Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գլխավոր թիրախներն Իրանն ու Հայաստանն են. Իրանը չի կարող դուրս մղվել Հարավային Կովկասի գործընթացներից. Էմմա Բեգիջանյան

Հոկտեմբեր 29,2020 16:01

Բազմիցս, այդ թվում՝ 2016թ. քառօրյա պատերազմի առիթով նշել ենք, որ տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որի ազգային անվտանգության ու ռազմավարական շահերը համընթաց են Հայաստանի շահերին: Սակայն Թեհրանը, ունենալով նաև այլ գերակա խնդիրներ, հնարավորություն չունի Հայաստանի հետ այս ուղղությամբ համագործակցել: Դա առաջին հերթին իսլամական գործոնն է, ինչը, թերևս, անհնարին է դարձնում ընդդեմ «շիա» Ադրբեջանի աջակցել Հայաստանին: Բացի այդ Թուրքիայի ու Ադրբեջանի համաթյուրքական բուռն քարոզչության ալիքի ներքո այդ երկրի թրքախոս շրջանակներում, մասնավորապես Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի ու Արդաբիլի նահանգներում համաթյուրքականությունը կողմնակիցներ ունի, ինչի հետ Թեհրանը չի կարող հաշվի չնստել:

Նշյալ հանգամանքներով պայմանավորված՝ Իրանի պաշտոնական տեսակետն Արցախ-Ադրբեջան հակամարտության հարցում, կարելի է ասել, որ ադրբեջանամետ է: Այսուհանդերձ սա երբեք բարձր չի գնահատվել Բաքվի կողմից, որտեղ խոսքի ազատություն կա հային ու Հայաստանը վատը ներկայացնելուց և պատմությունը խեղաթյուրելուց զատ Իրանի դեմ նույնանման դրսևորումների համար: Մյուս կողմից, համաթյուրքական Ադրբեջանն իսլամի գործոնից առավելագույնս օգտվում է՝ այն շահարկելով իսլամական աշխարհում, և մասնավորապես իր շիականությունն Իրանում, սակայն սեփական երկրում ջանք չի խնայում շիա հոգևորականության և այդ առնչությամբ Իրանի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ: Նման հանգամանքներով պայմանավորված՝ տարածաշրջանի կարևոր գերտերություններից մեկը՝ Իրանը, Արցախ-Ադրբեջան հիմնահարցում որպես դրական չեզոք դիրքորոշմամբ դերակատար գործնականում դուրս է մղվել, ինչը տրամաբանական չէ՝ հաշվի առնելով, որ  խոշոր հաշվով այն ուղղված է նաև այդ երկրի դեմ։

ԻՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԸ՝ ԻՐԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈւԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆ

Հպանցիկ հայացք նետելով «Ադրբեջան» շինծու պետության ստեղծմանն ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության՝ պետք է նշել, որ այն Օսմանյան կայսրության ծավալապաշտական, համաթյուրքականության նկրտումների ծնունդ է։ Այն հարատևեց, քանի որ նման գոյությունը համահունչ էր նաև ԽՍՀՄ-ի համայնավարական գաղափարախոսության տարածմանը և ծավալապաշտական ձգտումներին։ Ահա թե ինչու այն մեծացել, հասակ է առել և դարձել պատուհաս։

Պատմության այդօրինակ զարգացումները տեղի են ունեցել այն ժամանակահատվածներում, երբ Իրանը գտնվել է ծանր վիճակում, կենտրոնական իշխանությունը եղել է անզոր, իսկ միջազգային հանրությունը կանգնած է եղել լուրջ խնդիրների առաջ։ Իրավիճակ, որից թուրքերն օգտվելով թե՛ Օսմանյան կայսրության և թե՛ հանրապետության ժամանակ, իրականացրել են իրենց ծավալապաշտական նպատակները։ Այդ են վկայում հայոց ցեղասպանություն իրագործելու և մերօրյա ցեղասպանության նոր փորձի համար ընտրված ժամանակները։

Իրանի հյուսիս-արևմտյան Ադրբեջան երկրամասի համանուն Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է 1918թ․, ինչի նպատակը նշյալ երկրամասը, որը թուրքական ցեղերի ներթափանցումից հարկադրված աստիճանաբար դարձել է թուրքախոս, միացնել էր նորաստեղծ պետությանը։ Իրանի այդ երկրամասում խոսում են թուրքական լեզվախմբի օղուզական ենթախմբի լեզվով, որը, թերևս, ամենամոտն ու հասկանալին է օսմանյան թուրքերենին՝ հետագայում Թուրքիայի Հանրապետության պաշտոնական լեզվին։ Նույն լեզվով են խոսում նաև Իրաքի ու Սիրիայի թուրքմենները։

