Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի հարցազրույցը FIRSTonline լրատվական կայքին
Հարց․ Ինչո՞ւ, չնայած կոչերին, հակամարտությունը չի դադարում: Ի՞նչն է պատերազմի և դրա վերսկսման հիմքում:
Ծովինար Համբարձումյան․ Արդեն երրորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվում՝ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 24-ին համապատասխանաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, որոնցից երեքն էլ, ինչպես տեսաք, խախտվեցին Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ ալյանսի կողմից։ Կարծում եմ՝ սա ոչ միայն մարտահրավեր է հայ ժողովրդի, այլ նաև այս երեք գերտերությունների համար։ Ընդ որում, յուրաքանչյուր պայմանավորվածությունից հետո Էրդողանը ոչ միայն թույլ չտվեց եղբայր Ալիևին կանգնեցնել պատերազմը, այլ ամեն անգամ շատ ցուցադրական կերպով և սպառնալիքներով ի ցույց դրեց, որ Թուրքիան է այսօր աշխարհի տերը, և ոչ ոք իրավունք չունի իրեն խորհուրդ տալ։
Իսկ ինչո՞ւ է Թուրքիային ձեռնտու, որ կրակի դադարեցում չլինի։ Ես նշում եմ Թուրքիային, քանի որ Ադրբեջանն այլևս չի տիրապետում իրավիճակին, այն պարզապես ենթարկվում է Թուրքիայի որոշումներին։ Իսկ խնդիրներն այստեղ շատ ավելի ընդգրկուն են, քան զուտ Ղարաբաղի խնդիրն է։ Սա Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության կյանքի կոչման հստակ ծրագիր է։ Այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան իրականացնում է Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Հունաստանի և Կիպրոսի հանդեպ, ինչպես նաև գերտերությունների և նրանց ղեկավարների հանդեպ Էրդողանի աննախադեպ ամբարտավան պահվածքի համատեքստում:
Կարդացեք նաև
Հարց․ Ի՞նչ է պետք զենքերը լռեցնելու համար:
Ծովինար Համբարձումյան․ Ամենաանսպասելին այս պատերազմում Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավումն էր։ Ո՞վ կարող էր սպասել, որ Ադրբեջանն այնքան արժանապատվություն չի ունենա, որ 150 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար կներգրավի Թուրքիային և ջիհադիստ ահաբեկիչների։
Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ։ Զենքերը կլռեն այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը հստակ կգիտակցի այն վտանգը, որ վարձկան ահաբեկիչները ներկայացնում են նաև իրենց տարածաշրջանի համար, երբ հստակ կգիտակցի այն վտանգը, որ Էրդողանի նեոօսմանական քաղաքականությունն է ներկայացնում իրենց համար, այն վտանգը, որ ներկայացնում է քաղաքակիրթ աշխարհի հանդուժողականությունը Էրդողան-Ալիև տանդեմի՝ ստի և շանտաժի վրա հիմնված քաղաքականության նկատմամբ։
Միջազգային հանրության, Եվրոպայի համար սա տագնապի ազդանշան պետք է լինի ադրբեջանական և թուրքական կողմերին ամենախիստ միջոցներով պարտադրելու տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու և ռազմական գործողությունները օր առաջ դադարեցնելու համար։
Հարց․ Գարեգին Բ-ն՝ հայոց Պապը, ինչպես նրան են կոչում են իտալացիները, Repubblica-ին վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե ոչինչ չձեռնարկվի Ադրբեջանին կանգնեցնելու համար, հայերին վիճակված է նոր ցեղասպանություն։ Ի՞նչ եք կարծում, մենք կրոնական պատերազմի առա՞ջ ենք կանգնած՝ քրիստոնյաներ ընդդեմ մահմեդականների:
Ծովինար Համբարձումյան․ Իսկ ինչպե՞ս կարելի է անվանել այն գործողությունները, որ այսօր իրականացնում են Թուրքիան ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում, եթե ոչ ցեղասպան գործողություններ, երբ ռմբակոծվում է ողջ քաղաքացիական ենթակառուցվածը, շենքերը, հիվանդանոցները, շտապօգնության մեքենաները, ճանապարհները, էներգետիկ և ջրի սպասարկման ենթակառուցվածքները, և անգամ եկեղեցիները։ Ինչպե՞ս սա կարելի է անվանել։ Սրանով վերոնշյալ երկու երկրները ստեղծում են այնպիսի պայմաններ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այլևս չկարողանա վերադառնալ սեփական բնակավայրերը՝ միաժամանակ փորձելով սրբել այստեղից հայերի քրիստոնեական մշակութային հետքը։
Դրանով հանդերձ խնդիրը երբևէ չի ունեցել կրոնական բաղադրիչ։ Այդ Ադրբեջանն է, որ մահմեդական աշխարհի համակրանքը իբրև թե շահելու համար մշտապես փորձեր է անում հակամարտությանը հաղորդել կրոնական բնույթ։ Ադրբեջանի կողմից հայության քրիստոնեության գոհար Արցախի Շուշի քաղաքի Մայր տաճարի ռմբակոծումը նույնպես կարելի է դիտարկել կրոնական թշնամանք հրահրելու համատեքստում։ Մահմեդական երկրների մեծ մասը շատ ավելի լավ հարաբերություններ ունեն Հայաստանի, քան նույն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Հարց․ Մինսկի խումբը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) աշխատում է ձեզ առաջարկվելիք փաստաթղթի վրա. Ի՞նչ պետք է պարունակի այն ձեր կարծիքով:
Ծովինար Համբարձումյան․ Մինչև փաստաթղթի մասին խոսելը նախ պետք է պատերազմը կանգնեցվի։ Իսկ ապագա փաստաթղթում, անշուշտ, պետք է ամրագրվեն այն սկզբունքները, որոնք կողմերի միջև համաձայնեցվել են, և որոնց շուրջ բանակցություններ են ընթանում արդեն մեկ տասնամյակից ավելի։
Ցավոք, այդ սկզբունքները վերջնական չեն նյութականացվել կարգավորման փաստաթղթում, քանի որ ամեն անգամ, երբ արդեն ամեն ինչ համաձայնեցված է, և Հայաստանը հայտնում է իր փոխզիջման սահմանը, Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից և սկսում է նոր պահանջներ առաջ քաշել։ Կազանի հանդիպումը դրա վառ օրինակն է։
Ադրբեջանը նաև կոպտորեն խախտել է բանակցությունների հիմք հանդիսացող երեք սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը՝ արգելված զինատեսակներով թիրախավորելով Արցախի խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Կարծում եմ այս արատավոր պրակտիկային պետք է հստակ գնահատական տրվի։ Քանի դեռ աշխարհը կոռեկտություն է պահպանում և բոլոր կողմերին հավասարապես կոչ է անում հարգել պայմանավորվածությունները, Ադրբեջանը շարունակելու է նույն կերպ։
Հարց․ Եվ ի՞նչ եք ակնկալում բոլոր մեծ և միջին տերություններից, որոնք քիչ թե շատ առաջին պլանում են՝ Ռուսաստանն ու Թուրքիան առաջին հերթին:
Ծովինար Համբարձումյան․ Ինչպես արդեն նշեցի, բոլոր մեծ, միջին և փոքր պետություններից ակնկալում ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս հանգիստ թողնի Հարավային Կովկասը, նեոօսմանական պլանները և վերադառնա իր երկիր։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, վերջինս առաջին իսկ օրվանից հնարավոր բոլոր մակարդակներով ամենօրյա կապի մեջ է Հայաստանի հետ, և անում է հնարավոր ամեն բան պատերազմը դադարեցնելու համար։ Թուրքիան որևէ ձևով չի կարող միջնորդ հանդիսանալ այս հակամարտությունում, քանի որ ակնհայտ և ամբարտավան կերպով սատարում է հակամարտության կողմերից մեկին։
Հարց․ Եվ ի՞նչ եք ակնկալում Իտալիայից:
Ծովինար Համբարձումյան․ Իտալիայից մեր ակնկալիքն այն է, որ շարունակի անվերապահ աջակցություն հայտնել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ջանքերին, ինչպես նաև որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր՝ հորդորի Թուրքիային ետ քաշել իր ահաբեկիչներին Ադրբեջանից և դադարեցնել ռազմական գործողությունները։ Ես չեմ խոսում Ադրբեջանի մասին, քանի որ ինչպես նշեցի, նա այլևս որևէ վերահսկողություն չունի իրավիճակի վրա։
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մարդասիրական լուրջ ճգնաժամի առջև է, ինչը միջազգային հանրությունը, այդ թվում և Իտալիան, չեն կարող հաշվի չառնել։
Հարց․ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի ճանաչվել մեծ տերությունների, և միայն վերջերս՝ Հայաստանի կողմից. Ինչպե՞ս եք դա բացատրում:
Ծովինար Համբարձումյան․ Ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ֆիզիկական ոչնչացումից փրկելու միակ միջոցը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի՝ Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին:
Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպեսզի չվնասի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, որպեսզի չկանխորոշի բանակցությունների ելքը։ Կարծում եմ՝ գնալ բանակցությունների՝ արդեն դրանց արդյունքը նախապես կանխորոշած, անօգուտ վարժություն է։ Երբ Հայաստանը պարտավորություն է ստանձնում՝ ի տարբերություն մեր հարևանների, հարգանք ունի իր խոսքի և ստանձնած պարտավորության նկատմամբ։
Հարց․ Ի՞նչ եք կարծում, զենքերի լռելուց հետո կարելի՞ է դիտարկել նաև Մինսկի խմբի նախկին նախագահ Մարիո Ռաֆաելիի առաջարկը՝ իտալական Ալտո Ադիգե Հարավային Տիրոլի տարածաշրջանի նմանությամբ տարածքի կանոնադրության մասին:
Ծովինար Համբարձումյան․ Այս հարցին պատասխանելուց առաջ կառաջարկեի մի մտավարժանք իրականացնել։ Մի պահ պատկերացրեք, 150 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել ազատության պայքարի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Խենթություն է թվում, չէ՞։ Եթե անգամ ունի 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի անվտանգային երաշխավորությունը։
Ռուսաստանի նախագահն օրերս Վալդայան ակումբի իր ելույթում առաջին անգամը լինելով հստակ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է էթնիկ առճակատումից և հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններից։ Ինչու՞ է, Ձեր կարծիքով, այս ժողովուրդը կյանքի և մահու պայքար մղում Ադրբեջանի հետ համակեցությունը բացառելու համար։ Եվ ինչպես տեսնում եք, գերադասում է մեռնել, քան ապրել Ադրբեջանի կազմում։
Դեռևս խորհրդային տարիներին Ադրբեջանը ճնշել է թե ադրբեջանական քաղաքներում բնակվող, թե Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, իրականացրել էթնիկ զտումներ և մշակութային ցեղասպանություն, այնուհետև սանձազերծել լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ արդեն երրորդ անգամ։
Ադրբեջանական պետական քարոզչամեքենան իր դպրոցականներին սովորեցնում է ատել հայերին և հայերին անվանում է թիվ մեկ թշնամի։ Ադրբեջանցի սպան կացնով սպանում է գիշերը քնած հայ սպային ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ, այնուհետև իր երկրում հերոսացվում և արժանանում պարգևների։ Ադրբեջանը բերում է ջիհադիստ ահաբեկիչների կռվելու հայերի դեմ, ռմբակոծում Լեռնային Ղարաբաղի կենսական ենթակառուցվածքները։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել…
