Սեպտեմբերի 27-ից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հոկտեմբերի 26-ին հայտարարվեց թվով երրորդ հրադադարի մասին, այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Սա տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հաստատված հրադադարների տապալումից հետո։ Այս շրջանը գործնականում փակվեց ԱՄՆ-ի կողմից, որը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրեց նաև իր կարողությունները հրադադարի հաստատման նպատակով։ Ցավոք, ինչպես Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախաձեռնությունները, այնպես էլ ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարը տապալվեց, դրա հաստատման առաջին իսկ րոպեներից Ադրբեջանը շարունակեց հրետակոծությունները Արցախի տարբեր հատվածներում, նաև Հայաստանի հետ սահմանին։
Թվով երրորդ հրադադարը ևս տապալվեց։ Բայց պետք է հստակորեն տարբերակել ռազմի դաշտում և քաղաքական հարթությունում տեղի ունեցող գործընթացները։ Այսինքն՝ այն հանգամանքից, որ ադրբեջանաթուրքական տանդեմի պատճառով տապալվում են հրադադար հաստատելու քաղաքական նախաձեռնությունները, որևէ դեպքում չպետք է բխեցնել այդ ուղղությամբ կատարվող քաղաքական ջանքերի անարդյունավետությունը։ Պետք է արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի կամ պակաս արդյունավետությամբ անում է առավելագույնը՝ հրադադարի հաստատման ու կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու համար։ Ընդ որում, չափազանց կարևոր է արձանագրել նաև, որ ինչպես ռուսական ու ֆրանսիական, այնպես էլ ամերիկյան կողմերի միջնորդությամբ հաստատված հրադադարները ոչ թե համանախագահող այս կամ այն երկրների անհատական նախաձեռնություններն են, այլ համանախագահների հավաքական ջանքի արդյունք, ինչի մասին հայտարարվել է ամենաբարձր մակարդակով։ Այս արձանագրումը չափազանց կարևոր է նաև մեր՝ ներհայաստանյան քննարկումներում, անթույլատրելի է տրվել ծայրահեղությունների և հնչեցնել գնահատականներ, որ, ասենք, ռուսական նախաձեռնությունը տապալվեց, ամերիկյանը կարող է կյանքի կոչվել։ Պետք է մեկառմիշտ արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չկա առանձին վերցրած ռուսական ջանք կամ ամերիկյան ջանք կամ ֆրանսիական ջանք։ Կա համանախագահների միասնական մոտեցումը, ինչը՝ այդ միասնականությունը, բխում է մեր շահերից։ Հասկանալի է, որ բանակցային գործընթացում համանախագահներից յուրաքանչյուրը շարժվում է սեփական ռազմավարական ու մարտավարական մոտեցումներով, բայց միևնույն է՝ վերջնարդյունքում նրանց նախաձեռնությունը դրսևորվում է որպես միասնական ջանք, որը առնվազն կրակի դադարեցման և գործընթացը բանակցային հուն վերադարձնելու առումով նույնական է մեր շահերի հետ։
Հետևաբար համանախագահ որևէ երկրի միջնորդությամբ հաստատված հրադադարի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ցանկացած քայլ նպատակ ունի տորպեդահարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ ճանապարհ հարթելով դրանում Թուրքիայի ներգրավման համար։ Սա նշանակում է, որ հրադադարի պահպանումը մեզ համար կենսական նշանակություն ունի ոչ միայն կրակը ժամ առաջ դադարեցնելու, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անայլընտրանքայնությունը ապահովելու նպատակով։ Ռուսական, ֆրանսիական կամ ամերիկյան ջանքերով հաստատված հրադադարը Ադրբեջանը խախտում է առաջին հերթին Թուրքիային բանակցային գործընթաց խցկելու նպատակով, ինչն ուղղակի անթույլատրելի է մեզ համար։ Սա, ի դեպ, ևս մեկ ծանրակշիռ ապացույց է միջազգային հանրության համար, թե ինչու հայկական կողմը որևէ պարագայում չի կարող խախտել հրադադարը՝ ի հեճուկս թուրք-ադրբեջանական էժանագին քարոզչության պնդումների։
Կարդացեք նաև
Այսպիսով, հայկական կողմերի կենսական շահերից է բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միասնականությունը։ Այդ համատեքստում, սակայն, կարևոր է նաև արձանագրելը, որ օբյեկտիվ և բնական պատճառներով Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես մեր տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունն ունեցող տերություն, ունի առաջնային կարևորություն, և մյուս համանախագահների գործողությունները կառուցվում են այդ իրողության հաշվառմամբ։ Հետևաբար մեր՝ հայկական կողմի բոլոր ջանքերն այս պահին պետք է ուղղված լինեն առաջին հերթին համանախագահ երկրների, բայց զուգահեռաբար նաև խնդրի կարգավորմամբ շահագրգիռ այլ տերությունների, առաջին հերթին՝ Իրանի շահերի մեկտեղմանը։ Հասկանալիորեն և օբյեկտիվորեն, ինչպես համանախագահ պետությունները, այնպես էլ Իրանը, Մերձավոր Արևելքի մեզ դաշնակից ու ոչ այնքան դաշնակից բազմաթիվ պետություններ ունեն բազմաթիվ ու բազմագործոն, երբեմն հակասական շահեր։
Բայց վստահաբար այդ հակասականությանը զուգահեռ՝ շահերի այդ ամբողջության մեջ առկա են նաև նույնական շահեր, որոնք համընկնում են մեր շահերի հետ։ Շահերի այդ բազմաշերտ համակարգում բոլորին միավորող, ինտեգրալ շահը պանթուրքիզմի ահագնացող վտանգն է, որը սպառնում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլ նաև մեր փոքր ու մեծ տարածաշրջաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին, Եվրոպային, Մերձավոր Արևելքին։
Չնայած այս տարածաշրջանների երկրների ու Թուրքիայի միջև առկա ամենատարբեր կապերին՝ բոլոր այդ պետությունների համար Թուրքիան սպառնալիք է դառնալու, եթե կարողացավ իրագործել այն նպատակը, որի դեմ հենց այսօր պայքարում են Արցախի ու Հայաստանի զինված ուժերը։
Մեզ պարտադրված այս պատերազմը մեզ դարձրել է մեծագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետ։ Այստեղ հատվում ու նույնանում են Արևմուտքի ու Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի, Արաբական աշխարհի, Հնդկաստանի, Չինաստանի ու շատ աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունները։ Եվ մենք առաջին հերթին խնդիր ունենք այս աշխարհաքաղաքական կաթսայում հանդես գալու որպես ինքնաբավ ու ինքնուրույն սուբյեկտ՝ որևէ դեպքում թույլ չտալով մեզ աշխարհաքաղաքական խաղի օբյեկտի վերածելու որևէ փորձ։ Այս բարդ գործընթացում մենք ունենք ինչպես հզոր դաշնակիցներ, այնպես էլ նույնքան հզոր ախոյաններ։ Մեզ պարտադրված այս պատերազմը, սպառնալիքներին ու ռիսկերին զուգահեռ, ի հայտ բերեց նաև նոր հնարավորություններ, այդ թվում ու առաջին հերթին՝ նոր բարեկամներ ու դաշնակիցներ։ Եվ եթե 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ մենք մենակ ենք, չունենք բարեկամներ ու դաշնակիցներ, ապա այսօր կրկին ամենաբարձր մակարդակով արձանագրվում է, որ մենք ունենք մեծ թվով բարեկամներ ու դաշնակիցներ։ Ավելին՝ պատերազմը փորձություն դարձավ հայ-ռուսական դաշնակցության համար, և մեր երկու երկրները այդ փորձությունը հաղթահարեցին պատվով՝ ավելի ամրացնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա ռազմաքաղաքական կապերը։ Այս իրողությունը չափազանց կարևոր է, ինչպես որ այն արձանագրումը, որ այս պատերազմում Հայաստանն ունի բազմաթիվ դաշնակիցներ, որ մենք ոչ միայն միայնակ չենք, այլև շրջապատված ենք բարեկամներով։ Սա էական նշանակություն ունի ինչպես ռազմաքաղաքական հարթությունում, այնպես էլ մեր ժողովրդի համար՝ բարոյահոգեբանական առումով, որովհետև թշնամու դեմ միայնակ լինելու, միայնակ կռվելու գիտակցումը հուսահատեցնող է ու թուլացնող, այն դեպքում, երբ բարեկամներ ու դաշնակիցներ ունենալու վստահությունը հավելյալ ուժ ու էներգիա է հաղորդում թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում։
Այսպիսով, մեր առաջնային խնդիրը պետք է լինի օգտագործել մեր հզոր դաշնակիցների կողմից մեզ տրվող հնարավորություններն այնպես, որպեսզի կարողանանք չեզոքացնել հզոր ախոյաններից բխող սպառնալիքները։ Այս գործընթացում կարևոր են բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, բայց մեր դաշնակիցների թվում առաջնահերթ դերակատարություն ունեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը, որոնց հետ աշխատանքում մենք պետք է անենք առավելագույնը՝ նրանց հնարավորին չափով մերձեցնելու և որևէ դեպքում նրանց միջև տարաձայնություն թույլ չտալու համար։ Այս հարցում չափազանց նուրբ և կարևոր է այն իրողության ամրագրումը, որ Արցախում և Հայաստանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը ոչ միայն հակամետ չեն, այլև նույնական են։ Եթե ավելի պարզ, ապա մեր դիվանագիտության գերխնդիրը պետք է լինի տարբեր մայրաքաղաքների հետ սինխրոն աշխատել այնպես, որ որևէ պարագայում այստեղ կատարվողը ԱՄՆ-ը չհամարի որպես Ռուսաստանի տարածաշրջանային դիրքերին ուղղված քայլ՝ դրանից բխող մեզ համար անցանկալի հետևանքներով։ Նույնկերպ մենք պետք է հնարավորության սահմաններում անենք առավելագույնը, որպեսզի ամերիկյան վարչակազմը Արցախում կատարվողը չդիտարկի հակաիրանականության պրիզմայով։ Այլապես արտաքուստ մեզ համար նպաստավոր թվացող միջազգային միջավայրը կարող է դառնալ նույնքան վտանգավոր ու սպառնալից։
Ինչպես վերը նշվեց, սա բազմաթիվ ու բազմապիսի շահերի խճճված սարդոստայն է, որում հնարավոր չէ հաջողության հասնել միագիծ ու միաքայլ գործողություններով։ Ճիշտ հակառակը՝ Հայաստանից պահանջվում է աննախադեպ ճկունության դիվանագիտական ջանք ու աշխատանք՝ շահերի այդ սարդոստայնը բացելու այնպես ու այնքան, որ բոլոր խաղացողների շահերի նույնականացման միջոցով հնարավոր լինի հասնել մեզ համար ընդունելի հանգուցալուծման։ Սա ոչ միայն հեշտ լուծելի խնդիր չէ, այլև չափազանց բարդ, դժվարագույն խնդիր է, սակայն մենք այլընտրանք չունենք։ Մենք, որպես պետություն, պետք է վարենք այդպիսի դիվանագիտություն, որ կարողանանք արժանի լինել մեր զինվորների հերոսությանը, այնպիսի դիվանագիտություն, որը ոչ թե նոր զոհերի, այլ փրկված կյանքերի ճանապարհ կհարթի։
Մենք ապրում ենք դժվարին ժամանակաշրջանում, գուցե ամենադժվարինը մեր նորագույն պատմության ընթացքում։ Ամեն օր մենք բախվում ենք նոր, ավելի ու ավելի դժվարին թվացող մարտահրավերների՝ ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ թիկունքում ու արտաքին քաղաքական ճակատում։ Բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու ու իրապես հաղթելու համար մեզ անհրաժեշտ է աննախադեպ, անվերապահ միասնականություն ու համախմբվածություն պետության ու պետական ինստիտուտների շուրջը։ Այս օրերին մենք ականատես ենք լինում հանրային ամենաբարձր գիտակցության դրսևորումների, հանուն հաղթանակի ամենաթանկը զոհաբերելու անհատական ու հավաքական պատրաստակամության։ Եվ հենց դա է մեր հաղթելու երաշխավորված գրավականը։ Միևնույն ժամանակ մենք, որպես պետություն ու հասարակություն, պետք է կարողանանք որոշել, թե ինչ ենք հասկանում հաղթանակ ասելով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Դա մեզ անհրաժեշտ է մեր քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործողությունների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման համար։
Հենց այդ նպատակով մենք պետք է գծենք այն սահմաններն ու կարմիր գծերը, որոնք չենք հատելու որևէ պարագայում։ Այս որոշումները մենք պետք է կայացնենք սթափ, սառը ու կշռադատված հաշվարկներով։ Այդ որոշումները մենք պետք է կայացնենք ի խոնարհում մեր նահատակված հերոսների հիշատակի, ի մեծարում հերոսաբար մարտնչող մեր զինվորների ու ի բարօրություն Հայաստան և Արցախ աշխարհի հարատև խաղաղության ու հզորացման։
Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր
Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