Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում արժույթի արժեզրկումը, ֆինանսական տարատեսակ այլ խնդիրները հիմա սրընթաց աճի միտում ունեն». Ռուբեն Մելքոնյան

Հոկտեմբեր 29,2020 15:39

«Իրանը յուրահատուկ հարաբերություններ ունի հակամարտությունում ներգրավված պետությունների հետ»,-«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում փաստեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբաս Արաքչիի՝ Ադրբեջան և Հայաստանի այցի առիթով նա ասաց՝ կանխատեսելի և տրամաբանական է, որ Իրանը պետք է ակտիվություն ցուցաբերի. «Իրանի պարագան երկու յուրահատկություն ունի: Իրանը արևելյան քաղաքական, դիվանագիտական մշակույթի հետաքրքիր կրողն է, մեր հարևան և բարեկամ երկիրը, տարածաշրջանում կարևոր երկիր, որը չի կարող անմասն մնալ այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից: Թուրքիայի ակտիվացումը որոշ մտահոգություններ կարող է առաջացնել Իրանի պարագայում: Սիրիայի պարագայում նույն Աստանայի ֆորմատում ՌԴ-ի և Թուրքիայի կողքին Իրանն ուներ իր համեստ, լուռ ու կարևոր ներկայությունը: Իրանը լավ հարաբերություններ ունի ՀՀ-ի հետ, նորմալ, լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, գումարած դիվանագիտական նորմալ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ. տասնամյակներ շարունակ գրեթե առանց մեծ պրոբլեմների այդ հարաբերությունները շարունակվում են և լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Շատ տրամաբանական է, որ Իրանի քաղաքական վերնախավը և փոխարտգործնախարարը կարող է առաջարկել իր միջնորդական ծրագրերը: Այլ հարց է, թե դրանք ինչքանով ընդունելի կլինեն»:

Ռուբեն Մելքոնյանը փաստեց՝ թուրքական հրոսակախմբերի գործողություններն ուղիղ սպառնալիք են քաղաքակրթությանը: Միևնույն ժամանակ Թուրքիայի՝ այսպիսի հզորացման և վարած քաղաքականության մեջ նա մեղադրեց ՆԱՏՕ-ի անդամ երկրներին. «Այսօր այսքան ուժեղացած, ռազմաքաղաքական մեծ պոտենցիալ ունեցած Թուրքիան ՆԱՏՕ-ի իրականացրած քաղաքականության հետևանքն է: Թուրքիան հասել է այս հզորության շնորհիվ ՆԱՏՕ-ի, շնորհիվ արևմտյան պետությունների հետ հարաբերությունների: Նրանք այժմ բախվում են իրենց իսկ աճեցրած պետությունից բխող սպառնալիքների հետ»:

Հարցին՝ ի՞նչ ֆինանսական բարդություններ կան այս ժամանակահատվածում Թուրքիայի ներսում, թուրքագետը պատասխանեց. «Թուրքիան տևական ժամանակ է` բախվում է ֆինանսական խնդիրների հետ: Նրանց արժույթի արժեզրկումը, ֆինանսական տարատեսակ այլ խնդիրները հիմա սրընթաց աճի միտում ունեն: Դրա վրա կարող են ազդել այն պատժամիջոցները, տարատեսակ տնտեսական էմբարգոները, որոնք արվում են Թուրքիայի դեմ: Թուրքիան այս ֆինանսական խնդիրները փորձում է իր հասարակությանը ներկայացնել, թե իբր մենք մեծ գաղափարի հետևից ենք գնում, վերականգնում ենք օսմանյան հզորությունը և Թուրքիան դառնալու է աշխարհի գերտերություն, ուստի այդ մեծ գաղափարին հասնելու ճանապարհին հասարակությունը պետք է պատրաստ լինի կրել տնտեսական զրկանքներ»:

Ռուբեն Մելքոնյանը փաստեց ՝Թուրքիայում տարածվում է նաև լուրջ հասարակական դժգոհություն. «Հասարակական դժգոհությունները հիմնականում տարածված են ընդդիմադիր շրջանակներում, որոշ ընդդիմադիր լիդերներ դրանք հրապարակային են ներկայացնում և ավելի թեժացնում: Էրդողանի նախկին գործընկերները՝ Ահմեդ Դավութօղլուն, Ալի Բաբաջանը հանդես են գալիս Էրդողանի տնտեսական, քաղաքական և հասարակական պոպուլիստական թեզերով սնուցելու գաղափարախոսության դեմ: Ուղղակի Էրդողանի ընտրազանգվածում իսլամամետ զանգվածը, գտնվելով քարոզչության ազդեցության տակ, շատ ավելի լոյալ է, կամ հակված է պաշտպանելու Էրդողանին և համատեղ կրելու այդ զրկանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031