ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:
Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց:
ՀՀ ԱԱԾ