներ, գլխարկներ ու բաճկոններ գործելու մտահղացումն իրագործելու համար առաջին հերթին կապվել են իրենց հայտնի մասնագետների հետ ու սկսել աշխատանքները։
«Ընթացքում մեզ միացան նաև արցախցի կանայք, ովքեր գտնվում են Դիլիջանում, միացան անգամ դպրոցականներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին սովորելու և խմբին միանալու համար։ Այս պահին արդեն 50 գլխարկ և 30 զույգ գուլպաներ ուղարկվել են սահման, իսկ հիմա ուղարկելու ենք 100 գլխարկ, 100 զույգ գուլպա և 50 բաճկոն»,- նշեց Արմինե Հովհաննիսյանը։
Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկի կին Մարետա Վարդանյանը, որը ևս միացել է գուլպաներ գործող կանաց խմբին, վստահ է, որ առաջնագծում կանգնածներին թիկունքը պետք է հզորացնի․ «Զինվորները թող առողջ լինեն, քանի որ իրենք հաղթելու են ու դա մեզնից լավ գիտեն, իսկ թիկունքին էլ ցանկանում եմ, որ իսկապես թիկունք լինեն ու օգնեն ինչով կարող են, իսկ եթե չեն կարող օգնել՝ չխանգարեն»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