Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր կռվող կանայք իսկապես կդառնան վաղվա մեր գրական հերոսուհիները». Գրականագետ

Հոկտեմբեր 29,2020 15:16

Գրականագետ Անի Փաշայանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ շատ է հուզվել՝ սոցցանցերում տեսնելով առաջնագծում գտնվող կանանց նկարներ, եւ անգամ առաջնագծում, բացի խիզախ լինելը, կանայք կոկիկ են, խնամքով: Գրականագետը վստահ է, որ նրանք դառնալու են նոր ծնվելիք գրական ստեղծագործությունների հերոսներ:

Անի Փաշայանի լուսանկարը՝ granish.org-ից

«Ֆեմինի» նախագծի շրջանակում խոսելով հայ գրականության մեջ ընդհանրապես հայ կնոջ կերպարից՝ Անի Փաշայանն ասում է. «Մեր կանանց կերպարներն առաջին հերթին շատ ընդգծված երեւում են «Սասնա Ծռեր» էպոսում:  Նրանք ամենաուժեղ կանայք են, Արմաղանից սկսած՝ ոչ միայն կատարյալ են պատկերված եւ ֆիզիկապես, եւ հոգեպես, այլեւ կատարյալ են որպես մայրեր եւ ընտանիքին նվիրված կանայք: Օրինակ՝ Խանդութը չի ապրում ամուսնուց հետո, Մհերի կնոջ՝ Գոհարի հետ կապված էլ կարող ենք ասել, որ գործ ունենք ուժեղ կնոջ հետ:  Հենց Խանդութն էր ասում, որ առյուծն առյուծ է, էգ լինի, թե որձ…Նա նույնպես մարտնչող է, տիրապետում է ռազմական արվեստին… Ընդհանրապես մեր դյուցազներգության մեջ դյուցազնուհիներ են կանայք: Դա շատ կարեւոր  հատկանիշ է եւ տունը պահելու,  եւ արտաքին գեղեցկության առումով, ինչն այդպես ընդգծված չես կարող տեսնել այլ էպոսներում»:

Անի Փաշայանի ձեւակերպմամբ, հետագա գրականությունը եւս  շատ լավ ցույց է տալիս կնոջ կերպարի արմատական նախանշանները. «Ուժեղ կերպարներ երեւում են Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության մեջ, Աղասի Այվազյանի արձակում եւս ընդգծված է կինը՝ որպես հզոր անհատականություն… Աղասի Այվազյանի ստեղծագործություններում կանայք միշտ չեն խոսում կամ աչքունքով  խոսում են տղամարդու հետ, բայց տղամարդը այդ լուռ այբուբենը հասկանում է:  Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւի» հերոսուհին էլ  ուժեղ է,  նա իր տոհմի շարունակողն է, ցույց է տալիս այն բոլոր թերությունները, որ պետք է շտկել ուժեղ լինելու համար… Ցանկացած տեղում հայ կինը ուժեղ է: Րաֆֆու ստեղծագործության մեջ էլ է այդպես…Միայն հայ կինը  կարող է կանգնել եւ իր տղային պախարակել դավաճանության համար: Օտար գրականության մեջ չկա նման բան, իրենք գուցե քողարկում են, բայց հայ կինը կարող է ասել՝ Մերուժան, դու այսպիսին ես, դու արժանի չես այն թագին ու գահին, որին կարող էիր արժանի լինել:

Նաեւ մայր թագուհիների կերպարներում  է երեւում կնոջ ուժը, Վարդան Գրիգորյանի, Սերո Խանզադյանի վեպերում, Պերճ Զեյթունցյանի, Զորայր Խալափյանի արձակում… Անգամ Թումանյանի «Անուշ»  պոեմում է ուժեղ կինը ցույց տրվում. Անուշը պոկվում է իր ժամանակից, թողնում ընտանեկան բիրտ ավանդույթը եւ գնում իր սիրո հետեւից…Դա ուժեղ լինելու նշան է, երբ հաշվի չես նստում շրջապատի կարծիքի հետ… Սա շատ հետաքրքիր թել է, չենք կարող չնշել նաեւ Նոր Դոսի «Պայքարում» Մանեի հզոր կերպարը»:

Երիտասարդ զույգի լուսանկարը՝ ֆեյսբուքից:

Անդրադառնալով 90-ականնների Արցախյան գոյամարտին հայ կանանց մասնակցությանը՝ գրականագետը հիշեցնում է, որ «Անահիտ» գունդ է եղել Անահիտ Մարտիրոսյանի անունով, եւ Անահիտը կերպավորվել է Ալիս Հովհաննիսյանի արձակում:

«Այսօր ոչ միայն շատ տղամարդիկ, այլեւ կանայք են ռազմաճակատում, նրանք եւս կերպավորվելու են հենց արձակում, որովհետեւ արձակը հզորանում է՝ երկրի հզորացման հետ միասին: Ինչքան ուժեղ է երկիրը, այդքան բարձր է արձակը… Արձակը պինդ խոսք է: Անշուշտ, այսօր կռվող կանայք իսկապես կդառնան վաղվա մեր գրական հերոսուհիները: Կա կյանք, ուրեմն կա գրականություն»,-համոզված է մեր զրուցակիցը:

Դիլբար Թելոեւայի լուսանկարը՝ Սայիդ Ավդալյանի ֆեյսբուքյան էջից

Ի թիվս այլ լուսանկարների, սոցցանցերում «պտտվում» են առաջնագծում գտնվող ոչ միայն գեղեցկադեմ հայուհիների, այլ ազգային փոքրամասնությունների նույնքան համարձակ ու գեղեցիկ ներկայացուցիչների լուսանկարները: Օրինակ  Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը հրապարակել է եզդիական առաջին կամավորական ջոկատի հետ Արցախ մեկնած Դիլբար Թեւոեւայի լուսանկարը:

Ընդհանրապես կանայք հերոսներ են՝ ինչպես առաջնագծում, այնպես էլ թիկունքում,  հերոսներ են թշնամու ավիահարվածներից փլուզված Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատությունը չդադարեցնող բժշկուհիները, հղիության 9-րդ ամսում մեքենան վարած, իր երեխաներին կրակից փրկած ու Հայաստան տեղափոխած արցախուհին, նաեւ աներեւույթ COVID 19-ի դեմ պայքարողներն ու հեռավար դասեր իրականացնող մանկավարժ կանայք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031