Հրադադարի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կոնկրետ Թուրքիան է արհամարհում՝ ստիպելով Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Թուրքիան է անընդհատ Ադրբեջանին ստիպում կռվել և դա հենց այնպես չի անում: Այս վարքագիծն ամենևին չի բխում «պատմական հողեր ազատագրելու» Թուրքիայի «հայրենասիրական» մղումներից: Այստեղ Թուրքիայի կողմից Ռուսաստանին ուղղված մեսիջ կա. մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկուսով հարցեր լուծելու իմաստով:
Ասում է՝ արի այդ հարցերի լուծման մեջ 50/50 տոկոսով բաժնետեր դառնանք, կեսը՝ դու, կեսը՝ ես: Մի բան, որին, այնուամենայնիվ, Ռուսաստանը դեմ է. հասկանում է, որ եթե այսօր նույնիսկ ոչ թե 50/50, այլ անգամ 70/30 մասնաբաժնով համաձայնի Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, ապա վաղը Թուրքիան Ռուսաստանին ասելու է՝ դե, արի, Միջին Ասիայում էլ նույն սկզբունքով հարցեր լուծենք, ու անտեղ էլ կոնֆլիկտ կհրահրի: Հետո կասի՝ Հյուսիսային Կովկասում կամ Ղրիմում էլ խնդիրներ կան և այսպես շարունակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի պահանջին, և դա է պատճառը, որ Թուրքիան Ադրբեջանին ստիպում է կռվել:
Իսկ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ունեցած որոշակի հաջողություններն իր զորքերի հաջողությունը չեն: Հիմնականում Թուրքիան է մեծապես աջակցում ադրբեջանական բանակին. մեծ հաշվով, Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից և ուղղակի ստիպված է համակերպվել: Այսինքն, սա Թուրքիայի խաղադրույքն է, և Թուրքիան նման կերպ խաղում է նաև Սիրիայում, Լիբիայում և այլն»,-ասաց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանի խոսքով, եթե գերտերությունները ցանկություն ունենան, հինգ րոպեում կարող են դադարեցնել պատերազմը: «Եթե լուրջ ճնշում ուզենային գործադրել, հինգ րոպե հետո պատերազմը կանգ կառներ: Եվ խոսքն ամենևին բանակցային մեթոդների մասին չէ: Խոսքը հատկապես պատժամիջոցներ կիրառելու մեթոդի մասին է:
Կարդացեք նաև
Ընդամենը հինգ րոպեն բավական է, բայց խնդիրն էլ հենց այն է, որ չեն անում դա: Օրինակ՝ նույն ԱՄՆ-ն պատժամիջոցներ շատ է սիրում, Թուրքիայի դեմ 100 կամ 200 մլրդ դոլարի պատժամիջոց կիրառելու պարագայում թուրքական լիրան ամբողջովին անկում կապրի, տնտեսական իրավիճակը վերջնականապես կխարխլվի: Միևնույն ժամանակ, կարելի է դիտարկել Ադրբեջանից գազ ու նավթ չգնելու կամ այդ երկրների ֆինանսական ունեցվածքի վրա տարբեր կալանքներ դնելու հնարավորությունները: Բայց փաստ է, որ նման քայլեր չեն արվում: Պետք է մտածել՝ ինչո՞ւ: Մեր իշխանությունները պետք է մտածեն, թե ինչու է հայտարարվում զինադադարի մասին, բայց զինադադարը, որպես այդպիսին, իրականություն չի դառնում: Իրականում ԱՄՆ-ից ստացվող հայտարարությունները նախընտրական կամպանիայի տիրույթում են: Հայերին ընդամենը գովաբանում են, ոչ ավելին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։