Օսմանյան կայսրությունը դարեր շարունակ Իրանի Ադրբեջան երկրամասը գրավելու համար բազմաթիվ մարտեր է մղել, որոնք հաջողությամբ չեն պսակվել, ահա թե ինչու ջանքեր գործադրեց ստեղծել արհեստածին մի պետություն, որը, Իրանի հիշյալ երկրամասն անվանելով «Հարավային Ադրբեջան», պետք է ազատագրեր, միացներ Ադրբեջանի Հանրապետությանը։

Հատկանշական է, որ Իրանի պատմության ընթացքում Ադրբեջանի երկրամասը դեռևս վաղ միջնադարից եղել է Իրանի ազգայնականության, իրանականության կենտրոն ու հանուն դրա անզիջում պայքար մղող տարածաշրջան։ Աբբասյան խալիֆայության լծից ազատվելու համար առաջին ապստամբություններից մեկը տեղի է ունեցել Ադրբեջան երկրամասում Բաբակ Խորամդինի (816-833թթ․) գլխավորությամբ։ Թեև այն նաև կրոնական բնույթ էր կրում, սակայն, ըստ ամենայնի, հայրենի հողն արաբների լծից ազատագրելու նպատակ էր հետապնդում և Աբբասյան հայտնի խալիֆ Մամունի բազմակի անգամ գերազանցող զորքի դեմ պայքարում լուրջ հաջողություններ է արձանագրել ու 20 տարի իշխել Ադրբեջան երկրամասում։

Ուշ միջնադարում Իրանում իշխող Սեֆյան հարստությունը (1499-1736թթ․) հիմնադրվել է Ադրբեջանում, իսկ Բաքվում, հիմք ընդունելով դրա ձևավորման վայրը, այն համարում են ադրբեջանական ու պարծենում դրանով, պատմության դասագրքերում գովաբանում որպես իրենց փառքի գագաթնակետ։ Մինչդեռ այդ հարստության հիմնադիր շահ Էսմաիլն իշխանության է եկել օղուզական թուրք Ակ-կոյունլու Բեկին պարտության մատնելով։ Ադրբեջանի պարծանքը համարվող այս հարստության թագավորներն ամենաարյունալի պատերազմներն են վարել Օսմանյան կայսրության դեմ։

ԻՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՐԿՐԱՄԱՍԸ՝ ԹՈւՐՔԵՐԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈւԹՅԱՆ ԹԻՐԱԽ

20-րդ դարում Իրանի Ադրբեջան երկրամասին՝ Արևելյան, Արևմտյան Ադրբեջան և Արդաբիլ թուրքախոս նահանգներին տիրանալու փորձեր կատարել են Օսմանյան Թուրքիան, ապա Ադրբեջանի ԽՍՀ-ը՝ ԽՍՀՄ-ի աջակցությամբ, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը քայքայված ու ծանր վիճակում է եղել։ Իսկ դա նշանակում է, որ 1918թ․, ինչպես նման դեպքերում է լինում, երկրում ֆեոդալական կարգեր էին հաստատվել։ Հանգամանք, ինչից օգտվելով, Օսմանյան տերությունը, իր ծավալապաշտական ախորժակին հագուրդ տալով, պատմականորեն դարեր շարունակ Արան և Շիրվան կոչվող տարածքներում ձևավորեց նոր պետություն ու անվանակոչեց Ադրբեջանի Հանրապետություն։

Այդ առնչությամբ Թեհրանը Ստամբուլում Իրանի դեսպանության միջոցով պաշտոնապես բողոք է ներկայացրել Օսմանյան կառավարության ԱԳ նախարարությանը հետևյալ բովանդակությամբ․ «Մեծարգո՛ ԱԳ նախարարություն, Օսմանյան պետության ու Ռուսաստանի միջև կնքված խաղաղության համաձայնության արդյունքում Կովկասում ձևավորվել է Ադրբեջան անունով նոր պետություն, մինչդեռ պատմության ընթացքում առ այսօր նման պետություն գոյություն չի ունեցել։ Իրանում առկա է Թավրիզ կենտրոնով այդ անվամբ նահանգ,  որի մի հատվածի Կովկասում հայտնվելը խիստ զարմացրել է մեծագույն դեսպանությանը, ուստի անհրաժեշտ ենք համարում վերանայել (այդ որոշումը) ու համապատասխան նոր որոշում ընդունել»։ Բնականաբար բողոքի ձայնը մնաց առանց արձագանքի, քանզի թույլերի հետ ոչ ոք հաշվի չի նստում, ուր մնաց թուրքը։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿՐԱՄԱՍԸ ԶԱՎԹԵԼՈւ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԸ

