«Ինչպես եւ բազմիցս հայտնել ենք, մեր հերոսական պայքարում մեր քաջ զինվորներից շատերը շարունակում են իրենց համառ եւ ծանր պայքարը»,-ճեպազրույցում նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանին, որը կամավոր մեկնել է ռազմաճակատ, երկար ժամանակ մասնակցել մարտական գործողություններին: Միքայելը նշեց, որ սեպտեմբերի 29-ին զինվորագրվել է, մասնակցել է Հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին:
Նրա խոսքով՝ 1915-ին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության, որովհետեւ չունեինք պետություն ու բանակ, սակայն այսօր ունենք պետություն, բանակ եւ մարտական ոգի, հզոր սփյուռք եւ կարողանում ենք դիմակայել թշնամուն: Նա կոչ արչեց կամավորագրվել եւ մեկնել առաջնագիծ՝ ասելով. «Կա՛մ մենք, կա՛մ նրանք»:
«Մարտական գործողությունների ինտենսիվությունը մի փոքր նվազել է, բայց խնդիրը չի փոխվել, թշնամին, միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ, Թուրքիայի լիարժեք աջակցությամբ շարունակում է պատերազմը»,-ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան՝ իր քաղաքացիներին ուղղված հայտարարությանը, որտեղ կոչ է արվում խուսափել Հայաստանի մի շարք մարզեր այցելելուց, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Կարող եմ ենթադրել, որ իր սեփական քաղաքացիների անվտանգությունից ելնելով է արել, ինչպես նախորդիվ հայտարարվում էր որոշ երկրներում ահաբեկչական վտանգի մասին»:
Կարդացեք նաև
Արցախի նախագահի այն հայտարարությանն էլ անդրադարձ եղավ, որ ադրբեջանական ուժերը Շուշիից 5կմ հեռավորության վրա են գտնվում: «Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, եւ դա նման իրավիճակում նորմալ է»: ՊՆ ներկայացուցչի ձեւակերպմամբ, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պաշտպանության նախարարությունը կարող են ամեն օր էլ մարտակոչեր հնչեցնել, որովհետեւ պատերազմը շարունակվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