Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարությունը
-Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից մեկը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունից, որը երկու երեխաների հայր էր։ Եվս երկու կամավոր վիրավորվել է։ ԿԽՄԿ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհված կամավորի ընտանիքին և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը։
-Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետևանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը։ Քաղաքացիական անձանց շրջանում կորուստները ժամ առ ժամ են աճում, կյանքը խեղող վիրավորումներ ստացողների թիվը՝ ևս։ Բացի այդ, զգալի վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին։
-Սեպտեմբերի վերջին՝ հակամարտության սրացման սկզբից, ԿԽՄԿ-ն հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային օբյեկտները։ Այս ամենը սոսկ բարի կամքի դրսևորումներ չեն․ սրանք կոնկրետ պարտավորություններ են՝ ստանձնված միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։
Կարդացեք նաև
– ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն։
Կարմիր խաչի միջազգային կոմիտե