Ինչպես նշվեց, այդօրինակ նպատակներ հետապնդող ԽՍՀՄ-ին Հարավային Կովկասում արհեստածին Ադրբեջան անվամբ ԽՍՀ-ի առկայությունը ձեռնտու էր, իսկ վերջինս մշտապես հավատարիմ է եղել իր ստեղծման առաքելությանը՝ համաթյուրքականությանը ծառայելուն։ Առաքելություն, որն առաջին հերթին ուղղված էր և ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ։ ԽՍՀՄ-ի օրոք փորձ արվեց այդ ծավալապաշտական ձգտումները կյանքի կոչել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ու դրանից հետո։ Սա այն դեպքում, երբ Իրանը կրկին ծանր վիճակում էր հայտնվել։

1941թ․ Իրան ներխուժեցին դաշնակիցների ուժերը, երկրի հյուսիսը հայտնվեց ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, երկրի ղեկին հայտնվեց 21-ամյա անփորձ երիտասարդ թագավորը։ Այլ կերպ ասած, նպաստավոր հող ստեղծվեց ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում համայնավարական, համաթյուրքական գաղափարախոսության քարոզչության և «ազգային ազատագրական» շարժումներ հրահրելու համար, քանզի Մոսկվայի ու Բաքվի շահերը համընկնում էին:

Եվ ահա Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը ոչ միայն հրաժարվեց Իրանի Ադրբեջանից զորքերը դուրս բերել՝ համաձայն ստորագրված պայմանագրի, այլև ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ, Ադրբեջանական ԽՍՀ-ի ԿԿ առաջին քարտուղար Միրջաֆար Բաղիրովի ղեկավարությամբ, ով երազում էր «Մեծ Ադրբեջան» ԽՍՀՄ-ի կազմում, լայն գործունեություն ծավալեց Իրանի Ադրբեջանում՝ այն Իրանից պոկելու, Ադրբեջանական ԽՍՀ-ին միացնելու ուղղությամբ: Սակայն այդ հարցը վերածվեց ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև լուրջ տարաձայնության, և ի վերջո Իրանի դիվանագիտության ու ԱՄՆ-ի ճնշման ներքո Կարմիր բանակի զորամիավորումները 1946թ. դուրս բերվեցին Իրանից: Բաղիրովի երազանքը չիրականացավ:

Սակայն անջատողականության, համաթյուրքականության ցանած սերմերն անհետ չկորան, մերթընդմերթ ծիլեր են արձակում, մասնավորապես թուրք-ադրբեջանական քարոզչության հուժկու ալիքի շնորհիվ։ Այլ կերպ ասած՝ իրավացի է «Հայացք՝ թավրիզյան վերջին դեպքերին, դեմոկրատական կուսակցության խռովությանը, համաթյուրքականությանն ու Ղարաբաղին» բավական ծավալուն հոդվածի հեղինակ Համեդ Քազեմզադեհը, ով շեշտել է, թե Ադրբեջան երկրամասում ադրբեջանական ազգայնականություն ներմուծվել է դրսից։ Ապա վկայակոչելով պատմական իրադարձությունները՝ նա նշել է, որ համաթյուրքականները, որոնք նշյալ  թուրքախոս նահանգների հարևանությամբ Արաքսից անդին ինքնություն են ձևավորում, նպատակամղված են Իրանից պոկել դրանք։ Նա հավելել է, թե Օսմանյան Թուրքիան այդ նպատակով է հիմնադրել Ադրբեջան պետությունը, սակայն անջատողականությունն ու ադրբեջանական ազգայնականությունն Իրանում տարածվել են խորհրդային ժամանակաշրջանում։

Քազեմզադեն Թավրիզում, ի պաշտպանություն Ադրբեջանի և հակահայ բնույթ կրող հավաքի, այդ առնչությամբ նշել է, թե փոքրաթիվ թավրիզցիներ էին մասնակցում ցույցին, ինչին վերջ դրվեց ոստիկանության խելամիտ նախաձեռնությամբ։  Սա այն դեպքում, երբ Իսրայելը ոչ միայն անթաքույց աջակցում է թուրք-ադրբեջանական տանդեմի լայնածավալ հարձակողական գործողություններին՝ զենք-զինամթերք մատակարարելով Ադրբեջանին, այլև քարոզչության մեջ գործում է հիշյալ տանդեմի համաթյուրքական  նկրտումներին համաձայն։ Ահավասիկ, իսրայելական ռադիոն նշյալ ցույցի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, նկարագրել քաղաքի սարսափազդու իրավիճակը՝ ընդգծելով, թե նույնիսկ անվտանգության ուժերն են սարսափահար փախչում, ապա վկայակոչելով ականատեսներին՝ նշել, թե  քաղաքը նմանեցնում են ռազմադաշտի՝ հավելելով, որ ցուցարարները պահանջում են Հայաստան տանող Նորադուզի ճանապարհը փակել։

Այսօր բոլոր ճակատներում Իսրայելն աջակցում է Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ցեղասպան հարձակողական պատերազմին։ Թել Ավիվը դեռևս 1996թ․ Թուրքիայի հետ կնքել է ռազմավարական ու անվտանգության համաձայնագիր, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց իսլամական աշխարհում։ Իսկ Ադրբեջանին Իսրայելը համարում է իր ռազմավարական գործընկերը, որին առատորեն մատակարարում է տարբեր բնույթի հարձակողական ռազմատեխնիկա։ Դա են թելադրում այդ երկրի շահերը ոչ միայն տնտեսական առումով, ինչը պակաս կարևոր չէ, այլև պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի համաթյուրքական գլխավոր նպատակները, որոնք դեռևս չեն բարձրաձայնվում։ Այն է՝ Իրանին զրկել Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանին կապող ճանապարհ լինելուց, ինչը մեծացնում է անմիջականորեն Իրանի հարևանությամբ գտնվելու Իսրայելի հնարավորությունները։

Այդ նպատակի մասին է վկայում  նաև այն, որ պատերազմի կիզակետը հենց հարավային ճակատն է, որտեղ հայոց քաջերը, կենաց-մահու կռիվ տալով, պաշտպանում են Արցախը, նաև Իրանի շահերը։ Ի դեպ, նշենք, որ Էրդողանի բոցաշունչ ճառերն ընդդեմ իր ռազմավարական դաշնակցի և հանուն Պաղեստինի շահերի պետք է համարժեք գնահատել Եվրոպայի, ԱՄՆ-ի  և այլոց կոչերին հրադադարի անհրաժեշտության մասին՝ հավասարության նշան դնելով ագրեսորի ու պաշտպանվողի միջև։

Ավելին, ներկայումս, երբ մեկը մյուսի հետևից արաբական երկրները դիվանագիտական կապեր են հաստատում Իսրայելի հետ, Էրդողանը լռել է և այլևս չի բղավում՝ «Այն, ինչ Իսրայելն է անում պաղեստինցիների հետ, գայլը ոչխարի հետ չի անում», կամ Իսրայելի հետ փոխհարաբերություն հաստատելիս այլևս որևէ արաբական երկրի չի սպառնում, թե տվյալ երկրից հետ է կանչելու իր դեսպանին։ Ահավասիկ հոկտեմբերի 23-ին արդեն հայտնի է դարձել, որ Սուդանը ևս դիվանագիտական փոխհարաբերություններ է հաստատում Իսրայելի հետ, սակայն դա չի զայրացրել Էրդողանին։

ԽՍՀՄ-Ը՝ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈւԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆ ԻՐԱՆՈւՄ

Մյուս կողմից, Թուրքիան հայտնի է «պղտոր ջրից ձուկ որսալու» իր վարպետությամբ, և այժմ հաշվի առնելով միջազգային բարդ իրադրությունը և մասնավորապես Իրանի համար ստեղծված ծանր իրավիճակը՝ կորոնավիրուսային համավարակի տարածմամբ ու սահմանափակումներով պայմանավորված, իր նեոօսմանական քաղաքականությունը սկսել է իրականացնել նաև Իրանի անմիջական հարևանությամբ մինչև հերթը կհասնի նրան։ Այդ նպատակով գործի է դրել իր ստեղծած շինծու պետությանը, որը մշտապես պատրաստ է եղել իր առաքելությունը կյանքի կոչել «մեկ ազգ երկու երկիր» կարգախոսով, ինչին ի պատասխան Անկարան հայտարարել է՝ «մեկ սիրտ, երկու մարմին»։ Այժմ ընդդեմ հայության դարձել են «մեկ սիրտ, մեկ մարմին» և «մեկ ազգ, մեկ երկիր», որպեսզի իրականացնեն իրենց ծավալապաշտական ծրագրերն  ընդդեմ հայության։

