Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանը զինվորներին շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը. բանակի պատշար, բանակի երգիչ ու մարզիկ, բանակի հոգի Գոռը էլ չկա

Հոկտեմբեր 29,2020 20:00

Կոնսերվատորիայի փայլուն ուսանողներից Գոռ Թումանյանը, որը միջազգային բոլոր մրցույթներից մրցանակներով  ու մեծ փառքով էր վերադառնում, փառքով պսակեց իր անունը նաեւ Արցախում:

Գոռը երազում էր «Լա Սկալա» օպերայում ելույթ ունենալ ու արդեն հրավերներ էր ստացել Իտալիայից: Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա: Չհասցրեց: Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ արդեն մնացել է 3 ամիս, որ զինծառայությունն ավարտի, հանգիստ, պատրաստված կգնա:

Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը Aravot.am-ի հետ զրույցում այնպիսի դրվագներ էր պատմում ռազմի դաշտից՝ Գոռի վերջին օրերի սխրանքներից, որ ուղղակի ապշեցնում են. «Ես Գոռի վերջին օրերին իր հետ եմ եղել կռվի դաշտում, միասին ենք վերջին 27 օրն անցկացրել: Ես կամավոր գրվեցի ու գնացի որդուս մոտ, առաջին իսկ օրից իր կողքն եմ եղել, հեսա, մեր հետ կռվող տղերքը հիմա իմ կողքն են, իրանք կարան ասեն՝ Գոռն ինչ տրամադրությամբ էր ծառայում: Գոռը մեզանից ուժեղ էր, մեզանից ավելի դուխով, ավելի պատրաստված, միայն պատրաստ էր, որ հրամանը կատարեր: Շատ ուժեղ էր, շատ ուրախ, իրեն «Քաջարի մարտիկ» մեդալի համար էին ներկայացրել մոտ 1,5 ամիս առաջ՝ մինչեւ պատերազմը, որովհետեւ դիրքի պահպանման համար գործ էր արել: Իր բոլոր կամանդիրները, ով տեսնում էր, ասում էր՝ ամեն մեկս մեր փայով պիտի խրախուսենք Գոռին, որովհետեւ նա լուրջ զինվոր է:

Նույնիսկ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, երբ որ նախագահը գալիս էր, Գոռին դե տանում էին, երգում էր, ասում էր՝ Գոռ ջան, ինչ լավ զինվոր ես: Էնքան գոհ էր, որ նույնիսկ մի անգամ զինվորներին շարել էր, ասել էր՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ: Ախր մեծ ծրագրեր ունեինք, մենակ մենք չունեինք, ամբողջ Կոնսերվատորիան ուներ, որովհետեւ ինքը չկար մի տեղ, որ գնար ու չհաղթեր: Ինքը որ երգում էր, ոնց որ միանգամից 50 հոգու ձայն հաներ: Հիշում եմ՝ պոլկում երգում էր, ձայնն արձագանքում էր: 20 տարի պահեցի, 20 վայրկյան չտեւեց, մի վայրկյան, մի ակնթարթ էր…Գոնե լավ էր՝ չտանջվեց: Իր հետ եղած մյուս վիրավորները մահացան, ինքը լավ է չտանջվեց, որովհետեւ ես էդ տանջանքը չէի կարող տանել»,-հերոս որդուն կորցրած հայրը մի կերպ արտաբերեց կոկորդում սեղմող այս բառերը, որոնք անգամ ծանր է լսել:

