«Հակառակորդի հիմնական հարվածային ուղղությունը հարավն է, իսկ հարավի հեռահար նպատակը Թուրքիայի համար Մեղրին է: Եվ երբ բանակցային ինչ-որ փուլում Ռոբերտ Քոչարյանի կողմից Մեղրին դարձավ բանակցային թեմա, դա խոսում էր այն մասին, որ Մեղրիում մեր ռազմական կարողությունները պետք է լինեն շատ ամուր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա հիշեցրեց. «90-ականներին Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ ուղարկվել էի Մեղրի (երբ արտակարգ դրության պարետն էի)՝ տեղում օր առաջ բանակային կառույցներ ձեւավորելու: Մեղրիի, Զանգելանի հատվածի երկաթգծի կամուրջների պայթեցումներով մենք փորձեցինք այդ հատվածը մեկուսացնել երկաթգծի հանգույցի օգտագործման հաշվին հնարավոր ռազմական թափանցումներից: Բայց այսօր պարզվեց, որ երկաթգծի հանելը, քանդելը շատ մեծ վնաս է հասցրել մեր անվտանգային ամբողջ կոմունիկացիոն համակարգին: Դա առանձին թեմա է, որի մասին կխոսեմ»:
Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Կարծում եմ՝ կգա ժամանակ եւ մենք դեռ կանդրադառնանք, թե այդ երկաթգծի ամբողջ համակարգն ինչու ոչնչացվեց, եւ արդյոք այդ համակարգի ոչնչացումը չէ, որ հակառակորդին հնարավորություն է տալիս, որպեսզի զրահամեքենաներն ավելի արագ հասնեն այն նշանակետերին, որոնք մեր հարավային մատույցները դրեցին վտանգի տակ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