Ասել, որ Իրանն անտեղյակ է, չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում իր սահմանների հարևանությամբ, լիովին միամտություն կլինի, ավելին՝ Թեհրանն առավել քաջատեղյակ է, քան որևէ այլ երկիր, քանի որ պատերազմն ընթանում է այդ երկրի սահմանների հարևանությամբ, սպառնում նրա ազգային անվտանգությանը։

Նշվածի վառ ապացույցն են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, հարցազրույցները, հրապարակված հոդվածներն ու վերլուծականները, որոնցում խստիվ մեղադրվում է Իսրայելը, նաև ահաբեկիչների ներկայությունը՝ չնայած առաջին օրերին այդ փաստը երբեմն չհաստատված էր գնահատվում։ Սակայն Թուրքիային քննադատելու հարցում զգուշություն է ցուցաբերվում, վերջինիս անդրադառնում են ակնարկներով ու երբեմն քննադատության սլաքն ուղղում Իսրայելի կողմը։

Այս առնչությամբ հիշարժան են հոկտեմբերի 6-ին Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ, երկրի ռազմաքաղաքական և կրոնական առաջին դեմք Այաթոլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական, ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Վիլայաթիի արտահայտած տեսակետները՝ պահպանողական կողմնորոշմամբ «Քեյհան» օրաթերթին տված հարցազրույցում:

Վիլայաթին բավական ծավալուն հարցազրույցում կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հարցի լուծումը տեսնում դրանում։ Միաժամանակ, նա շեշտում է, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, ինչը ոչ միայն հարված է տարածաշրջանի անվտանգությանը, այլև դրանից տուժում է պատմամշակութային ու կրոնական ընդհանրություններով Ադրբեջանի և հարևան Հայաստանի բնակչությունը:

Պետք է նշել, որ կրոնական ընդհանրությունը հասկանալի է, սակայն պատմամշակութայինը, թերևս, հաճոյախոսության ոլորտից է, քանի որ շուրջ մեկ դար առաջ արհեստականորեն ձևավորված երկիրը պետք է նախ պետություն ու մշակույթ ունենա: Նա պատասխանել է նաև Թուրքիայի մասնակցության հարցին և հույս հայտնել, որ Անկարային կհաջողվի ներքին խնդիրները կարգավորել, քանի որ լրագրողն Անկարայի պատերազմ հրահրելը պայմանավորել է այդ երկրի ներքին խնդիրներով: Ապա նա շեշտել է, թե Թուրքիան չպետք է խրախուսի Ադրբեջանի պատերազմելը և թուրք բարեկամներին խորհուրդ է տալիս ջանքերն ուղղել խաղաղության հաստատման գործին Ադրբեջանի իրավունքների վերականգնմամբ՝ շեշտելով, որ պատերազն առիթ է օտար ուժերի, մասնավորապես Իսրայելի՝ տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու համար:

Նա, պատասխանելով Ադրբեջանի բանակի առաջնագծում ահաբեկիչների ներկայության հարցին, նշելով, որ այդ առնչությամբ հստակ տեղեկություններ չունի, ընդգծել է, թե Իրանի սահմաններում նրանց ներկայությունն անհանդուրժելի է, և նրանց դեմ լուրջ պայքար են մղել Սիրիայում ու Իրաքում: Եթե ահաբեկիչներին հրահրեն Իրանի դեմ, ապա Թեհրանի համբերությունն անսահման չէ, եզրափակել է Վիլայաթին: Սա այն դեպքում, երբ Իրանի ԶԼՄ-ներն ավելի վաղ ահաբեկիչների մասնակցությունը ոչ միայն համարում էին իրականություն, այլև խոսում էին Իրանի համար դրա սպառնալիք լինելու մասին։ Ավելին, երբեմն նաև շեշտվում է, որ դա կարող է լինել Իրանի դեմ մշակված նախագիծ։

