Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել եմ՝ իրենք դժոխքում են լինելու եւ դա կտեսնեն». ՊՆ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 28,2020 23:07

Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. « Հակառակորդի հարձակողական լայնածավալ բռունցքի, թափի կոտրելը իրականացված է մեր կողմից, դրանից հետո շարունակվել են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են, եւ հեշտ չի  միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառային տեղանքում բավականին մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չի, որ իրենք այստեղ մեծ հաջողություն ունեն, որովհետեւ մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր տան տերն ենք, եւ միանշանակ հաղթելու ենք…»:

Aravot.am-ը խնդրել էր մեկնաբանել այն տեղեկությունը, որ առաջնագծի որոշ ուղղություններում Ադրբեջանի զինված ուժերը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, ինչը մտահոգիչ է: «Որոշ ուղղություններով Ադրբեջանը վերահսկողությունը կարծես լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին, եւ այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան պատասխանատվություն, կորուստներ ու հետեւանքներ են լինելու,այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունը»:

Հարցին, թե Ստեփանակերտի ծննդատանը հասցված հարվածին ինչպիսի համարժեք պատասխան է տրվելու Արցախի պաշտպանության բանակի կողմից,  Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես դա իրականացնում են Ադրբեջանի զինված ուժերը եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը: Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝  լինի Ադրբեջանի, Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ, թե մեկ այլ պետության  ահաբեկիչ ու հրոսակ: Մենք  ասել ենք՝ բարի գալուստ դժոխք, իրենք դժոխքում են լինելու, եւ իրենք կտեսնեն դա…Այո կռիվը երկար է, կայծակնային չէ,  րոպեների, օրերի կամ ժամերի ընթացքում չենք հաղթելու, բայց  հաղթելու ենք, եւ իրենք վառվելու են այդ դժոխքում»:

Հաջորդ հարցը վերաբերում էր այն տեղեկությանը, որ Կուբաթլիի շրջանում դիրքային որոշակի բարելավում ունենք կան նաեւ գերեվարվածներ: «Ես ուղղություն չնշեմ,միշտ խուսափել եմ առանձին բնակավայրերից, բնագծերից: Արդեն ասել եմ, որ հյուսիսային ուղղությամբ որոշակի դիրքային բարելավում  կա, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղիք տար, որովհետեւ պատերազմ է, ընթացքում լինում են նահանջներ եւ առաջխաղացումներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ArmenianLook-ի ֆոտոշարքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031