Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի փոփոխական եւ անփոփոխ ձեւերը

Հոկտեմբեր 29,2020 10:00

Իմ իմացած գրեթե բոլոր ռազմական փորձագետներն են համաձայն, որ այս պատերազմն իր բնույթով տարբերվում է նախորդներից: Այն, ինչ արխայիկ լեզվով կոչվում է «սվինների քանակ», այսինքն՝ քանի զինված մարդ է մասնակցում մարտական գործողություններին, իր տեղն է զիջում տեխնոլոգիաներին, դրանց տիրապետելու ունակություններին, ինչպես նաեւ միջին եւ բարձրագույն հրամկազմի մարտավարական ունակություններին ու ճկունությանը: Այդ առումով շատ բան է փոխվել անգամ 2016 թվականի ապրիլյան մարտերից, իսկ հատկապես՝ առաջին արցախյան պատերազմից հետո:

Էլ չասած, որ շատերիս մտքում որպես օրինակ մնացել է Երկրորդ աշխարհամարտը, որի մասին մենք լսել ենք մեր պապերից եւ կարդացել ենք բազմաթիվ՝ ճիշտ ու սխալ պատմություններ: Այսօրվա պատերազմների եւ Երկրորդ համաշխարհայինի միջեւ բոլոր տեսակի զուգահեռները, մեղմ ասած, խիստ պայմանական են. 75 տարում եւ, մասնավորապես, վերջին երկու տասնամյակների ընթացքում պատերազմի զուտ ռազմական բաղադրիչը, կասեի նույնիսկ՝ իմաստը շատ է փոխվել: Երբ այս պատերազմն ավարտվի, հավանաբար, անհրաժեշտություն կառաջանա այդ ամենը մանրամասն վերլուծելու, եւ դա, հուսով եմ, կանեն նաեւ հայ մասնագետները՝ մեր հետագա ռազմավարությունը մշակելու համար:

Բայց եթե ռազմական տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ, ապա տեղեկատվական պատերազմի ձեւերը եւ հնարքները շատ ավելի «պահպանողական» են եւ, կարելի է ասել, դարերի ընթացքում, ըստ էության, մնում են նույնը՝ փոխվում են քարոզչության կրիչները, սկսած թշնամու բանակի հրամանատարների մագաղաթե հրովարտակներից եւ վերջացրած համացանցով: Այս պատերազմում նույնպես հակառակորդը ձգտում է կոտրել մեր դիմադրողականությունը՝ վախեցնելով, խուճապ կամ առնվազն կասկածներ սերմանելով: Եվ դա կարեւոր փորձություն է՝ մեր զգոնությունը եւ գրագիտությունը ստուգելու համար: Օրինակ, ակնհայտ է, որ թուրքական եւ ադբեջանական աղբյուրները պատերազմի ժամանակ ոչ մի վստահություն չեն կարող ներշնչել: Բայց, ըստ երեւույթին, այնքան էլ ակնհայտ չէ, որ սովորական, ոչ մասնագետ օգտատերերը չպիտի դրանք կիսեն, մեջբերեն՝ թեկուզ հերքելու, վիճելու կամ ծաղրելու նպատակով: Թշնամու տեղեկատվությունը «կպչուն» լինելու հատկություն ունի՝ դուք այն հերքում եք, բայց, միեւնույն է, այն մնում է ձեր ուղեղում եւ խոչընդոտում է ձեր սթափ դատողությանը:

Ես ընդհանրապես գտնում եմ, որ բոլոր վեճերը ֆեյսբուքում պետք է հնարավորինս կրճատել: Նախ՝ դրանք հաճախ ներառում են անհայտ կայքերի կամ անհայտ օգտատերերի գրառումներ, որոնք կարող են արտաքուստ հայկական լինել, բայց դրանց իրական նպատակներն այնքան էլ միանշանակ չեն: Օրինակ, ձեւը կարող է լինել «հայրենասիրական» կամ «մարդասիրական», բայց իրական բովանդակությունը մեր հասարակության մեջ խեղճության, ընկճվածության, լացուկոծի տրամադրություններ սերմանելն է: Երկրորդ՝ հիմա վիճելու եւ դրանով ինքնահաստատվելու ժամանակը չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031