Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվող գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարների պայմանավորվածությունների ձեռքբերմանը հաջորդած զարգացումների ամփոփումն էր: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Ադրբեջանը, միակողմանի կերպով հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անմիջական միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածություններից, շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծումն ու հրթիռակոծումն արգելված զինատեսակների կիրառմամբ:
Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ Ադրբեջանն իր նմանօրինակ դիրքորոշմամբ և կեցվածքով փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից:
Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման մասին ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին Ժնևում հանդիպում անցկացնելու պայմանավորվածության շուրջ:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման մասին ձեռքբերված պայմանավորվածությանը, նշեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակներին կիրառմամբ:
Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն