«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 25-ից 28-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։
Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։
BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 հոդված։ Միջազգային լրատվականը գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ՝ վերջինիս ուժի մեջ մտնելուց րոպեներ անց։
CNN լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում չի անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:
Կարդացեք նաև
Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 11 հոդված։ Համաձայն լրատվամիջոցի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածության փլուզումից: Լրատվամիջոցն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակչության շրջանում երկուստեք ունեցած կորուստներին։
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 հոդված։ Լրատվականը ներկայացրել է իրադարձությունների զարգացումը, նշելով, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են մարտերը՝ չնայած հրադադարի մասին նախապես ձեռք բերված համաձայնությանը։
Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 2 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը գրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին տուժում են քաղաքացիական անձինք։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն