«Պատահական չէ, որ թիրախավորվում է նաև սփյուռքը: Մեր հասարակությունն և միջազգային հանրությունն այդ մասին հստակ ուղերձ պիտի ստանան: Այդ թիրախավորման պատճառներից է նաև այն, որ թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայում ենք սփյուռքի հետ ձեռք ձեռքի տված»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի խաղաղ ավտոերթ իրականացնող հայերի վրա, Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ցույցի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ, Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է, 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է վանկարկել հայերի հասցեին և այլն:
Նա նշեց, որ նման թիրախավորման պատճառ կարող է լինել նաև այն, որ սփյուռքն այս օրերին մեծ դրամահավաքներ, մարդասիրական առաքելություններ է իրականացնում Հայաստանի և Արցախի համար: Այս առիթով Հովհաննես Ալեքսանյանը հավելեց. «Սփյուռքի մեր հայրենակիցները կարողացել են ճեղքել այն տեղեկատվական պատնեշը, որը ստեղծել է թուրք-ադրբեջանական տանդեմը: Սփյուռքը գլխավոր պահանջատերն է Հայոց ցեղասպանության, ուստի պատահական չէ, որ մեր թշնամիները, տեսնելով, որ չեն կարողանում հասնել այնպիսի զգալի առավելության, որը հնարավորություն կտար ազդարարել իրենց հաղթանակի մասին, թիրախավորել են Հայաստանի և Արցախի թիկունքին կանգնած սփյուռքին»:
Հարցին՝ որքանո՞վ է ապահով հայերի ներկայությունը Թուրքիայում, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնյան պատասխանեց. «Խոսել դեպի Հայաստան զանգվածային արտահոսքի, խուճապային տրամադրությունների մասին, չափազանցված կլինի: Դեռ 2020-ի փետրվարին՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից առաջ, Թուրքիայում տեղի ունեցավ միգրացիոն քաղաքականության ռազմավարության փոփոխություն: Եթե մինչ այդ Թուրքիայի Հանրապետությունում աշխատող օտարերկրացիները պարտավոր էին երեք ամիսը մեկ հատել Թուրքիայի սահմանը, նորից վերադառնալ Թուրքիա, ապա այդ փոփոխությունից հետո սահմանվել է կարգ, որով երեք ամիսը լրանալուց հետո օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են դիմում ներկայացնել Թուրքիայի համապատասխան մարմիններ, երեք ամիս սպասել, եթե այդ թույլտվությունը լինի, շարունակեն աշխատել, եթե ոչ՝ վճարել տուգանք և լքել երկիրը: Սա նշանակում է, որ հնարավոր չի դառնում այդ անձանց համար այդ երեք ամիսների կեցության ծախսերը հոգալ: Դա է պատճառը, որ տարվա սկզբից Թուրքիայի Հանրապետությունում աշխատող շատ միգրանտներ աստիճանաբար վերադառնում էին իրենց քաղաքացիության երկրներ»:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ Սիրիայում ունեինք կուռ հայկական համայնք, որը մասամբ կորցրինք, ի՞նչ վտանգներ կան այլ հայկական համայնքների առումով, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը հստակ է, Հովհաննես Ալեքսանյանը պատասխանեց. «Թուրքիան այսօր վարում է պանթուրանական քաղաքականություն: Այն իր սուր ծայրող ուղղված է հայության դեմ՝ ոչ միայն Հայաստանի հայության, այլև հատկապես ուղղված է սփյուռքի այն հատվածների դեմ, որոնք Արևմտյան Հայաստանի, ժամանակակից Թուրքիայի հարևանությամբ գտնվող երկրներում են՝ Սիրիայի հայության, լիբանանահայության, Իրաքի հայության դեմ: Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի սահմանակից երկրներում և տարածաշրջաններում հայաթափությանը»:
Նա նշեց՝ այսօր պետք է նաև շեշտադրումները փոխվեն այն առումով, որ սփյուռքը մեր կարևոր գործընկերն է, գործիքը, որով կարող ենք Արցախի միջազգային ճանաչմանը հասնել և շարունակեց. «Սփյուռքն իր բնակության երկրներում կարող է այդ ուղերձներն ազդեցիկ կերպով փոխանցել: ՀՀ կառավարության անելիքների մեջ մտնում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը»:
Այնուհետև հավաստիացրեց՝ սփյուռքը շատ լավ գիտակցում է, որ ինքը չպետք է անհայրենիք մնա, սփյուռքը չի կարող անհայրենիք մնալ, և այսօրվա իրողությունների պայմաններում սփյուռքը ամենաուժեղ կերպով կանգնած է Հայաստանի և Արցախի կողքին, և սրանով է բացատրվում մեր հայրենակիցների շրջանում ակտիվությունը, որն աննախադեպ է։
Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրեց՝ այս ամիսներին էլ տասնյակ հազարավոր հայեր վերադարձել են Հայաստան: Այս առիթով նա մանրամասնեց. «Օգոստոսից չվերթուղիներն ընդլայնվել են, շարունակվում են հայրենադարձության գործընթացները, անգամ այս սուղ պայմաններում մարդիկ կարողում են Վրաստանի միջոցով իրենց գույքը, առաջին անհրաժեշտության իրերը տեղափոխել Հայաստան և այստեղ վերջնականապես հաստատվել»: Նա կարևորեց՝ մեր պետական ռազմավարության մեջ պետք է լինի ակտիվ հայրենադարձությունը, քանի որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը պետք է շարունակաբար բարելավվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