Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞ւր մնաց պաշտոնական Երեւանը»

Հոկտեմբեր 30,2020 14:00

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ «Առավոտը» զրուցել է Արցախի հարցի կարգավորման իրանական մոտեցումների մասին

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ: Երեկ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի՝ Մոսկվա ժամանելուց հետո, հայտնի դարձավ, որ Իրանի, այսպես կոչված, պլանում, գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին: «Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, եւ Ռուսաստանը կարեւորագույն երկրներից է տարածաշրջանում»,- ասել է Արաքչին: Իրանի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը ԼՂ խնդրի լուծման հարցում:

Հայտնի է, որ նախքան Մոսկվա ժամանելն Արաքչին եղել է Բաքվում: Նախատեսվում է, որ պաշտոնյան կայցելի Երեւան եւ Անկարա:
Իրանի՝ սեփական նախաձեռնությամբ հանդես գալն «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը նորմալ է համարում այն առումով, որ տարածաշրջանում՝ Իրանի սահմանների մոտ պատերազմական գործողություններ են ընթանում եւ ակնհայտ է մի բան, որ ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ուժեղանում է տարածաշրջանում Իրանի հիմնական մրցակիցներից մեկի՝ Թուրքիայի գործոնը: Իրանի՝ սեփական նախաձեռնությամբ հանդես գալն, ըստ մեր զրուցակցի երկու նպատակ ունի. նախ՝ սեփական հետաքրքրությունները ընդգծելը, ապա, եթե այս ամենի արդյունքում տարածաշրջանում պետք է ուժերի վերադասավորումներ լինեն եւ նոր քաղաքական խաղացողներ ներգրավվեն, ապա Իրանը դեմ չի լինի, որ հնարավոր փոփոխությունների արդյունքում ինքն էլ իր քաղաքական ազդեցության դաշտն ունենա Հարավային Կովկասում: Այս դիտարկումները խիստ ընդհանուր են՝ Իրանի նախնական տրամադրությունների մասին, բայց մեր զրուցակիցը ավելի քան համոզված է, որ Իրանի տրամադրություններում կան նաեւ «ստորջրյա քարեր», որոնք այդքան էլ ակնհայտ չեն:

«Ես նկատի ունեմ առաջին հերթին ՌԴ-Իրան հնարավոր համագործակցությունը՝ Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում կասեցնելու համար: Այս դեպքում մենք խոսում ենք մի սցենարի մասին, որտեղ Թուրքիայի ցանկություններին՝ լինել Հարավային Կովկասում միջնորդ եւ ազդեցիկ քաղաքական ուժ, հակադրվում է եւ, որպես հակակշիռ է դիտարկվում նաեւ Իրանի գործոնը: Եվ այս պարագայում, ՌԴ-ն փորձում է, այսպես ասած, փրկել իրավիճակը Հարավային Կովկասում՝ իրանական գործոնով թուրքական գործոնը հավասարակշռելու մեխանիզմի միջոցով: Պետք է լավ հասկանանք, որ Մոսկվա-Թեհրան հարթության մեջ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, հեշտ եւ ցանկալի են ՌԴ-ի համար, քան ՌԴ-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Այս տեսակետից, իրանական գործոնն ինչ-որ չափով ծուղակ կամ Թուրքիայի մաքսիմալիզմը սահմանափակող գործոն է»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ինչ վերաբերվում է Իրանի կողմից առաջարկվող դրույթներին, մեր զրուցակցի կարծիքով, այն բոլոր մոտեցումները, որոնց մասին խոսում է Իրանը, չեն կարող բխել հայկական պետությունների շահերից, որովհետեւ ազատագրված տարածքներն իրենք կոչում են «օկուպացված», իսկ ինքնորոշման իրավունքը իրենք համարում են՝ «փոքրամասնության իրավունք». «Հայ ժողովուրդը երբեք համաձայն չի լինի այս մոտեցումներին եւ երբեք դրա կողմ չի կարող հանդես գալ»:

