Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա աններելի է, ես չգիտեմ անգամ ինչ պատիժ կարող է սահմանվել այդ մարդկանց, այդ դավաճանության հետեւանքն էր որոշակի դասալքության տրամադրությունը». Գայանե Աբրահամյան

Հոկտեմբեր 28,2020 22:35

«Երեկ գիշեր եմ վերադարձԵլ Արցախից: Արցախում տասը օրերի ընթացքում շատ բան ենք տեսել՝ լավ, վատ, անասելի ոգեշնչող եւ մեռնելու չափ հիասթափեցնող ու թեւաթափ անող, հերոսների անգնահատելի սխրանքներ, նվիրվածություն եւ դրա կողքին նաեւ դավաճանների ու դասալիքների հանձնվողական մթնոլորտ»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Այս առնչությամբ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այս օրերին, երբ ԶԼՄ-ները շատ զգուշությամբ են հրապարակում դասալքության ու պարտվողական տրամադրության մասին լուրերը, Ազգային ժողովի ամբիոնից նման բան հայտարարելը կարո՞ղ է մեր դեմ դուրս գա՝ տիկին Աբրահամյանը պատասխանեց. «Չէ, ես ասացի երկուսն էլ տեսել ենք՝ անասելի ոգեւորություն, բայց նաեւ սա կար դրա կողքին ու նաեւ դրա դեմ է, որ պիտի պայքարենք: Այդ առումով այնտեղ բավական լուրջ աշխատանք տարվում է»:

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ «Այնտեղ իսկապես կային խմբեր եւ կան գուցե: Դե դավաճանության մասով երեկ էլ ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատարը հստակ մի քանի  տվյալներ ասաց՝ դավաճանություն եղել է եւ ամբողջական ցանցը ես հույս ունեմ ամբողջությամբ բացահայտվելու է, որովհետեւ դա աններելի մի բան է, ես չգիտեմ անգամ  ինչ պատիժ կարող է սահմանվել այդ մարդկանց: Այդ դավաճանության հետեւանքն էր որոշակի դասալքության տրամադրությունը: Բայց դա էլ արդեն  հաղթահարվում է, որովհետեւ  այնտեղ իսկապես մարդիկ հստակ տարբերակում էին ինչ է տեղի ունեցել, արդեն հասկանում են եւ դա իր ազդեցությունը այլեւս չի ունենում»:

Գայանե Աբրահամյանն ասաց, որ մեր զինվորները, մեր երեխաներն իսկապես հրաշք են, մնում է նրանց արժանի հրամանատարներ լինեն. «Այդ առումով մի քիչ խնդիրներ են եղել, բայց արդեն փոխվել է, այդ առումով նաեւ ամրանում ենք հիմա»:

Ի դեպ, «Արմնյուզին» տված հարցազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել էր հրամանատարների վերաբերյալ բողոքներին ու այսպես բացատրել. «Ինչի՞ց էին բողոքում, որ հրամանատարն ուշ-ուշ է երեւում, մշտական իրենց հետ չի: Բայց զորքը մեծանում է, հրամանատարները քչանում են, ի վերջո կորուստ ենք կրել բավականին մեծ թվով միջին կազմի հրամանատարներից, ովքեր հենց դաշտում պիտի գային իրենց կողքին կանգնեին, բայց ֆիզիկապես այդքան քանակ չկա, որ գնան կանգնեն: Վաշտի հրամանատարներ, գումարտակի հրամանատար, տեղակալներ, դասակի հրամանատար, այս օղակն է ամենաշատը կորուստ կրել, որովհետեւ այս օղակը զինվորի հետ հավասար կանգնած է խրամատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031