Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ․ «Իրանի փոխարտգործնախարարը բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ է անում»

Հոկտեմբեր 29,2020 20:30

«Իրանի փոխարտգործնախարարը բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ է անում եւ փորձում է կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության արդյունավետությունը։ Իրանն, ըստ էության, փորձում է առանձին խաղ սկսել, որը նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանն են ցանկանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին գործընթաց սկսել եւ համանախագահող երկրներից Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին դուրս մղել գործընթացից, ինչը, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչիի՝ Մոսկվա ժամանելուց հետո արած  հայտարարությանը։

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ծրագիր ունի, որը երկարատեւ խաղաղություն կբերի Ղարաբաղում։ Այսօր Իրանի փոխարտգործնախարարը Մոսկվա այցից հետո ծրագրից մանրամասներ է ներկայացրել․ «Իրանի պլանը առաջին փուլում նախատեսում է երկրների կողմից պահպանել որոշ սկզբունքներ, օրինակ, վերջ դնել օկուպացիային, հարգել տարածքային ամբողջականությունը, հարգել ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, հումանիտար իրավունքներն ու փոքրամասնությունների իրավունքները, թույլ չտալ քաղաքացիական բնակչության և օբյեկտների վրա հարձակումները»։

Արաղչին նաև հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անկարողությունն ու անարդյունավետությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում․ «Արդեն 30 տարի է՝ Մինսկի խումբը ձևավորված է, սակայն չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծում գտնել»։

Արմեն Վարդանյանն ուսումնասիրել է իրանական մամուլը,  եւ այնտեղ տեղ գտած իրանցի որոշ քաղաքագետներ արդեն հայտարարել են, որ Իրանը առաջարկելու է իր ուշագրավ ծրագիրը․ Հայաստանը, իրանցիների ձեւակերպմամբ, պետք է վերադարձնի օկուպացված տարածքներն Ադրբեջանին, այնտեղ ազգային  փոքրամասնությունները,  տվյալ դեպքում՝ հայերը, պետք է ապահով ապրեն։ Այս ծրագիրն, իհարկե, չի բխում հայերի շահերից։

Արմեն Վարդանյանը նկատում է՝ Իրանը այս ամենը դեռ պաշտոնապես չի հաստատել․ «Իսկ օրինակ՝ ադրբեջանական մամուլը գրում է, որ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նույնիսկ շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ, գլուխ է խոնարհել զոհվածների համար։ Այսինքն, ակնհայտ է, որ Իրանի ծրագիրը բացահայտ ադրբեջանամետ  է, որը պաշտոնական Երեւանը չի կարող ընդունել, եւ ես վստահ եմ, որ կմերժի»։

Հայաստան-Իրան հարաբերությունները գոնե հայկական կողմը մշտապես դրական եւ բարեկամական է բնութագրել։ Ինչո՞ւ Իրանը ոչ հայամետ ծրագիր ներկայացրեց։ Այս հարցին ի պատասխան՝ իրանագետն ասաց՝ Իրանի վարքագիծը վերջին օրերին շատ երկակի է, եւ ինչ-որ առումով՝ անհասկանալի․ «Մի կողմից այդ երկրի իշխանությունն ամեն կերպ թույլ չտվեց, որ հակահայկական եւ թուրքամետ բողոքի ցույցեր  լինեն իրենց երկրում, մի շարք  քաղաքներում ծագումով ատրպատականցի թուրքերը  հակահայկական բողոքի ցույցեր են արել, բայց ոստիկանությունը ժամանում  էր, ձերբակալում, ռետին մահակներով եւ արցունքաբեր  գազով ցրում ցույցերը։

Ադրբեջանի իշխանությունը որոշ մտավախություն ուներ, որ Իրանի տարածքով Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում, եւ այդ հարցը բարձրացվել է, սակայն Իրանը չի հաստատել։ Այնուամենայնիվ, Իրանի վարքագիծն անհասկանալի է։ Նախ՝ այդ Ադրբեջանում Իրանի դեսպանը ակնհայտ ադրբեջանամետ գրառումներ է անում թվիթերում, ցավակցություն է հայտնում Գյանջայի  եւ Բարդայի զոհերի համար, այն դեպքում, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը նման ցավակցություն հայկական կողմին չի հայտնել»։

Արա հետ մեկտեղ, ինչպես նկատեց պարոն Վարդանյանը, Իրանը սկսել է առանձին սեփական խաղն այս հակամարտությունում, փորձում է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային դուրս մղել  գործընթացից, եւ սա բխում է Թուրքիայի շահերից․ «Տարիներ շարունակ նույնն է ցանկացել Թուրքիան՝ այստեղ սիրիական Աստանա-2 ձեւաչափը պրոյեկտել։ Հիշեցնեմ՝ այդպես սիրիական խնդրի լուծման համար երեք պետություններ էին ներգրավված՝ ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը։ Հիմա մոտավոր նույնն է ուզում։ Եվ պատահական չէ, որ Իրանի փոխարտգործնախարարը մեկնում է Մոսկվա, Անկարա, Երեւան, Բաքու։ Այս ամենը միանշանակ չի բխում ՀՀ շահերից, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան բավական հավասարակշռող են այս հակամարտությունում։ Ես վստահ եմ, որ ՀՀ-ն մերժելու է իրանական ծրագիրը»։

Արմեն Վարդանյանը հույս հայտնեց, որ այս գործընթացում Իրանը Հայաստանի թիկունքից չի հարվածում․ «Հույս ունեմ, որ Իրանը հակահայկական խաղ չի խաղում, չնայած որ վերջին օրերին իրենց պահվածքն անընդունելի է»։

Իրանագետը նկատեց՝ միեւնույն ժամանակ Իրանը բազմիցս հայտարարել է, որ անընդունելի  է ահաբեկիչների տեղակայումը, եւ մյուս կողմից էլ զարմանալի է,  որ ասում է՝ այդ տարածքները պետք է  տալ Ադրբեջանին, այն դեպքում, երբ այդ նույն տարածքներոմ կան ահաբեկիչներ, եւ պարզ  չէ, թե ինչ է լինելու հետագայում․«Այնպես որ, հայկական դիվանագիտությունը պետք է աշխատի եւ լավ աշխատի»։

Պարոն Վարդանյանը զարմանում է, որ Իրանը կարող է Ադրբեջանի հետ խաղ սկսել․«Քանի որ Ադրբեջանը մշտապես հարվածել է Իրանի թիկունքից։ Ադրբեջանը Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունի, եւ կար ժամանակ, երբ իր երկիրը վերածել էր հակաիրանական հարթակի՝  իսրայելական հետախուզական ԱԹՍ-ները հենց Ադրբեջանից էին ներթափանցում Իրանի տարածք, մի քանի անգամ էլ խոցվել են։ Մեկ անգամ չէ, որ հակաիրանական գործողություններով Ադրբեջանն աչքի է ընկել, դրա համար էր Իրանի պահվածքն անհասկանալի է, եւ հույս ունեմ, որ դրանք կմնան որպես խոսքեր, բայց գործնականում որեւէ աջակցություն ցույց չի տա Ադրբեջանին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031