Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիան փորձում է լեգիտիմացնել Ադրբեջանում զորավարժություններից հետո մնացած թուրքական զորքը, ռազմատեխնիկան և դրան տալ թուրքական ռազմաբազա Ադրբեջանի տարածքում ձևակերպումը». Ռուբեն Մելքոնյան

Հոկտեմբեր 29,2020 13:45

«Այս կոնֆլիկտում Թուրքիայի գերնպատակներից մեկը Հարավային Կովկասում, Ադրբեջանում ռազմական բազայի կամ իր ռազմական դե ֆակտո ներկայության լեգիտիմացումն է»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա փաստեց՝ Թուրքիան արդեն տևական ժամանակ սկսել է աշխարհի տարբեր երկրներում ռազմաբազաների տեղակայման աշխատանքներ:

Ըստ թուրքագետի՝ այս միջոցով Թուրքիան փորձում է լեգիտիմացնել Նախիջևանում անցկացված հայտնի զորավարժություններից հետո Ադրբեջանում մնացած թուրքական զորքը և ռազմատեխնիկան և դրան տալ թուրքական ռազմաբազա Ադրբեջանի տարածքում ձևակերպումը: Ռուբեն Մելքոնյանն ասաց՝ ենթադրվում է, որ այդ բազաներից մեկը Կասպիցի ավազանում կլինի, մյուսը խորհրդանշական Նախիջևանում: Ըստ նրա՝ սա մարտահրավեր է՝ ուղղված աշխարհին, քանի որ թուրքական ագրեսիվ ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում միտված է կոնֆլիկտները թեժացնելու և բարելավելու նրա ծավալապաշտական նկրտումները:

Թուրքագետը հիշեցրեց՝ երբ իրականացվում էին թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ինքն ու իր գործընկերները այն կոչում էին աննախադեպ, սակայն կային մարդիկ, որոնք դա չէին ընդունում: Այս պատճառով Ռուբեն Մելքոնյանը նկատեց՝ սրանք ազդակներ են, որոնք մեզ պետք է ավելի իրատես դարձնեն:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ սա նաև Ռուսաստանի դեմ է, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ տևական ժամանակ է ընթանում են ռուս-թուրքական պրոքսի պատերազմներ այն տարածաշրջաններում, որոնք ՌԴ-ի համար կարևոր են: Սիրիայում տեսանք նման պրոքսի պատերազմի դրսևորում, մի քանի օր առաջ տեսանք Թուրքիայի դաշնակից ահաբեկչական խմբավորումների հերթական ոչնչացումը, որը առաջ բերեց հերթական լարվածությունը: Այս ամենը փաստում է, որ ռուս-թուրքական պրոքսի պատերազմ է ընթանում: Միամիտ կլիներ կարծել, որ այս տարածաշրջանում՝ ՌԴ դաշնակից ՀՀ-ում Թուրքիան չի գնալու սադրանքի և չի հրահրելու նոր ճակատի բացում, ռուս-թուրքական պրոքսի պատերազմ: Սա գլոբալ մարտահրավեր է Ռուսաստանին: Այստեղ թուրքական բազաների տեղակայման, Մինսկի խմբի ձևաչափի լուծարման, այդ ամենում Թուրքիայի ներգրավվածության, Աստանա 2 ֆորմատի ներմուծման փորձերն ուղիղ հակասում են ռուսական շահերին: Ահաբեկիչների, վարձկանների՝ ավելի մոտեցումը բուն ռուսական սահմաններին ուղիղ սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը»:

Ըստ թուրքագետի՝ պատմությունը վկայում է՝ Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ ու պատերազմ իրականացնելու առաքելություն ունի. ռուս-թուրքական պատերազմի գաղափարախոսությունները հակաահաբեկչական էին. բուլղարներին, հայերին և մյուսներին փորձում էր փրկել Օսմանյան Թուրքիայի ահաբեկչությունից: Հիմա հերթական դրսևորում է:

Հարցին՝ կա՞ կարմիր գիծ, որից հետո միջազգային հանրությունը Թուրքիայի նկատմամբ կոնկրետ գործողություններ կիրականացնի, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Եթե լինենք իրատես, միջազգային հանրության արձագանքը սպասելի էր: Մեր բարեկամ Հունաստանի և Կիպրոսի արձագանքը կարող ենք համարել շատ ընկալելի և հենված անկեղծության ու հակաահաբեկչական մտածողության վրա: Եվրոպական մի շարք երկրների պահվածքը՝ բացի Ֆրանսիայից, շատ անհասկանալի է: Նրանց չեզոք, երբեմն ընդգծված բացասական չեզոքությունը հետքայլ էր այն համամարդկային արժեքներից, որոնք հռչակվել են այդ երկրներում գերակայություններ: Մեծ Բրիտանիայի լռությունը ընդհանրապես ընկալելի չէ՝ չնայած, եթե քաղաքական իրողություններով առաջնորդվենք, սպասելի էր ավելի քան: Կան նաև երեսպաշտության որոշ դրվագներ, մասնավորապես անօդաչու «Բայրաքթար» սարքերը, եթե դիտարկում ենք դետալներով, ապա դա, լինելով թուրքական, խորքում կառուցված է ամերիկյան, բրիտանական, կանադական, գերմանական և այլ դետալներից: Այդ պետություններից ոմանք հայտարարում են, որ վաճառելով ԱԹՍ-ների դետալներ, նրանք չեն իմացել՝ ինչի համար են կիրառվելու: Սա որևէ բացատրություն չի կարող ունենալ: Սա խոսում է նրանց մեղսակցության մասին: Վաճառելով զենք կամ դետալներ Ադրբեջանին, Թուրքիային նույնն է, թե ուղղակի մատակարարել զենք ահաբեկչական խմբավորումներին: Իսրայելն էլ մահաբեր զենքերի գլխավոր մատակարարն է Թուրքիային և Ադրբեջանին: Կարելի է տարակուսել՝ ինչպե՞ս հոլոքոստ վերապրած ազգը, պետությունը կարող է զենք մատակարարել ցեղասպան մտածողություն ունեցող երկրներին, ինչպիսին Թուրքիան ու Ադրբեջանն են»:

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այս պահին առաջնային է Արցախի դրոշի ներքո հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը՝ ընդդեմ վարձկանների, ահաբեկչական մտածողություն ունեցող պետությունների: Իսկ Արցախի ճանաչումը ըստ նրա՝ կլինի խաղաղ պայմաններում, տարբեր դիվանագիտական գործընթացների արդյունքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031