«Բանակցությունների մասին վստահաբար պնդել չեմ կարող, բայց գիտեմ, որ լինելու են կոնսուլտացիաներ արտաքին գործերի նախարարների միջեւ: Եթե դրանք տեղի ունենան…վստահաբար չեմ կարող ասել: Երբ պաշտոնապես տեղեկացնեն, պարզ կլինեն քննարկված հարցերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին նախատեսված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում, սակայն մեկ օրով հետաձգվեց:
Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Անդրանիկ Քոչարյանը շեշտեց. «Նախ, այդ հանդիպումը պետք է տեղի ունենա: Հասկանանք՝ վերջապես ի՞նչ է ուզում: Ինքն է ուզո՞ւմ, թե Էրդողանը: Նա կարծես թե իր իշխանությունն ու կառավարումը հանձնել է պարոն Էրդողանին, որովհետեւ կարեւորագույն հարցերով Էրդողանն է իր «եղբոր» փոխարեն խոսում միջազգային կառույցներում: Մենք ծանր մարտերի գնով պահում ենք մեր անվտանգության համակարգը, եւ հավաքական ուժի շնորհիվ բանակցություններում մեր կամքը կթելադրենք»:
Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ Թուրքիայի նպատակն է գործուն մասնակցություն ունենալ արցախյան հակամարտության կարգավորման գործում, սակայն ցեղասպանության եւ տարածաշրջանում տեղի ունեցողի պատասխանատու Թուրքիայի հետ խոսելն անընդունելի է, իսկ բանակցությունները պետք է շարունակվեն միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