Ահավասիկ, «Մաշրեղ նյուս» գործակալությունը հոկտեմբերի 4-ին հրապարակել է «Թուրքիայի, Իսրայելի և ահաբեկիչների վտանգավոր կոալիցիան Արաքսի հյուսիսում» հոդվածը, որն արտատպվել է բազմաթիվ կայքերում: Դրանում հստակ նշվում է, թե Անկարան ահաբեկիչներին Սիրիայի՝ Հալեպի, Իդլիբի, Հասաքեի, Ռաքքայի և Լաթաքիայի նահանգների գրավյալ տարածքների ահաբեկչական կազմակերպություններից է հավաքագրել, որոնց մի մասը հենց այդտեղից էլ տեղափոխել է առաջնագիծ, մի մասին էլ Լիբիայից, որտեղ հարաբերական հրադադար է: Հեղինակը շեշտում է, որ թեև Թուրքիան Ղարաբաղը վերադարձնելու պատրվակով է նրանց Իրանի հյուսիս-արեմտյան սահմաններում տեղակայել, սակայն դա կարող է Իրանի դեմ նշյալ կոալիցիայի մշակված սցենար լինել:

 

ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ Ու ՎԵՐԼՈւԾԱԲԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Խիստ ուշագրավ է հեղինակավոր Պարսից Ծոցի հետազոտությունների կենտրոնի (PGSC) հոկտեմբերի 23-ին հրապարակած «Ղարաբաղի ճգնաժամը, ազգային շահերը և անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը» հոդվածը, որտեղ հստակորեն իրերն իրենց անուններով են կոչվում, գնահատականներն օբյեկտիվ են։ Սրան կանդրադառնանք առավել ամբողջական։

Հոդվածում շեշտվում է, որ Թուրքիայի կառավարության ու նրա ղեկավարի՝  նախագահ Էրդողանի դերը ստեղծված ճգնաժամում անհերքելի է։ Ապա շեշտվում է, որ միջազգային հավաստի տվյալներով՝ Անկարան Սիրիայի ահաբեկչական տարբեր խմբերից, այդ թվում՝ Սուլթան Մուրադ և Համզայի դիվիզիա խմբերից, ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որոնք կռվում են Ադրբեջանի զորքերի կազմում։

Նշենք, որ ահաբեկչական հիշյալ խմբերը «Սիրիայի ազատ բանակ» կոչվող կազմակերպության կազմում ներառված ավելի քան մեկ տասնյակ խմբերից են։ Վերջինս վայելում է Թուրքիայի բազմակողմանի աջակցությունը և լիովին ենթարկվում Անկարային։ «Սիրիայի ազատ բանակը» Հալեպում, այնուհետև Իդլիբում և այլուր սերտ համագործակցում է «Թահրիր ալ  Շամի»՝ նախկին «Ալ Նոսրայի» հետ, որն ավելի վաղ իրեն համարում էր Սիրիայում «Ալ Կայիդայի» մասնաճյուղ։ Ներկա դրությամբ ահաբեկչական այդ կազմակերպությունը վերահսկում է Իդլիբ նահանգի 60 տոկոսը, որը որպես բախումնազերծ գոտի հանձնվել է Թուրքիայի վերահսկողությանը։ Միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ ավելի շատ հենց Իդլիբից են վարձկանները տեղափոխվում առաջնագիծ։

Վերադառնալով PGSC-ի հոդվածին՝ նշենք, որ դրանում շեշտվում է, թե զարգացումների այդօրինակ ընթացքն Իրանի հյուսիս-արևմտյան սահմանամերձ տարածքներում պետք է գնահատել լուրջ վտանգի ահազանգ։ Անկարայի հովանու ներքո գտնվող ահաբեկիչների տեղափոխումն Իրանի սահմանների երկայնքով, անտարակույս, լիովին հակասում է Իրանի ազգային անվտանգությանը՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի ու Իրանի շահերը Սիրիայում խիստ հակասական են։ Փաստորեն սա հենց այն է, ինչ բազմիցս նշել են հայ փորձագետները, ձգտել հարևան երկրի ուշադրությունը հրավիրել հարցին՝ ընդգծելով, որ երկու երկրների ազգային անվտանգությունները հայտնվել են թուրք-ադրբեջանական տանդեմ-աֆղան ու սիրիացի ահաբեկիչներ-Իսրայել կոալիցիայի սպառնալիքի ներքո։

