Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին

Հոկտեմբեր 29,2020 13:00

Պատերազմական այս օրերին, անկախ մասնագիտությունից, ամեն ոք յուրովի կատարում է իր պարտքը՝ փորձելով ինչ-որ չափով օգտակար լինել։

Ինչպես 90-ականների արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, պատերազմի թեժ կետերում են նաեւ արվեստագետները։

«Առավոտը» շարունակում է ներկայացնել ոչ միայն առաջնագծում կռվողներին, այլեւ թիկունքում ամեն կերպ ռազմաճակատին օգտակար գործունեություն ծավալող անհատ արվեստագետներին եւ մշակութային կոլետիվներին։

Ցավոք, պատերազմը բոլորին է թելադրում իր պայմանները։ Այդ առիթով կապվեցինք պետական մեկ-երկու մշակութային կոլեկտիվների լրատվական ծառայությունների հետ։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնեցին, որ նվագախմբի երաժիշտներն ու ողջ անձնակազմը հերթափոխով ռազմաճակատի համար այնքան անհրաժեշտ ցանցեր են գործում։ Այդ աշխատանքը ղեկավարում է ալտահարուհի Ժաննա Ափինյանը, որը պատերազմի առաջին օրերից մասնագիտացել է այդ գործում «Վոմա» մարտարվեստների դպրոցում։

Ֆիլհարմոնիկի լրատվականից մեզ հայտնեցին, որ միայն Երեւանում, բացի «Արամ Խաչատրյան» համերգասրահից, գործում է քողարկող ցանցերի պատրաստման ավելի քան 20 կետ, որտեղ ընդգրկված են շուրջ 500 կամավորներ։ Իսկ նախաձեռնության հեղինակը մոսկվաբնակ մեր հայրենակից, մասնագիտությամբ իրավաբան, մանկավարժ Դավիթ Աղաջանյանն է։

Հայաստանի պարի պետական անսամբլից տեղեկացրին, որ օրերս երգիչ Ռուբեն Սասունցիի հետ ելույթ են ունեցել Արմավիրի զորամասերից մեկում եւ իրենց երգ ու պարով ոգեւորել ռազմաճակատ մեկնողներին։ Հավաստիացրին նաեւ, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն։ Մինչ այդ՝ պարի պետականը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ է ունեցել Արցախից Երեւանում գտնվող կանանց եւ երեխաների համար։

Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» անսամբլից էլ ասացին, որ հոկտեմբերի 29-ին կմեկնեն քաղաք Արարատ՝ իրենց ելույթով քաջալերելու ռազմաճակատ մեկնող կամավորներին։ Նշեցին, որ հնարավորության դեպքում պատրաստ են իրենց արվեստով սատար կանգնել բոլորին։

Վերոնշյալ պետական մշակութային օջախների լրատվական ծառայությունները հավաստիացրին, որ լծված են ռազմաճակատին եւ Արցախի ժողովրդին անհրաժեշտ պարագաներով օգնելու գործին՝ ֆինանս, սնունդ, հագուստ, դեղորայք եւ այլն։

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էլ ակտիվ մասնակցություն ունենալով այս ամենին, հոբելյանական 155-րդ թատերաշրջանը օրերս բացեց Վարդան Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության պատմական դրվագների, Կոմիտասի դաժան կյանքի մասին մեկ անգամ եւս հիշեցնող «Վերելք» ներկայացմամբ, որը շեշտադրված զգուշացնում է չխաբվել թշնամու՝ իբր վերափոխված լինելուն եւ պայքարել մինչեւ վերջ։

Երկու օր Գյումրիում եւ երկու օր Երեւանում ներկայացված բեմադրության ողջ հասույթը փոխանցվելու է հայոց բանակին։ Ինչպես հայտնել էր Aravot.am-ը, ներկայացման մեջ ընդգրկված մի քանի դերասաններ ներկայացումից հետո շտապել են ռազմաճակատ՝ հաղթանակը մի քանի րոպե առաջ բերելու տրամադրվածությամբ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031