Նախաձեռնություններ, որոնք նույնպես հաղթանակի գրավական են
Հայրենիքի համար մղվող պայքարում շատ մեծ աշխատանք է տարվում նաեւ թիկունքում։ Մեկն աշխատում է տեղեկատվական դաշտում, մյուսը՝ հագուստ եւ սնունդ է ուղարկում առաջնագիծ, մեկ ուրիշն էլ գումար է փոխանցում հայրենիքին աջակցող տարբեր հիմնադրամների։
Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը, օրինակ, վաճառում է իր լուսանկարներն ու գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Լուսանկարներս վաճառելու եւ գումարը հիմնադրամին փոխանցելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ նկատեցի Ֆեյսբուքում տարբեր նախաձեռնություններ։ Ընկերներիցս մեկն իր ստեղծած զարդերն էր վաճառում, մյուսն էլ իր 30 տարվա կոնյակի հավաքածուն էր վաճառում եւ գումարը փոխանցում հիմնադրամին։ Այդպես ես որոշեցի անել այն, ինչ կարող եմ»,- ասաց նա։
Ըստ լուսանկարչի՝ իր սկսած նախաձեռնությունը բավականին շատ արձագանքներ ստացավ։ «Գնորդներս հիմնականում սփյուռքից են։ Լուսանկարներն արժեն 25.000 դրամ, որից 5000 դրամ շրջանակի, տպագրության եւ ապակու վրա է ծախսվում, իսկ մնացած 20.000 դրամն էլ փոխանցում եմ հիմնադրամին ու քանի որ գումարը կրկնապատկելու հնարավորություն կա, կփորձեմ նաեւ գումարը կրկնապատկել եւ ուղարկել հիմնադրամին»,-ասաց Էդգար Հարությունյանը։
Կարդացեք նաև
«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության ղեկավար Արթուր Օհանյանն էլ ասում է, որ մենք առանց որեւէ ռեսուրս օգտագործելու կարող ենք մեծ գործ անել։
Հարցին, թե ինչպես առաջացավ նախաձեռնության գաղափարը, նա պատասխանեց. «Նախաձեռնությունը ստեղծելու գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ հասկացա, որ բոլորիս տներում էլ անպետք թղթեր կան, որոնք կարող են շատ մեծ օգուտ տալ։ Եվ ես որոշեցի նախաձեռնել այս ակցիան։ Դրա նպատակն է առանց որեւէ ռեսուրս օգտագործելու բանակի հզորացմանն ու Արցախի վերականգնմանը նպաստելը»։
Նա ասում է, որ իրենք թղթերը հավաքում են ամեն օր Մաշտոցի պուրակում։ Կամավորների հետ տեսակավորում են դրանք, այնուհետեւ, ըստ պայմանավորվածության, վերամշակողը գալիս եւ թղթերն արդեն տանում է վերամշակման։ «Մեզ են միացել վարկային, բանկային տարբեր կազմակերպություններ, դպրոցներ, թանգարաններ, շատ մեծ է նաեւ անհատների ակտիվությունը։ Շատ է պատահում, երբ մարդիկ անցնում են պուրակով եւ տեսնում են, որ նման ակցիա կա եւ գնում են ու քիչ անց վերադառնում թղթերով։ Այսօր արդեն ակցիայի վեցերորդ օրն է մեկնարկում։ Նախորդ հինգ օրերի ակտիվությունից գոհ ենք, որովհետեւ նախորդ հինգ օրերի ընթացքում արդեն չորս տոննա թուղթ ենք հավաքել, որը դրամային արժեքով կազմում է մոտ 250.000 դրամ»,- նշեց Արթուրը։
Ըստ նրա՝ ակցիան կշարունակեն այնքան, քանի դեռ իրավիճակը կպահանջի, որովհետեւ պատերազմի ավարտից հետո էլ վերականգնվելու խնդիր կառաջանա։
Տաթեւ Վարդանին էլ ներքնակներ եւ ծածկոցներ է կարում ու ուղարկում առաջնագիծ։