PGSC-ի կարծիքով՝ որևէ կասկած չկա, որ Անկարան է Բաքվին նման քայլի մղել այս տարածաշրջանում հանուն սեփական շահերի, ինչն ակնհայտ է պատերազմի ընթացքից։ PGSC-ը շարունակում է՝ Թուրքիան Օսմանյան կայսրության վերականգնման նպատակով ձգտում է ավելի ամուր դիրքերում հայտնվել Հարավային Կովկասում Իրանի ու Ռուսաստանի հանդեպ։ Միաժամանակ նպատակամղված է ձևավորել Կասպից ծովից մինչև Թուրքիա ցամաքային երթուղի, որպեսզի լիովին վերահսկի Եվրոպա տանող էներգակիրների խողովակաշարերը և այդպիսով տնօրինի Եվրոպայի վրա ճնշում գործադրելու նոր լծակ։

Այսուհանդերձ, հաշվի առնելով, որ Վրաստանում Թուրքիայի ազդեցությունն ակնհայտորեն գերակշռում է Իրանին ու Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը, եթե չասենք ներկա դրությամբ Թուրքիայի ինչ-որ վիլայաթի կարգավիճակում է, ապա, անկասկած, Իրանի ու Ռուսաստանի ազդեցության հետ չենք համեմատի։ Այլ կերպ ասած, Թուրքիայի նպատակների իրականացմանը խանգարում է միայն Հայաստանը, որը բարեկամական փոխհարաբերություններ ունի Իրանի ու Ռուսաստանի հետ, և որոնց շահերն այդ դեպքում համընկնում են Հայաստանի շահերին։ Հանգամանք, ինչը ենթադրում է, որ պետք է եռակողմ համագործակցություն լինի ընդհանուր հակառակորդի դեմ, սակայն, ցավոք, այժմ Արցախը միայնակ է պատերազմում թուրքական շուրջ 90 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրների դեմ հանուն ընդհանուր շահերի։

PGSC-ն ընդգծում է, որ ցամաքային հիշյալ ճանապարհի ստեղծումն իրատեսական չէ, ավելին՝ երազանք է, քանի որ Ռուսաստանը թույլ չի տա, որ թուրք-ադրբեջանական ուժերը ներթափանցեն բուն Հայաստանի տարածք։ Ճշմարտություն է՝ Իրանի ազգային անվտանգության շահերը պահանջում են, որ Արցախի Հանրապետությունը ևս սահմանակից լինի Իրանին, ինչի համար քայլ չի արվում։ Բացի այդ Թուրքիայի բուն նպատակը ոչ թե խողովակաշարի վրա վերահսկողություն հաստատելն է, այլ Կենտրոնական Ասիայով մինչև Չինաստանի ույղուրաբնակ տարածքներ հասնելը, որի մեջ մտնում է նաև Իրանի զգալի հատվածը։

PGSC-ը հավելում է, թե նեոօսմանականության սուբյեկտիվությունը, անկասկած, թե՛ պատմության հարթության և թե՛ ներկայիս իրադարձությունների խորապատկերին հակասում է Իրանի պատմական ու ազգային շահերին։ PGSC-ը քննադատում է նաև երկրի քաղաքական ու զինվորական պաշտոնյաների դիրքորոշումը՝ այդ երկրի տարածք ընկած բազմաթիվ արկերի, այդ թվում՝ ԱԹՍ-ների պատճառով, որոնք վնասել են նաև սահմանամերձ բնակավայրի բնակիչներին։ Դրանք խոցել է Իրանի ՀՕՊ-ը՝ շեշտելով, որ լոկ նախազգուշացումները քիչ են։ Ապա հավելել է, որ անկախ այն բանից, թե ինչ են անելու ռուսները, և հաշվի առնելով, որ իր ռազմավարական շահերը բոլոր կողմերով հայտնվել են լուրջ սպառնալիքի տակ՝ Թեհրանը պետք է նախաձեռնություն դրսևորի և վտանգը հեռացնի՝ միաժամանակ լուրջ ներկայություն ապահովելով ստեղծված ճգնաժամում։ Ապա PGSC-ն առաջարկում է, թե անհրաժեշտ է Իրանի սահմանի երկայնքով Արաքսի մյուս ափին ստեղծել անվտանգության գոտի, որը կվերահսկեն Իրանի հետևակի ուժերը։

