Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքը չի կարա մտնի իմ տուն»

Հոկտեմբեր 30,2020 13:30

Սա է եղել Արայի պատասխանը, երբ ընտանիքի անդամները համոզել են չմեկնել ռազմաճակատ

Արա Մադոյանն էլ հարյուրավոր հայորդիների պես արցախյան վերջին այս պատերազմից չվերադարձավ: Չնայած՝ ընտանիքն ամեն օր սպասում է նրա զանգին: Ընտանիքի հոր կորստի հետ որեւէ կերպ չեն համակերպվում: Որդու՝ Արթուրի ականջը հեռախոսին է, սպասում է, որ հայրը զանգելու է հարցնի՝ «ի՞նչ կա տղես»: Հիմա էլ, երբ մութն ընկնում է, Արթուրը մտածում է, թե ուր որ է հայրը տուն է գալու, բայց հետո հասկանում է, որ այդպես չէ. «Ես մինչեւ կյանքիս վերջ կսպասեմ հորս զանգին»:

«Թուրքը չի կարա մտնի իմ տուն»,-սա է եղել Արայի պատասխանը, երբ ընտանիքի անդամները համոզել են չմեկնել ռազմաճակատ: Արայի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 7-ի երեկոյան: Ասել էր՝ երեք օրից գալու է եւ որ մարտի դաշտում 2 BTR է խփել: Աղջկա՝ Գայանեի պատմելով, հեռախոսն անջատելուց հետո ռմբակոծություն է սկսվել, ծառայակից ընկերները փախչել են, իսկ հայրը չի նկատել ու վիրավորվել է. «Երբ եկել են օգնության՝ հարցրել են, թե ինչո՞ւ չի փախչել, ասել է՝ ընտանիքիս հետ էի խոսում, այնուհետեւ մահացել է։ Վնասվածքը շատ ուժեղ է եղել ու չի փրկվել»։

Որդու խոսքով, հոր բնավորությունը շատերից է տարբերվել, անսահման շատ սիրել է ընտանիքը եւ ամեն ինչ արել է, որ երբեւէ ոչ մի բանի կարիք չունենան. «Ես տան փոքրն եմ ու անբախտը, որը չհասցրեց գոնե եւս մեկ տարի ավել վայելել հորս քաղցրությունն ու ներկայությունը։ Իմ եւ հորս միջեւ սարերի տարբերություն կա բնավորության հարցում, հայրս սիրում էր անդադար խոսել, շփվել բոլորի հետ, եռանդուն ու բարեսիրտ էր։ Չնայած նրան, որ նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց միշտ իմ մտքում ու սրտում է։ Պատերազմ գնալուց առաջ էլ ինձ ասաց՝ տղես, միշտ հիշիր, մարդ այն ժամանակ է մեռնում, երբ նրան մոռանում են, երբեք չմոռանաս։ Հարցրի՝ ինչի՞ է էդպես ասում, ասաց՝ դեռ փոքր ես՝ չես հասկանում։ Այդ խոսքերը երբեք չեմ մոռանա»:
«Կյանքով լեցուն, չափից շատ բարի, ակտիվ, անսահման ու անմնացորդ նվիրվող ընկեր, աշխատասեր ու անկեղծ։ Հոգատար հայր եւ ամուսին, համարձակ ու շատ հետաքրքրասեր»,-իր ամուսնուն այսպես է նկարագրում կինը՝ Հրարփի Մադոյանը։ Կինը պատմում է, որ ամուսնու կողքին միշտ անվտանգ եւ ապահով է զգացել:

Դուստրը՝ Գայանեն, պատմում է, որ հաճախ էին միասին ճանապարհ գնում, աշխույժ երգեր էին միացնում. «Պապան սիրում էր շփվել բոլորի հետ, ասում էր՝ մի ձեռքը ծափ չի տա, շփվեք մարդկանց հետ՝ ճանաչեք, ճանաչվեք, մենակ մի մնացեք, մենակ մարդը բանի պետք չի։ Երգեր շատ էր սիրում, ասում էր՝ տնից թող միշտ երաժշտության ձայն լսվի։ Շատ մաքրասեր էր, ինչքան էլ լավ անեիր՝ գալիս էր եւ մի բան գտնում ու կատակով ասում՝ փնթի, հետո մի լավ ծիծաղում էինք։ Շատ սիրուն ու միաժամանակ թախծոտ ժպիտ ուներ։ Սիրում էր անընդատ պինդ գրկել, երբեք նրա հետ խոսելիս չէիր հոգնի։ Ոչնչից չէր վախենում, քարից էլ կարող էր հաց ստանալ»։

«Ընկեր կոչումը բոլորին տրված չէ, բայց Արոն իմ համար ընկերոջից էլ առավել էր: Շատ-շատ ասելիք ունեմ, բայց բառերը չափազանց քիչ են պատմելու համար։ Արո ջան, ախպեր ջան, աչքս հեռախոսին է, ականջս ձենին, որ հեսա զանգդ գալու է։ Էնքան ծրագրեր ու երազանքներ ունեինք։ Տեղդ ոչ մեկ չի կարա գրավի, Արա ջան, աչքս ճանապարհիդ մնաց, եղբայր ջան…»,- մեզ հետ զրույցում ասաց Արայի մտերիմ ընկերը՝ Արթուր Գրիգորյանը:

Միլենա Կարապետյանն էլ Արայի զոհվելու լուրի հետ ոչ մի կերպ չի համակերպվում: Արան նրա մորաքրոջս ամուսինն էր, բայց այնքան հարազատ են եղել, որ հորեղբոր պես է վերաբերվել. «Հորս հետ եղբոր նման էին, իսկ մորս հետ՝ քույր եւ եղբայր էին։ Շատ աշխույժ մարդ էր, կարծես արյունը մեջը եռում էր, շատ ջիգյարով էր, ինձ էլ միշտ անջիգյար էր կոչում: Ասում էր՝ հաճախ հյուր եկեք, շատ շփվեք, ժամանակ անցկացրեք միմյանց հետ, ամբողջ օրը մի՛ մնացեք այդ հեռախոսների մեջ: Երբ կյանքն ավարտվի, միայն հիշողություններն են մեզ մնալու: Հոպարը ճիշտ էր՝ կյանքը կարճ է, եւ ո՞վ իմանար, որ այդժամ վերջին անգամ էի գրկում նրան»:

Դուստրը հիշեց նաեւ հոր ծառայության տարիները, երբ հայրը լավ ծառայության համար ստացել է ավագ սերժանտի կոչում. «Ծառայությունն ավարտելուց հետո հայրս առաջարկ է ստացել ծառայությունը շարունակելու, սակայն մերժել է»։

Հարազատները պատմում են, որ մի անգամ զինվորական միջոցառման համար քայլերթ էր կազմակերպվել ու բոլոր տղաների ճտքավոր կոշիկների տակ Արան ձիու նալեր էր խփել, որ քայլերթի ժամանակ ավելի հնչեղ լինի։ Միջոցառման ավարտին էլ՝ նախարար Վազգեն Սարգսյանն անձամբ ձեռքսեղմումով շնորհակալություն է հայտնել ու 20 օրով արձակուրդ տվել, եւս 20 օր էլ ավելացրել է գնդապետը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031