Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտված հրադադարներ, ավերված բնակավայրեր. միջազգային լրատվամիջոցները՝ ԼՂ կոնֆլիկտի մասին. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 29,2020 00:41

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված միջազգային արձագանքի մասին են խոսում արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ:

Ամերիկյան Fox News-ի հերթական անդրադարձը ԱՄՆ նախընտրական փուլում ԼՂ խնդրի ազդեցության մասին էր: Լրատվամիջոցը կարևորել է ամերիկահայ ընտրողների առանցքային դերը մի քանի փոփոխական նահանգներում`ընդգծելով, որ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև մրցապայքարն աճում է այդ պոտենցիալ որոշիչ ընտրատարածքների համար:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն իր հանրահավաքների ժամանակ երկու անգամ արձագանքել է հավաքին ներկա հայերի կոչերին՝ ասելով, որ իրենք կօգնեն հայերին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Դրան հաջորդել էր ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարը, որը չի պահպանվել:

Այդ մասին «The New York post» պարբերականը հիշեցրել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հասնել դիվանագիտական լուծմանը երկու ժողովուրդների միջև հակամարտության կարգավորման հարցում, քանի որ երկու կողմերն էլ շարունակում են մարտերը ՝ չնայած ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարին:

Միջազգային մամուլի ուշադրությանն են արժանացել հատկապես Լեռնային Ղարաբաղում և հարևանությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերում ռմբակոծությունների հասցրած ավերածությունները:

«The New York Times»-ը ադրբեջանական Տերտեր բնակավայրից հաղորդել է, թե ինչպես են մարդիկ հուղարկավորում իրենց հարազատներին: Մեկնաբանելով կոնֆլիկտը՝ պարբերականը, մասնավորապես, գրել է. «Տարիներ շարունակ Ադրբեջանի ևՀայաստանի ղեկավարները պայմանավորվել էին հետաձգել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի կարգավիճակի շուրջ՝ կրքերի բորբոքումից խուսափելու համար: Բայց դա հանկարծ փոխվեց այս գարնանը, երբ Հայաստանի պոպուլիստ վարչապետը տարածքն անվիճելիորեն հռչակեց հայկական»:

Ըստ պարբերականի՝ մեկ ամիս առաջ սկսված մարտերը սպառնում են ձգվել դեպի Թուրքիա, որը Ադրբեջանի կողմից է, եւ Ռուսաստան, որը սատարում է Հայաստանին:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը թերթին ասել է, թե Բաքուն այլ քաղաքականություն էր ակնկալում Հայաստանի նոր կառավարությունից ղարաբաղյան հարցում, որին, սակայն, այդպես էլ ականատես չեղավ. «Բանակցային գործընթացը վերջնականապես տապալվեց, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստան է»։

«New York Times»-ը նաև գրել է, որ թեև հստակ է, որ պատերազմը նախաձեռնողը Ադրբեջանն է, սակայն, վերլուծաբանների կարծիքով, հայկական կողմի այդ ամբոխահաճո հայտարարություններն էլ իրենց դերն են ունեցել»:

Բրիտանական «Financial Times» պարբերականի հրապարակման համաձայն՝ հակամարտությունը շուտով կարող է հասնել անշրջելի ու վտանգավոր կետի: «Միջնորդները պետք է մեծացնեն ճնշումները, ժամանակի կորուստը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել», -պարբերականին ասել է նախկինում բանակցային գործընթացի անմիջական մասնակից Քերի Քավանոն:

Ամերիկացի դիվանագետի համոզմամբ՝ պատերազմը կագնեցնելու համար Ռուսաստանն ամենամեծ հնարավորություններն ունի, առավել ևս, որ այժմ Միացյալ Նահանգները նախագահական ընտրությունների վերջին փուլ է մտել։ Ամեն դեպքում, սակայն, դիվանագիտական ջանքերը պետք է համաձայնեցվեն խմբի բոլոր երեք անդամների միջև՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։

«Washington post»-ը ևս անդրադարձել է հրադադարի պայմանավորվածություններին՝ արձանագրելով, որ Ալիևը դիմադրում էր հրադադարին:

Ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031