Իրանական ԶԼՄ-ներում հարյուրավոր հոդվածներից ու վերլուծականներից  սա, թերևս, եզակիներից է, որտեղ չի խոսվել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ու Իսրայելի գլխավոր հրահրիչը լինելու մասին։ Չնայած, կարելի է ասել, որ հայոց աննկուն զինվորը պատերազմում է թուրք-ադրբեջանական տանդեմի, միջազգային ահաբեկչության, ինչու ոչ նաև Իսրայելի դեմ, որը ոչ միայն Ադրբեջանին ապահովում է զենք-զինամթերքով, այլև այդ երկրի կառավարությունը հստակ դիրքորոշում է արտահայտում հօգուտ Բաքվի։

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած հարձակումն Արցախի Հանրապետության վրա նոր ցեղասպանություն կատարելու նպատակով այս անգամ վիժեցվելու է հայոց հավաքական կամքի ուժով: Սակայն ահաբեկչական պատերազմը Հայաստանից զատ առավելապես հղի է լուրջ սպառնալիքներով Իրանի համար, որը սահմանակից է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Ադրբեջանին։ Մինչդեռ սահմանափակումների ծանր բեռի և Covid-19-ի բռնկման պատճառով ծանր վիճակում հայտնված Իրանը խուսափում է Թուրքիայի հետ առճակատումից  և խիստ զգուշորեն է վերաբերվում Անկարայի լկտի պահվածքին։ Պաշտոնական դիրքորոշումներում վերջինիս հասցեին գլխավորապես հնչում են հրադադարին աջակցելու հորդորներ՝ որպես պատերազմ հրահրողի՝ առաջին պլան մղելով Իսրայելին։

Միաժամանակ Թեհրանը քաջ գիտակցում է Անկարայի համաթյուրքական հեռահար նպատակները պատերազմում, որոնց իրագործման համար հող է նախապատրաստել շուրջ 100 տարի՝ Ադրբեջանի Հանրապետության ստեղծման օրից, ինչը հղի է լուրջ սպառնալիքներով այդ երկրի անվտանգության ու աշխարհաքաղաքականության՝ տարածքային ամբողջականության համար։ Ուստի Թեհրանն այլևս հույսը չի դնի պատերազմն արգելակող Ռուսաստանի հնարավոր քայլերի վրա և ձեռնամուխ կլինի սեփական նախաձեռնությամբ լուծել իր կենսական խնդիրները, քանի դեռ «դանակը ոսկորին չի հասել»։

Եվ ինչպես Վիլայաթին է ասել՝ Իրանի համբերությունն անսահման չէ, և, ըստ երևույթին, սահմանը կհատվի պատերազմը շարունակվելու դեպքում և, ամենայն հավանականությամբ, հօդս կցնդեն Անկարայի երազանքները։ Մանավանդ, եթե իրան-իրաքյան պատերազմում Իրանը ողջ աշխարհի դեմ  կազմալուծված ու կրկին վերակազմավորվելու պայմաններում պարզերես դուրս եկավ և հիմա ունի հզոր բանակ։

Հավելենք, որ թուրքերը, Ադրբեջան պետությունը ստեղծելով, ծավալապաշտական նպատակներ էին հետապնդում նաև Հայաստանի ու հայկական հողերի նկատմամբ, ինչը ԽՍՀՄ-ի շրջանում իրականացվեց՝ Նախիջևանն ու Արցախ աշխարհը նվիրաբերելով Ադրբեջանին։ ԽՍՀՄ-ի փլուզմամբ Արցախը միջազգային ու ԽՍՀՄ-ի օրենքներով ազատագրվեց թուրքերի ճիրաններից, ինչի հետ նրանք չեն համակերպվում։

Այլ կերպ ասած՝ որպես ծավալապաշտական ու համաթյուրքական գործիք ստեղծված Ադրբեջանի գլխավոր թիրախներն Իրանն ու Հայաստանն են, որոնք  անհրաժեշտաբար համատեղ ջանքերով պետք է պայքարեն նրա դեմ։ Ճշմարտությունից  չես փախչի, որքան էլ դիվանագիտական մակարդակում իրանցի պաշտոնյաներն Ադրբեջանին համարում են Իրանի հետ պատմամշակութային ու կրոնական ընդհանրություն ունեցող, եղբայրական կամ, ինչպես նախագահ Ռուհանին է ժամանակին բնութագրել՝ «մի հոգի երկու մարմնում», իսկ Հայաստանին՝ հարևան երկիր, սակայն երկրի կենսական շահերն անտեսել հնարավոր չէ։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031