Մի տեսակ կարծրատիպ կար, թվում էր, թե երաժշտության ասպարեզի մարդիկ, արվեստի մարդիկ ռազմի դաշտի հետ քիչ առնչություն ունեն, բայց արի ու տես, որ Գոռը համատեղում էր իր մեջ ամեն ինչ: Բանակի շտապօգնությունն էր: Գոռի հայրիկի խոսքով՝ «Բանակում էլ զարմանում էին, ասում էին՝ Գոռ, դու հիմա երգի՞չ ես, բաքսյոր ես, սպորտսմեն ես, ի՞նչ ես: Որովհետեւ նույնիսկ, երբ տղերքը հարցեր կային, որ չէին կարողանում կառավարեին, ասում էին՝ Գոռ, մի հատ ասա, թող անեն: Ինքը շատ կարգին տղա էր: Ես, որպես նախկին մարզիկ, իրան միշտ բոքս (բռնցքամարտ) եմ պարապացրել, ինքը շատ մարզված էր, սիրված: Դրա համար երբ ինքը խոցվեց, հիշում եմ՝  զինվորները լացելով մեզ օգնում էին ու դին իջացնում: Մենք էդ օրը 4 զոհված զինվոր իջեցրինք դիրքից ու բոլորին ես բերեցի Հայաստան, որից մեկը Գոռս էր: Կողք կողքի ենք կռվել: Ես իրենից ընդամենը 10 մետր հեռու էի, երբ «սնարյադը» խփեց»:

Հարցին՝ ընտանիքի անդամները ո՞նց եք հաղթահարում վիշտը՝ Գոռի հայրը պատասխանեց. «Ժողովուրդը գալիս է խոսում ենք, ցրվում ենք, բայց որ մենակ ենք մնում, չենք իմանում ինչ անենք: Նկարը տեսնում ենք՝ լավ չենք լինում: Հիմա էլ հուզվում եմ: Չես պատկերացնի էնտեղ ինչ էր կատարվում»:

Համացանցում Գոռի վերջին երգի տեսանյութն է տարածված: Հայրը պատմեց, որ տեսանյութում երեւացող հենց նույն արկղի մոտ էլ զոհվել է Գոռը. «Մենք այդ արկղը խալադելնիկ էինք ասում, ուտելիքն այնտեղ էինք հավաքում, բոլոր տղերքը գալիս էին, այդտեղ էինք հաց ուտում: Այդտեղ փոսեր էին, մնում էինք, որ սնարյադները գալիս էին, հետո դուրս էինք գալիս, մեր անելիքն անում: Դրանք ոնց որ  ժամ ունեին խփելու, մենք էլ գիտեինք, բայց էդ վերջին օրերը ահավոր էր, անդադար խփում էին: Ասում են՝ այդ ընթացքում ավելի շատ զենք-զինամթերքով են խփել, քան 90-ականների ողջ պատերազմի ժամանակ, այդ մի կես օրվա ընթացքում ավելի շատ բոմբ են թափել: Ես ուղղակի զարմացած եմ, թե ոնց եմ ողջ մնացել, դաժե իմ վրա խազ չի եղել»:

Այս ահռելի մեծ ուժով օժտված մեր հերոսի հորը՝ Սեյրան Թումանյանին երբ հարցրեցինք՝ նորից գնալո՞ւ եք սահման, պատասխանեց. «Ուզում եմ այդ հատվածում հլը տանեմ դրոշը կախեմ, ուղղակի հիմա կողմնորոշում չունեմ՝ ինչ է կատարվում իմ հետ…Ափսոսանքս շատ մեծ է, գիտեք, ինքը ընդհանրապես սխալ չուներ: Թե՛ իր գործի մեջ էր ուժեղ, թե՛ զինվորական: Ինքը բանակում դառել էր պատշար, պատեր էր շարել, բլինդաժներ էր սարքել՝ երեխեքին պահապան, այն, որ այդտեղ բոմբեր չէր ընկնում, դա Գոռի շնորհիվ էր, դրա համար հրամանատարները Գոռին շատ էին սիրում: Որ ասում էի՝ Գոռը երգիչ է, ասում էին՝ ա՛յ մարդ, Գոռը ուստա է՝ պատ է շարում, Գոռը սպորտսմեն ա, մի հատ հետաքրքիր երեւույթ էր: Կամավորները որ եկել էին, այնտեղ ինքն էր սնունդի հարցը լուծում, բաժանում, ժամեր էր նշանակում՝ ով որտեղ պիտի գնա: Գոռն ուրիշ էր, ափսոս…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031