Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սովորաբար, երբ ունենում ենք մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա, մեր զգացմունքները բթանում են. Հոգեթերապեւտ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2020 08:00

Հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է, թե պատերազմական այս դժվարին օրերին մեր հանրությունն ինչպես կարող է պահպանել ուժն ու մարտական ոգին։

Առաջին հերթին նա խորհուրդ է տալիս փորձել մենակ մնալ եւ հասկանալ, թե ինչ ենք զգում․

այս փուլում պետք է հնարավորինս լսենք մեր հույզերն ու հասկանանք, թե ինչ ենք զգում։ Սովորաբար, երբ ունենում ենք մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա, մեր զգացմունքները բթանում են։ Աստիճանաբար բացասական ինֆորմացիան սկսում ենք ընկալել հեռվից՝ չնույնականացնելով մեզ հետ, չապրելով դրա հետ կապված խոր էմոցիաներ, քանի որ այդ խոր էմոցիաները հնարավոր չէ շատ երկար ժամանակ ապրել։ Սակայն այս ամենն էլ բերում է նրան, որ բթանում է նաեւ մեր ուշադրությունը սեփական զգացմունքների հանդեպ։ Մեկին այդ իրավիճակում օգնում է մեդիտացիան, մյուսին՝ երաժշտություն լսելը եւ այլն։ Ամեն մեկի մոտ յուրովի է արտահայտվում, սակայն այստեղ հիմնական բաղադրիչը մենակ մնալն է։

Երկրորդ՝ պետք է ճիշտ հասկանանք, թե ինչն է մեզ մոտ առաջացնում մոտիվացիա․

Որոշ մարդկանց մոտ մոտիվացիա է առաջացնում ակտիվ գործունեության հնարավորությունը, մյուսի մոտ՝ շատ խոսելը եւ այլն։ Ուստի ամեն մեկս պետք է գտնենք այն, ինչը մերն է եւ փորձենք դրա շրջանակներում անել մաքսիմալը։ Ըստ Հովսեփյանի՝ այս ամենը եւս շատ անհատական է, բայց կա մի շատ կարեւոր փաստ, որը պետք է իմանանք բոլորս՝ մեր էներգիան սահմանափակ է, ու չի կարելի այն անընդհատ վատնել․ «Բոլորս արդեն մեծ քանակությամբ էներգիա ենք վատնել այս ընթացքում եւ հիմա շատ կարեւոր է, որ դրա վերջին պաշարները խնայենք»։

Մասնագետը նշում է, որ էներգիան խնայելու համար պետք է հնարավորինս նպատակահարմար ծախսվի, քանի որ մեր էներգիայի 80-88 տոկոսը ծախսում ենք սովորույթ դարձած գործողությունների, այլ ոչ թե նրանց վրա, որոնք ավելի նպատակահարմար են։ Ըստ նրա՝ պետք է հասկանանք, թե ինչ սովորույթներ ունենք, եւ եթե մեզ անհրաժեշտ չեն, փորձենք գոնե այս ընթացքում չկրկնել դրանք։ Ընդ որում, սա վերաբերում է ցանկացած տեսակի սովորույթներին, որոնք առանց ռեալ օգուտ բերելու մեզնից ժամանակ են տանում։ Դրական հույզերը վերականգնելու համար Հովսեփյանը խորհուրդ է տալիս հոգ տանել մտերիմների մասին՝ նկատելով՝ երբ հոգ ենք տանում մեր մտերիմների մասին, իրենցից ստանում ենք հետադարձ կապ, որը թույլ է տալիս այն օգտագործել՝ դրական էմոցիա ստանալու համար։

Ըստ Արամ Հովսեփյանի՝ այս իրավիճակի համար կայուն մոտիվացիայի աղբյուր է հայրենասիրական, մեր ազգային երգերը լսելը, մեր պատմության մասին կարդալը։ Մասնագետը նաեւ անչափ կարեւորում է, որ ամեն մեկս անենք այն, ինչ մեզ մոտ լավ է լինում՝ երգել, պարել, կատակներ անել, համեղ ուտելիքներ պատրաստել եւ այլն։

«Այս իրավիճակը ենթադրում է հանրային ոգին առողջ պահել, ուստի կարծես թե բոլորս ուզում ենք ռազմական թեմաներին մոտիկ լինել, օգնել զինվորին եւ այլն։ Պետք է հասկանանք, որ չենք կարող բոլորս դա անել, քանի որ մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ հնարավորությունները։ Այստեղ պակաս կարեւոր չէ օգնել օգնողներին: Մենք բոլորս փոխկապակցված ենք, եւ այս դեպքում օգնել զինվորին օգնողներին նույնչափ կարեւոր է, որքան առաջնագծում գտնվելը»,- նշում է հոգեթերապեւտը։

Հովսեփյանը խորհուրդ է տալիս այս օրերին չնայել նյութեր, որոնց տեսնելն ուղղակի անիմաստ է։ Դրանք կարող են լինել քաղաքական դեբատներ․ եթե այն ձեր մասնագիտության հետ կապ չունի ու անհրաժեշտ չէ, ուրեմն ավելորդ է։ Իսկ եթե ուզում ենք ժամանակ անցկացնել էկրանի առջեւ, թերթել մեր լրահոսն ու ինչ-որ վիդեոներ նայել, ապա նա խորհուրդ է տալիս նայել տեսանյութեր, օրինակ՝ այն մասին, թե ինչպես են օգտվում զենքից, լեռնային պայմաններում մարտական գործողություններն ինչ առանձնահատկություններ ունեն, ինչպես փախչել, եթե կրակում են մեզ վրա, կամ ուր եւ ինչպես թաքնվել, եթե ռումբ են նետում։ «Այս ամենն անելու դեպքում դուք ձեզ զերծ կպահեք անիմաստ, երբեմն դատարկ մեդիաերկխոսություններից եւ կունենաք որոշակի գիտելիք, որը ձեզ չի խանգարի, նույնիսկ եթե երբեւէ կարիք չլինի դա կիրառելու»,- վստահեցնում է Արամ Հովսեփյանը։

Ցանկացած տեղեկատվություն տարածելիս, լինի դա տեսանյութ, գրառում կամ նկար, անպայման պետք է հաշվի առնել բոլոր այն մարդկանց զգացմունքները, որոնք հիմա մտերիմներ ունեն ռազմաճակատում։ Ըստ մասնագետի՝ այս մարդիկ ապրում են այնպիսի անհանգստություն, որ պարապ այդ խոսակցությունները նրանց խոր ցավ են պատճառում։ «Նույնիսկ այն մարդը, որը չունի կորուստ, բայց ամեն օր քնելիս չգիտի, թե առավոտյան արթնանա ինչ լուր կլսի իր մտերիմի՝ երեխայի, ծնողի կամ ամուսնու մասին, դուք նրան ցավ եք պատճառում։ Մի պահ հիշեք, թե մեզ բոլորիս համար որքան ցավոտ է, որ, տեսնելով մեր կորուստները, աշխարհը շարունակում է իր կյանքով ապրել։ Հիմա այդ նույն բանն եք անում այն մարդկանց հանդեպ, որոնք դաժան կորուստներ են տարել կամ ապրում են կորստի վախով։ Մի փոքր ավելի զուսպ եղեք եւ հանրային տարածքը մի դարձրեք աղբանոց, որը կվնասի բոլորին»,- նկատում է նա։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031