Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավերում են ժամանակավորապես իրենց վերահսկողության ներքո անցած բնակավայրերերը, ինչի նպատակն է հետագայում կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձը:
Ականատես ենք այն բանին, որ մի կողմից հաստատում ենք հրադադար Ադրբեջանի հետ, սակայն ռազմաճակատում կրակի ինտենսիվությունը չի նվազում, այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական Ժնեւում հոկտեմբերի 30-ին նախատեսված հանդիպման կայացումը: Հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, ինչո՞ւ օրը փոխվեց, եւ ինչ օրակարգով է լինելու հանդիպումը: Այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց. «ՀՀ արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնելու է Ժնեւ, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, սա միակ ձեւաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին որեւէ տեղեկություն ունեմ:
Հանդիպման օրը փոխվելու մասին ասեմ, որ հանդիպումը պայմանավորված է իրավավիճակային եւ լոգիստիկ որոշակի հանգամանքներով եւ դրանցից ելնելով: Ինչ վերաբերվում է օրակարգին, բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է, եւ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է եւ դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով, հենց այդ հարցերի շուրջ ենք մեկնում Ժնեւ»:
Հաջորդ հարցերն այն մասին էին, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանը որոշեց խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին, այժմ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ, ինչ գործողություններ են արվել կամ նախատեսվում դեսպանի՝ հետ կանչելուց հետո: «Այս պահի դրությամբ դեսպանը շարունակում է մնալ Երեւանում, նա չի մեկնել Իսրայել: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի զենքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ, ոչ մեկ-երկու անգամ: Սկզբունքային է դիրքորոշումը, որ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, ինչին ականատես ենք եղել այս մեկ ամսվա ընթացքում»:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով Ալիեւի թվիթերյան այն հայտարարությունը, որ իրենք տեսնում են Ղարաբաղի ապագան որպես խաղաղ տարածք, եւ իբր իրենց ներդրումների եւ երկրի վերականգնման փորձով կարող են շրջանը վերածել աշխարհի ամենաբարեկեցիկ վայրերից մեկը, Աննա Նաղդալյանը նշեց. «Ինչպես Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները տեղում, որոնց մենք ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին:
Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության, ենթակայության ներքո: Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք ի պատասխան Ադրբեջանի նախագահի այս հայտարարության առավել քան խոսուն են:
Ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները եւ անգամ համավարակի պայմաններում՝ բժշկական հաստատությունները: Հրետակոծումը հիմնականում իրականացվել է միջազգայնորեն արգելված կասետային եւ այլ զինատեսակներով, որոնց հիմնական նպատակն է առավել մեծ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը, առաջնագծից հեռու գտնվող երեխաներին եւ կանանց:
Ժնեւյան կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքեր են արձանագրվել նաեւ Հադրութի շրջանում, երբ մենք տեսել ենք գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը, որոնցից մեկը տարեց Արցախի քաղաքացի էր: Այս ամենը տեսագրվել եւ սոցցանցերում տարածվել է հենց ադրբեջանական կողմից, որոնք արժանացել են ադրբեջանական հանրության լայն գովասանքին եւ հպարտության առարկա են դարձել: Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավերում են ժամանակավորապես իրենց վերահսկողության ներքո անցած բնակավայրերերը, ինչի նպատակն է հետագայում կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձը»:
Իսրայելի կողմից Ադրբեջանը զինելու մասին էլ ասաց. «Ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն ապրած ժողովուրդը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսեւորող եւ ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետությունների»:
Արդյոք Հայաստանն ակնկալիքներ ունի՞ Իրանից, մասնավորապես խոսքը գնում է Արաքսի երկայնքով նոր զորամիավորումների տեղակայմանը եւ երկրի հյուսիսում զորավարժությունների անցկացմանը: Ինչ առաջարկներով է Հայաստան եկել Իրանի ԱԳ նախարարի տեղակալը եւ ինչպես է հայկական կողմն արձագանքում այն առաջարկներին, որոնք բարձրաձայնվել են բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Բաքվում: Այս հարցի մասին էլ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց. «Այս պահին ընթանում է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ, եւ ես չէի ցանկանա իրանական կողմի որեւէ առաջարկ կամ քայլ մեկնաբանել միայն մամուլից ստացված տեղեկությունների հիման վրա»,-ասաց Աննա Նաղդալյանը:
Հավելեց, որ Իրանը Հայաստանի հարեւան երկիրն է. «Թուրքիայի կողմից ահաբեկիչների տարածաշրջան ներմուծմամբ ագրեսիան, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների թուրքական ազդեցության գոտի եւ ահաբեկչության կենտրոն դառնալու որոշումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի երկրների համար, այդ առումով Իրանը նույնպես բացառություն չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