«Ինչպես 1992-ին, երբ մեր հաղթարշավը սկսվեց Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղերձում հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ գիտակցենք այս պահը եւ գիտակցենք ոչ միայն լոկ խոսքով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասաց ԱՀ նախագահը՝ հավելելով, որ առաջին անգամ ինքը Շուշիում եղել է 1992 թվականի մայիսի 8-ին, եւ առաջիններից է եղել, որ մտել է Շուշիի սբ. Ամենափրկիչ եկեղեցի ու համբուրել է խաչը. «Այսօր էլ համբուրել եմ խաչը, աղոթել եմ, մոմ եմ վառել հանուն մեր հաղթանակի: Իրականում ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք, իրականում ես հավատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային: Դրա համար մեզ պետք է միավորվել, դրա համար պետք է կռվել, դրա համար պետք է պատժել թշնամում, բայց դրա համար պետք է նաեւ ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, այլ հակառակը: Ես հավատում եմ հաղթանակին, քան երբեւէ: Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում եւ պետք է պատժենք հակառակորդին՝ հենց Շուշիի դարպասներում: Եկեք միավորվենք եւ միասին կռվենք: Իհարկե, հասկանում ենք, գիտակցում ենք ամեն ինչ, բայց նաեւ եկեք մեր ամենամեծ առաքելությունը կատարենք հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի, հանուն մեր սերունդների: Հաղթանակը մերն է լինելու, համոզված եղեք: Ես հավատում եմ հաղթանակին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև