Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ վերջ դնելու մարտերին. Ջո Բայդենի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 29,2020 08:35

«Ամերիկայի ձայն». «Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի հայտարարած զինադադարի ձախողումից հետո լայնածավալ մարդասիրական աղետ է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ովքեր արդեն իսկ չափազանց մեծ վնասներ են կրել և նրանց անվտանգությունը պետք է պաշտպանված լինի: Մեկամսյա մարտերից հետո վաղուց արդեն ժամանակն է, որ նախագահ Թրամփը ուղղակիորեն կապ հաստատի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ` անհապաղ դե-էսկալացիա իրականացնելու համար և դադարեցնելու ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Նախընտրական հանրահավաքներում Թրամփը պարծենում է գործարքներ կնքելու իր հմտությամբ, սակայն դեռևս այդպես էլ անձամբ չի ներգրավվել այս պատերազմը դադարեցնելու հարցում: Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չչեղարկի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները, որպեսզի կանգնեցնի ռազմամթերքի հոսքը դեպի Ադրբեջան, և կոչ անի Թուրքիային և Ռուսաստանին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարման միջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների: Միացյալ Նահանգները պետք է առաջնորդեն դիվանագիտական ջանքերը ՝ վերջ դնելու մարտերին մեր եվրոպացի գործընկերների հետ միասին և պահանջի միջազգային մարդասիրական օգնության տրամադրում ՝մարդկային տառապանքներին վերջ տալու համար: Իմ կառավարման ներքո մենք հենց այդպես էլ կանենք»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մի քանի անգամ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի վերջին մի շարք բանակցություններ ու քննարկումներ է անցկացրել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Արդյունքում կողմերը հոկտեմբերի 25-ին հայտարարել էին հրադադարի հաստատման մասին, որը սակայն չպահպանվեց: ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում կարևորել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները պետքարտուղար Պոմպեոյի հետ:

Այս առիթով նա ասել է. «Կարծում եմ ՝ հակամարտության սկզբից ի վեր կողմերը գուցե կարճ հանդիպել են Ռուսաստանում, բայց վաղուց չեն հանդիպել միասին: Այնպես որ, մեզ համար միանշանակ ուրախալի էր այն հանգամանքը, որ հնարավոր դարձավ երկուսի հայտնվելը նույն սենյակում: Ինչպես գիտեք The Washington Post- ի Դեյվիդ Իգնատիուսի սյունակից, նրանք իրականում մնացին ողջ գիշեր: Կարծում եմ ՝ երկուսն էլ ստիպված էին փոխել իրենց ծրագրերը, ուրբաթ օրն անցկացնել այստեղ և մեկնել միայն շաբաթ օրը: Նրանք մնացին հրադադարի համաձայնագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ անցկացնելու համար մեր պետքարտուղարի տեղակալ Սթիվ Բիգընի հետ: Եվ այդ բանակցությունները, իրոք, հանգեցրեցին հրադադարի հաստատմանը: Ցավոք, սակայն, կրակի դադարեցումը չտևեց այնքան ժամանակ, որքան մենք հույս ունեինք: Ակնհայտ է, որ այս հակամարտությունում այս պահին տիրում է խառնաշփոթ:

Պետքարտուղար Պոմպեոն հետամուտ եղավ այս հարցում և հեռախոսազրույց ունեցավ երկու առաջնորդների հետ: Կարծում եմ՝ դա ցույց է տալիս այն կարևորությունը, որ նախագահ Թրամփը տալիս է խնդրին, ինչպես նաև պետքարտուղար Պոմպեոն և փոխպետքարտուղարը, ովքեր փորձում են կարգավորել այս գործընթացը և հարաբերությունները: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան կրակի դադարեցման իրենց պարտավորություններին: Մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Այս հակամարտությունը շարունակվում է Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Սա նոր խնդիր չէ: Սա խնդիր է, որը ձգվել է տասնամյակներ: Մենք շարունակելու ենք ինտենսիվ կերպով դիվանագիտորեն ներգրավվել պետքարտուղարի, պետքարտուղարի տեղակալի միջոցով: Մենք պետք է փորձենք այնպես անել, որ երկու կողմերն էլ ստանձնեն իրենց պարտավորությունները: Բայց ես կարծում եմ, որ դուք տեսնում եք Միացյալ Նահանգների ներգրավվածության բարձր մակարդակը ոչ միայն այս օրերի ներգրավվածության առումով, այլ նաև Մինսկի խմբի միջոցով, ինչը շատ կարևոր է այս գործընթացի համար»,- ասել է Օրտագուսը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031