Լրահոս
Օրվա լրահոսը

Աճյունասափորը ՄԻԵԴ գործերից մեկով` ընտանեկան շիրիմ տեղափոխելու մերժումը չէր առաջացրել 8-րդ հոդվածի խախտում

Հոկտեմբեր 29,2020 13:30

Հիմնավորումը եղել էր այն, որ որոշումը գտնվում էր այս հարցում պետությանը վերապահված սեփական հայեցողության շրջանակներում:

«ՄԻԵԴ-ում եղել են դիմումատուների հարազատների մարմինները վերադարձնելը մերժելու գործեր» հրապարակումից հետո եղան արձագանքներ. թեման հետաքրքրել էր շատերին:

Ես գրել էի, որ այս օրերին հաճախ եմ ուսումնասիրում ՄԻԵԴ-ում արդեն իսկ քննված ընդդեմ Ադրբեջանի, ընդդեմ Թուրքիայի գործերը, ՄԻԵԴ, որն արձանագրել էր, թե` վերջերս քննված գործերից մեկի ժամանակ դատարանը պարզել է, որ իշխանությունների կողմից դիմումատուների հարազատների մարմինները վերադարձնելը մերժելը եւ դրանք անհայտ վայրում թաղելու կարգադրության հետեւանքով, այլազգի դիմումատուները զրկվել էին իրենց հարազատների գերեզմանատան տեղն իմանալու եւ հետագայում այնտեղ այցելելու հնարավորությունից: ՄԻԵԴ-ն այդ գնահատել էր միջամտություն դիմումատուների անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի իրականացմանը:

ՄԻԵԴ դիմողները հուղարկավորման վերաբերյալ իրենց գանգատներում վկայակոչում են Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումը, այն է` անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, որն իր մեջ ներառում է նաեւ ընտանիքի անդամներին հուղարկավորելու իրավունքը, հարազատի հուղարկավորությանն ընտանիքի անդամների մասնակցությունը թույլատրելու մերժմանը պետության կողմից:

Բերեմ մի քանի օրինակներ այլ երկրների դիմումատուների գործերից:

ՄԻԵԴ-ում քննված գործերից մեկով («Սաբանչիեւան եւ այլք ընդդեմ Ռուսաստանի») դատարանն անդրադարձել է պետության քաղաքականությանը, որը «հակված էր մերժել ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց մարմինների վերադարձը դրանց հուղարկավորության նպատակով»: Ըստ դատարանի, ենթադրյալ ահաբեկիչների մարմինները վերադարձնելու մերժումը՝ իր ինքնաբերական բնույթով, արդարացի հավասարակշռություն չի ապահովել պետության շահերի եւ 8-րդ հոդվածից բխող հանգուցյալների ընտանիքի անդամների իրավունքների միջեւ:

ՄԻԵԴ դիմումատուները հաճախ են բողոքում մերձավորի, հարազատի մահվան եւ հուղարկավորության միջեւ անցած ժամանակի, ինչպես նաեւ ընտանիքին հանձնելուց առաջ հանգուցյալի մարմնի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ, հարազատի մարմնից վերցված նմուշների` դիմումատուներին վերադարձի ժամկետը թույլ չի տվել շահագրգիռ անձանց ժամանակին հուղարկավորել իրենց հարազատին, որով դարձյալ խախտվել է 8-րդ հոդվածից բխող անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու նրանց իրավունքը («Ժիրարն ընդդեմ Ֆրանսիայի»): Ի դեպ, «Պետրովան ընդդեմ Լատվիայի» գործով հանգուցյալի մարմնից բուժհաստատության կողմից առանց տուժողի իրավահաջորդին տեղեկացնելու եւ նրա համաձայնությունը ստանալու, օրգաններ են վերցրել` կորզել, ինչը նախատեսված չի եղել օրենքով եւ խախտել է 8-րդ հոդվածի իմաստով շահագրգիռ անձի անձնական կյանքը հարգելու իրավունքը:
«Զորիցա Յովանովիչն ընդդեմ Սերբիայի» գործում բարձրաձայնվել էր դիմումատուին պետության կողմից տեղեկություն չտրամադրելու հարցը:

«Էլի Պոլուհաս Դյոսբոն ընդդեմ Շվեդիայի» գործով դատարանը վճռել է, որ շահագրգիռ անձի ամուսնու աճյունը պարունակող աճյունասափորը Շվեդիայից ընտանեկան շիրիմ տեղափոխելու մերժումը չի առաջացրել 8-րդ հոդվածի խախտում այն հիմնավորմամբ, որ որոշումը կայացվել էր պատշաճ կերպով՝ հաշվի առնելով հանգուցյալի իրավահաջորդի շահերը եւ գտնվում էր այս հարցում պետությանը վերապահված սեփական հայեցողության շրջանակներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

28.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031