«Երկար ժամանակ մտածում էի, թե ինչպես կարող եմ օգնել մեր հերոսներին, քանի որ անձամբ չէի կարող լինել դիրքերում։ Ցանկանում էի այնպիսի մի բան անել, որի վրա ավելի քիչ ուշադրություն էր սեւեռված, որովհետեւ հագուստ, սնունդ եւ այլ պարագաներ արդեն շատերն էին հավաքում։ Հետո, երբ տեսա, որ կամավորների հոսք էր գնում առաջնագիծ, իսկ եղանակը ցուրտ էր, մտածեցի, որ իրենց հարկավոր կլինեն ներքնակներ ու ծածկոցներ։ Այդպես որոշեցի կարել եւ ուղարկել առաջնագիծ»,- պատմեց Տաթեւը։
Նրա ասելով՝ իր նախաձեռնությանն աջակցելու բազմաթիվ արձագանքներ է ստացել։
«Նախաձեռնության մասին հայտարարությունը իմ ֆեյսբուքյան էջում էի տեղադրել։ Դրա մասին իմանալով՝ ինձ գրեցին եւ զանգահարեցին բազմաթիվ դերձակներ, կարի արտադրամասեր եւ առաջարկեցին իրենց օգնությունը։ Նյութերը գնեցինք (որոշ մասը նաեւ նվիրեցին կամավորներ), տարանք մի քանի արտադրամասեր եւ արտադրամասերի աշխատակիցները կարեցին։ Դրանց որոշ մասն էլ կարել եմ ես իմ ստուդիայում»,- ասաց Տաթեւը։
Կամավորների հետ միասին նա հասցրել է արդեն մոտ 3 մեծ մեքենա բարձ, ներքնակ, վերմակ եւ ծածկոց կարել։ Երկու մեքենան տեղափոխել են ԱԻՆ պահեստ, իսկ մեկը՝ Կամերային թատրոն։
«Մտադիր եմ մի քանի օրից սկսել բժշկական խալաթների արտադրություն, հուսամ՝ ամեն բան կընթանա իմ ծրագրով»,- իր խոսքը եզրափակեց Տաթեւը։
Տեղեկատվական ճակատն էլ ամուր է պահում Ռուբեն Եսայանը (լուսանկարում) իր «Ինստագրադ» նախաձեռնությամբ, որի միջոցով բազմաթիվ հայտնի անձինք այս կամ այն ձեւով իրենց աջակցությունն են հայտնում Արցախին եւ Հայաստանին։
«Նախ ասեմ, որ «Ինստագրադ» անունով ինչ-որ հատուկ խումբ չի եղել։ «Ինստագրադ» բառի գրադ-ը այն զենքն է, որ օգտագործվում է այս օրերին։ Ու Ինստագրամ բառի հետ բառախաղ անելով՝ այդ բառը ստացա։ Ես իմ ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերով որոշեցի թիրախավորել մոտ 10 հայ հայտնիների ու նրանցից մի քանիսի կողմից արձագանք ստացանք։ Ի՞նչ է նշանակում թիրախավորում։ Ես պատրաստում եմ շաբլոն նամակ, որտեղ ներկայացվում է, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում եւ Արցախում։ Ու մենք մի քանի հազար նամակ միանգամից ուղարկում ենք այնպիսի մարդկանց, ովքեր որեւէ կապ ունեն հայերի հետ, կամ ազգությամբ հայ են, կամ կապ չունեն հայերի հետ, բայց մի շարք մարդասիրական նախաձեռնություններ են իրականացնում։ Իսկ ինչո՞ւ ենք միանգամից շատ նամակներով թիրախավորում հայտնիներին, որովհետեւ շատ մեծ հայտնություն ունեցող մարդիկ անընդհատ ստանում են միլիոնավոր նամակներ ու որպեսզի մեր նամակն իրենց համար տեսանելի լինի, պետք է շատ մեծ խմբաքանակով նամակ ուղարկել նրանց։ Ու նկատեցինք, որ արդյունք կա»,- պատմեց Ռուբենը։
Նա նշեց, որ «Ինստագրադ»-ի մասնակիցների թիվն անցնում է 50.000-ը։ Մեկ օրում նախաձեռնությանը միանում էր 10.000-20.000 մասնակից, իսկ արդյունքները սպասվածից ավելին են։ «Մեր թիրախավորումից հետո մեզ իրենց աջակցությունն են հայտնել այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են ռեփեր Քարդի Բիի ամուսին Օֆսեթը, Դուեյն Ջոնսոնի հայազգի կինը, Սելենա Գոմեսի մենեջերը, National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմեյերը եւ այլ անձինք։ Ես վստահ եմ՝ մեր հաջողություններն ավելի են մեծանալու»,- եզրափակելով իր խոսքը՝ ասաց Ռուբենը։
Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՀԺ-ի
«Առավոտ» օրաթերթ
29.10.2020