Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկրորդական խնդիրների մասին

Հոկտեմբեր 30,2020 10:00

Այս պատերազմում լուծվում է մեր՝ հայերիս, այս տարածաշրջանում ապրելու խնդիրը: Այսպիսի բախտորոշ ժամանակաշրջաններ պարբերաբար լինում են ամեն մի ազգի պատմության մեջ: Դա պատահել է նաեւ մեզ հետ, եւ քանի որ, ի հեճուկս դարերի փորձությունների, մենք կանք եւ ունենք պետություն, ես ոչ մի հիմք չունեմ կասկածելու, որ այս փորձությունն էլ կհաղթահարենք:

Այս մասշտաբի խնդիրների կողքին բոլոր մնացած խնդիրները խամրում են, դառնում են երկրորդական: Մարդիկ կան (եւ այդ մարդկանց մեծ մասն ապրում է զուտ ֆեյսբուքյան իրականության մեջ), որոնք դա չեն հասկանում: Նրանք ինձնից պակաս հայրենասեր կամ պարկեշտ չեն. ուղղակի «ներքաղաքական հույզերն» են նրանց ընկալունակությունը բթացրել, կամ էլ՝ պարզապես կյանքի բավականաչափ փորձ չունեն: Առաջիններին համոզելը չափազանց դժվար է, երկրորդ խմբի հետ թերեւս արժե կրթական եւ դաստիարակչական աշխատանք կատարել:

Պատերազմի ժամանակ հայ մարդիկ պետք է զսպեն որեւէ հայի հանդեպ քննադատական, առավել եւս՝ վիրավորական խոսք ասելու իրենց ցանկությունը: Ես, օրինակ, փորձում եմ հենց այդպես վարվել: Բայց հետագայում էլ, երբ հնարավոր կհամարեմ քննադատել, օրինակ, Վազգեն Մանուկյանին, Հրանտ Բագրատյանին կամ Դավիթ Շահնազարյանին (իսկ նրանց թե՛ նախկին, թե՛ ներկա գործունեության մեջ, անշուշտ, քննադատելի կետեր կան), ապա կաշխատեմ ընտրել հնարավորինս կոռեկտ բառապաշար: Ինչո՞ւ: Որովհետեւ, երկար աշխատելով լրագրության բնագավառում, գիտեմ, թե ժամանակին, երբ մեր երկիրը բարդ վիճակում էր, ինչ են արել այդ մարդիկ: Եթե մարդը ծնվել է, ասենք, 1990 կամ 2000 թվականին, նա, բնականաբար, չի տիրապետում այդ տեղեկատվությանը, բայց չեմ կարծում, որ դա իրեն իրավունք է տալիս հայհոյանքներ գրել այդ գործիչների հասցեին:

Որոշ լուսավորչական աշխատանք է պետք կատարել նաեւ այն պարագայում, երբ հայհոյանքների տարափ է տեղում կյանքից հեռացած մարդու հետեւից. սիրելի՛ բարեկամներ, նա արդեն մահացել է, ձեր գրածները չի կարողանա կարդալ: Այս ամենը պետք է հանգիստ, առանց ագրեսիայի բացատրել այն մարդկանց, որոնք տեղեկատվության պակաս ունեն. հույզերով բոցավառվածների խնդիրը, ինչպես արդեն ասացի, ավելի բարդ է:

Ճի՞շտ են վարվում արդյոք այն գործիչները, որոնք հիմա իշխանափոխություն են պահանջում: Ոչ, իմ կարծիքով, նրանք արմատապես սխալվում են՝ պատերազմը պահանջում է համախմբում ցանկացած իշխանության շուրջ՝ անկախ դրա որակներից: Ուստի, այս դեպքում էլ ուզում եմ իշխանափոխություն պահանջողներին եղբայրաբար խնդրել՝ ժամանակավորապես զսպե՛ք ձեր զգացմունքները ներկա իշխանության հանդեպ եւ առաջնորդվեք կարգապահական այն կանոններով, որոնք թելադրում է ռազմական դրությունը:

Մնացած բաներից հնարավորություն կունենանք խոսելու հաղթանակից հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անձնապէս, այլազան տեսանկիւններից, այլեւս անիմաստ եւ ապարդիւն կը համարեմ իշխանափոխութեան նիւթը:

    Սակայն այդ՝ պատերազմի-ժամանակ-լուռ-համախմբումի սո՜ւրբ ու սրբազան, Բացարձակ Սկզբունքի նման տեւաբար հնչող առարկութիւնը, կ’անտեսէ իշխանափոխութիւն ցանկացող կարգ մը հայորդիների հիմնական մղումը, իրենց այդ կեցուածքի էական հիմնաւորումը:

    Եթէ հայ մը, ամենայն ուղղամտութեամբ, խորապէս համոզուած է որ՝ եթէ իշխանափոխութիւն չլինի, ապա Հայութիւնը կրելու է ահաւոր պարտութիւն մը, անասելի եւ անդառնալի կորուստներ, մինչ իշխանափոխութիւնը հնարաւորութիւն մը կու տայ խուսափելու այդ պարտութենէն եւ այդ կորուստներէն, ի՞նչ է անելու այդ հայը… Պատերազմէն ե՞տք արտայայտէ իր կարծիքը…

    Իսկ ամէն դէպքում, տակաւին ոեւէ մէկը «զօրով» իշխանութիւն փոխելու մասին որեւէ բան չարտայայտեց – եւ փաստօրէն, ո՛չ մէկն ալ ի վիճակի չէ այդպիսի բան կատարելու – : Բոլոր յայտարարութիւնները պարզապէս միտքեր, առաջարկներ են, եւ կը վերաբերին իշխանութեան կողմէ յօժարակամ քայլերու:

  2. Քաղաքացի says:

    Խնդիրների մաշտաբը և նրանց ընկալումը, շատ սուբյեկտիվ է: Քաղաքականության մեջ, շրջանառության մեջ միտումնավոր ներմուծվող և հեշտ ընկալվող շահարկումները՝ պարգևավճարներ, հողերի վաճառք, գունավոր հեղափոխություն, սոռոսականներ ուղեկցվում են իրար հաջորդող վայնասուններով: Նրանց վտանգը կայանում է նրանում, որ նրանք ՆՄԱՆ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ: Իսկ շան գլուխը ճիշտ հակառակ բևեռում է թաղված:

    Որպես օրինակ, այսօրվա պատերազմը, որը կանխորոշված էր նախորդ տասնամյակների Հայաստան երկրի վարած քաղաքականությամբ, ընդորում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական: Այսօրվա իր հոդվածում Պ.Դալլաքյանը հարց է տալիս.” Կա՞ «հայի հաշվին հայի դեմ» գործելաոճը խափանելու եւ դիվանագիտական ընթացքը հայանպաստ դարձնելու որեւէ միջոց: Ո՞րն է Ռուսաստանի ներկայիս վիճակը” Եվ պատասխան. “Այստեղ է, որ նախագահ Պուտինին պետք եղավ հայերի ողբերգությունը եւ ինքնապաշտպանությունը իբրեւ արցախյան «կարգավորման» շրջանակներից Թուրքիային դուրս թողնելու վերջին միջոց: Կովկասից դուրս թողնելու՝ Լիբիա-Սիրիա-այլուր շղթան խզելու միջոց:” Այսօր հայաստանցին և սփյուռքը, աղբանոցը նետելով բոլոր կարգի շահարկումները, ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես թեր զինված, շրջապատման մեջ գտնվող, սակավաթիվ ռեսուրսներով երկիրը, հայի արյան գնով (իսկ կ՞ա ուրիշ ելք) դիմակայում է աշխարհի երկրորդ, բոլոր իմաստներով, բանակին:

    Դալլաքյանը իր վերլուծական հոդվածը եզրափակում է դիմելով Ռուսաստանին. “Իմպերիաները մնում են կամ գնում հայի ձեռքով: Սա ճակատի ու թիկունքի ազգային միասնությամբ ամրագրված քաղաքակրթական զենք է…”
    Հաղթելու ենք, որովհետև թացը չորից, առաջնաինը երկրորդականից զատելու շնորք ունենք, իսկ այդ շնորքը գալիս է երկիր պահելու հրամայականից միայն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031