Ըստ մեր զրուցակցի, Իրանի եւ ՀՀ-ի հիմնական շահերից է այս պահին ռազմական գործողությունների դադարեցումը, ուստի, Իրանի դիրքորոշումը հայկական կողմերի համար կարելի է ձեռնտու համարել բացառապես կարճաժամկետ հատվածում. «Իսկ երկարաժամկետ հատվածում, պատերազմը դադարեցնելուց հետո, եթե սկսվի բանակցային գործընթաց, ապա պետք է հենվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տարիներ շարունակ մշակած մոտեցումների վրա»:

Մեր զրուցակիցը որեւէ պարագայում սպառված չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Ընդգծում է, որ դրա մասին միայն թուրքական կողմն է խոսում՝ իրենց ագրեսիան արդարացնելու համար: «Այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին այս պատերազմի փուլում հաջողվում է դեռ մեկ սեղանի շուրջ նստեցնել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին, եթե համանախագահներին հաջողվում է անգամ որոշակի մեխանիզմներ ստեղծել՝ անգամ պատերազմի ընթացքում, դա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը ոչ թե սպառված չէ, այլ շատ կայուն եւ հրատապ գործող ինստիտուտ է»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում խոսեց հնարավոր «ցավոտ փոխզրջումների» մասին, որոնց, իբր հայ ժողովուրդը պատրաստ է: Եթե տեսականորեն փորձենք հարցին անդրադառնալ՝ որո՞նք են մեզ համար այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ անցնել չենք կարող՝ մեր հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, առաջին հերթին Ադրբեջանից պետք է ակնկալենք-պահանջենք Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը»:

Իսկ առհասարակ, այդ հարցին մեր զրուցակիցը դժվարանում է պատասխանել՝ մի քանի պատճառներով. «Նախ, որովհետեւ Արցախից ստացվող տեղեկությունները՝ ռազմաճակատի այսօրվա դրության հետ կապված, շատ հակասական են բոլոր այն լուրերից, որ մենք ստանում ենք պաշտոնական Երեւանից»:

Երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով հանդես եկավ եւ հայտարարեց, որ թշնամին գտնվում է Շուշիից հինգ կիլոմետր հեռավորության վրա եւ, փաստացի, մարտական գործողություններն ընթանում են Շուշիի մատույցներում: Դրանից «ցավոտ փոխզիջում» մեր զրուցակիցը չի կարող պատկերացնել, եթե խոսքը վերաբերվում է տարածքային փոխզիջումներին: Իսկ առհասարակ, բավական շատ խնդիրներ կան, որոնց մասին, ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով, քաղաքագետն ավելի ուշ կխոսի: Մինչ այդ, մեր առաջնային խնդիրը նա համարում է պատերազմի ընթացքը մեր կողմից կառավարելի դարձնելը եւ խոսքը միայն ռազմական գործողությունների մասին չէ:

«Նկատի ունեմ նաեւ քաղաքական ջանքերն ու դիվանագիտությունը: Ծանր մարտեր են ընթանում, բայց, ըստ էության, դիվանագիտական դաշտում արդեն երեք օր, մենք որեւէ նորություն չունենք. չկան միջազգային կառույցներից գնահատականներ, իրանական կողմն իր առաջարկը քննարկում է Ադրբեջանում, հետո մեկնում է ՌԴ, իսկ ո՞ւր մնաց պաշտոնական Երեւանը, սկզբից բոլորի հետ պետք է համաձայնեցնեն նո՞ր մեզ տեղեկացնեն, թե՞… Այնպես որ, մինչեւ ցավոտ զիջումների մասին խոսելը մենք բավական շատ հարցեր ունենք կարգավորելու, հասկանալու եւ կառավարելիությունը մեզ համար բարձր մակարդակի հասցնելու առումով: Իսկ առհասարակ, ռազմադաշտում առկա խնդիրները, կարծում եմ, ուղիղ հետեւանք են քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել