Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնվենցիայով սահմանված է` ոչ ոք չպետք է հանձնվի այն պետությանը, որտեղ իրական վտանգ կա

Հոկտեմբեր 30,2020 13:00

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու հարցը ՍԴ-ն քննեց գրավոր ընթացակարգով, եւ հետեւաբար ՍԴՈ -1553 որոշման մասին որոշ մանրամասներ դուրս մնացին՝ կապված կոնվենցիայի հետ:

Ազգային ժողովը նախորդ օրը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի տեղեկացմամբ, այս միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1989թ.-ին եւ այս պահին ուժի մեջ է 36 պետությունների համար:

Հոկտեմբերի 26 -ին Սահմանադրական դատարանը` նախագահող Ա. Դիլանյանի, Վ. Գրիգորյանի (զեկուցող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի կազմով, գրավոր ընթացակարգի շրջանակներում քննեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով բերված դիմումը:
Կառավարությունը հոկտեմբերի 13-ի N 1676-Ա որոշմամբ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել էր Սահմանադրական դատարան:

Որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան էր ներկայացրել հոկտեմբերի 14-ին: Գործի քննության առիթը կառավարության՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Հիշյալ Կոնվենցիան ընդունվել է 1989 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Միավորված ազգերի կազմակերպության 44-րդ նստաշրջանում: Այն ուժի մեջ է մտել, համաձայն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 1-ին մասի, 2001 թվականի հոկտեմբերի 20-ին: Կոնվենցիան ստորագրված է 17 եւ վավերացված՝ 36 պետության կողմից:

Կոնվենցիայի կողմ պետությունները ա) վերահաստատում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ եւ «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան՝ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության մասով միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով ամրագրված նպատակներն ու սկզբունքները, բ) իրազեկ են եղել, որ վարձկանները հավաքագրվում, օգտագործվում, ֆինանսավորվում եւ ուսուցանվում են այնպիսի գործողությունների համար, որոնցով խախտվում են միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են պետությունների ինքնիշխան հավասարությունը, քաղաքական 3 անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշումը, գ) համոզված են եղել, որ վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ Կոնվենցիայի ընդունումը կնպաստի այդպիսի հակաիրավական գործողությունների վերացմանը՝ դրանով իսկ հանգեցնելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակների եւ սկզբունքների պահպանմանը:
Ի դեպ, Կոնվենցիայով սահմանվել է «վարձկան» եզրույթը:

Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ Կոնվենցիան չի հանդիսանում հանձնման հարաբերությունները կարգավորող հիմնական միջազգային պայմանագիր. «Ինչպես Կոնվենցիայով սահմանված, այնպես էլ հանձնման ենթակա այլ հանցագործությունների պարագայում գործում է «հանձնիր կամ դատիր» (aut dedere aut judicare) սկզբունքը։ Ավելին, ոչ ոք չպետք է հանձնվի այն պետությանը, որտեղ իրական վտանգ կա, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, կամ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ, ինչպես նաեւ չհանձնվի այն պետությանը, որի օրենքներով տվյալ հանցագործության համար նախատեսված է մահապատիժ»:

Ի՞նչ կտար Կոնվենցիան ընդունելով:

Ըստ ՍԴ որոշման, Կոնվենցիան ընդունելով՝ կողմ պետությունները հաստատում են, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը եւ ուսուցումը պետք է համարվեն բոլոր պետությունների մտահոգություններն առաջացնող հանցագործություններ, եւ այդ հանցագործություններից որեւէ մեկը կատարած ցանկացած անձ ենթակա է կա՛մ քրեական հետապնդման, կա՛մ հանձնման, եւ ըստ այդմ՝ սույն Կոնվենցիայում ամրագրվել են համապատասխան կանոնակարգումներ: Հայաստանի Հանրապետությունն այս Կոնվենցիայով ստանձնել է հետեւյալ պարտավորությունները, որոնք չեն հակասել ՀՀ սահմանադրությանը: Մասնավորապես. ա) չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկանների եւ արգելել այդպիսի գործողությունները, բ) չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկանների՝ միջազգային իրավունքով ճանաչված՝ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրավաչափ իրականացմանը հակադրվելու նպատակով, եւ միջազգային իրավունքին համապատասխան ձեռնարկել պատշաճ միջոցներ՝ այդ նպատակով վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը կամ ուսուցումը կանխելու համար, գ) Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների համար սահմանել համապատասխան պատիժներ, որոնցով հաշվի է առնվում այդ հանցագործությունների ծանր բնույթը, դ) համագործակցել Կոնվենցիայի կողմ պետությունների հետ Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների կանխարգելման հարցում, մասնավորապես՝ ձեռնարկելով գործնականում կիրառելի բոլոր միջոցները` կանխելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրանից դուրս այդ հանցագործությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածքներում նախապատրաստական աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ արգելելով ապօրինի գործողությունների իրականացումն այն անձանց, խմբերի եւ կազմակերպությունների կողմից, որոնք խրախուսում, դրդում, կազմակերպում են այդպիսի հանցագործություններ կամ մասնակցում են դրանց կատարմանը, ե) համագործակցել Կոնվենցիայի կողմ պետությունների հետ Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների կանխարգելման հարցում:

Ի դեպ, եթե ենթադրյալ հանցագործը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ Հայաստանը նրան չի հանձնում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշված որեւէ պետության (հոդված 9, մաս 2), թ) համոզվելով, որ հանգամանքներն այդպես են պահանջում ենթադրյալ հանցագործի` Հայաստանի տարածքում գտնվելու պարագայում, ՀՀ օրենսդրությանը համապատասխան նրան կալանավորել կամ ձեռնարկել այնպիսի այլ միջոցներ, որոնք ապահովում են նրա ներկայությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է քրեական կամ հանձնման վարույթ հարուցելու համար, եւ անհապաղ իրականացնել փաստերի նախնական քննություն (հոդված 10, մաս 1), այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, անձին կալանավորում է կամ ձեռնարկում է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ միջոց, ապա անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով այդ մասին անհապաղ տեղեկացնել նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետությունների շրջանակին:

Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործով վարույթների կապակցությամբ Կոնվենցիայի կողմ պետություններին` փոխադարձության հիման վրա, տրամադրվում է առավել լայն աջակցություն, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ եղած, վարույթի համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Սույն որոշումը ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031