Իտալիան վերոնշյալներից որևէ բան արե՞լ է Հարավային Տիրոլի բնակչության նկատմամբ: Ինչպե՞ս կարող ես ատել հայերին, անվանել նրանց թիվ մեկ թշնամի և ցանկանալ այս մարդկանց ինտեգրել քո երկրի կազմում։ Եվ վերջապես Լեռնային Ղարաբաղն ուզում է զարգանալ ժողովրդավարության ճանապարհով։ Ինչպե՞ս կարելի է ստիպել այդ մարդկանց իրենց կյանքը կապել մի կոռումպացված դիկտատուրայի հետ։
Ես կարծում եմ, որ համեմատել Հարավային Տիրոլի խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, նշանակում է Ադրբեջանը համեմատել Իտալիայի հետ։
Հարց․ Շատ դիտորդների համար անհնար է դուրս գալ ստեղծված իրավիճակից, եթե ի վիճակի չեք ինչ-որ բան կորցնել: Մյուսները նույնիսկ կարծում են, որ հակամարտության միակ լուծումն այն է, ինչը քաղաքական-դիվանագիտական իմաստով կոչվում է “loose-loose”՝ բոլորը պարտված են: Ի՞նչ եք կարծում:
Ծովինար Համբարձումյան․ Անկեղծ ասած, իմ պատկերացումը հակամարտության լուծման վերաբերյալ մի-փոքր տարբերվում է Ձեր նշած մարդկանց պատկերացումից. ես այն կանվանեի «win-win», ոչ թե «loose-loose»: Հայաստանի վարչապետն իշխանության գալու առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
Ինչպես միշտ այսօր ևս Հայաստանը պատրաստ է գնալ ողջամիտ փոխզիջումների՝ հանուն տարածաշրջանում խաղաղ համակեցության, հանուն տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճման ու հանուն մեր ապագա սերունդների խաղաղ ապագայի։ Հայկական կողմի համար ամենաէականը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր պատմական հողում անվտանգ ապրելու իրավունքն է։ Ստեղծված պայմաններում Արցախի ժողովրդի էքզիստենցիալ սպառնալիքի ներքո այս իրավունքի իրացման միակ ճանապարհը Արցախի անկախության ճանաչումն է։
Հարց․ Տիկին դեսպան, ինչ-որ մեկը գրել է, որ մոլորակի վրա գոյություն չունեն երկու ժողովուրդներ, որ ավելի շատ ատում են միմյանց ավելի քան ադրբեջանցիներն ու հայերը, և որ խորհրդային ժամանակների խաղաղ գոյակցությունը պատրանք էր. Ձեր կարծիքով դա ճի՞շտ է:
Ծովինար Համբարձումյան․ Ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը պետական մակարդակով քարոզում է հայատյացություն։ Ատելությունը մարդու երակներում չի հոսում, այն առաջանում է քարոզչության ընթացքում։ Ես կտարանջատեի Ադրբեջանի ժողովրդին և Ադրբեջանի իշխանությանն այս հարցում, քանի որ ժողովուրդն ինքը իր իշխանության զոհն է։ Որքան Ադրբեջանի ղեկավարությունը չի սիրում հայ ժողովրդին, այդքան էլ չի սիրում իր սեփական ժողովրդին, այլապես հարգանք կունենար գոնե իր զոհված մարտիկների մարմինների, առավել ևս վիրավորների և ռազմագերիների նկատմամբ։
Ադրբեջանի կողմից վերջին մեկ ամսվա սանձազերծած պատերազմը ժամանակային առումով էլ ավելի հեռացրեց հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության հնարավորությունը։ Ինչպես կարող է երկրի ղեկավարը բացարձակապես չմտածել իր սեփական շահերից անդին, թե ինչպիսի երկիր է թողնում ապագա սերունդներին։ Չէ՞ որ հակամարտության լուծումից հետո դեռ պիտի կարողանան մեր ժողովուրդները հաղթահարել տասնամյակներով սերմանված թշնամության մթնոլորտը և ապրել խաղաղ համակեցության պայմաններում։