Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովա․ «ՌԴ-ն խորապես մտահոգված է մարտական գործողություններում Մերձավոր Արեւելքից վարձկանների ավելի լայնածավալ ներգրավմամբ»

Հոկտեմբեր 29,2020 17:59

Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով եւ մարտական գործողություններում Մերձավոր Արեւելքից վարձկանների ավելի լայնածավալ ներգրավմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ այսօր հրավիրված ճեպազրույցում։

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, եւ ռազմական դիմադրությունը պահպանվում է։ Այս պայմաններում լարվածության մեղմման եւ բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ՌԴ նախագահը մշտապես հեռախոսով շփվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին Վլադիմիր Պուտինը խոսել է նաեւ Թուրքիայի նախագահի հետ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է խնդիրը Թուրքիայի արտգործնախարարի հետ, եւ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։

Մարիա Զախարովան ասել է, որ հակամարտող կողմերի տնտեսությունների եւ հասարակությունների համար ծախսերը զգալիորեն աճել են․ «Մենք համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ անհրաժեշտ է բանակցությունները վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի շրջանակներում։ Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Կողմերը հաստատեցին հոկտեմբերի 26-ին ժամը 8: 00-ից մարդասիրական հրադադար վերսկսելու մտադրությունը: Ցավոք, համաշխարհային հանրության ջանքերը՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հաջողություն չունեցան»։

Մարիա Զախարովան նշել է, որ հետագա քայլերը քննարկելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վաղը, հոկտեմբերի 30-ին Ժնեւում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությամբ։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031