Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավականին խիստ կարգավորումներ են». Արա Ղազարյանը՝ ռազմական դրության ժամանակ լրատվամիջոցների սահմանափակումների մասին

Հոկտեմբեր 28,2020 21:33

«Սահմանափակումները բավականին լայն են եւ եթե հետեւենք օրենքի ձեւակերպումներին, ապա լրագրությունը պետք է սահմանափակվի բացառապես պաշտոնական տեղեկություններ հրապարակելով»,- այսօր Հետք Մեդիա Գործարանի կազմակերպած՝ «Ի՞նչ պետք է իմանա լրագրողը՝ ռազմական դրության ժամանակ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց իրավաբան Արա Ղազարյանն՝ անդրադառնալով պատերազմի առաջին օրը ՀՀ կառավարության կողմից հրապարակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության որոշմանը, որում ներառում են նաեւ լրատվամիջոցների եւ լրագրողների գործունեությունը սահմանափակող դրույթներ:

Արա Ղազարյանի գնահատմամբ. «Բավականին խիստ կարգավորումներ են»:

Օրենքի դրույթներն, ըստ բանախոսի, թողնված են կկատարող մարմնի՝ տվյալ դեպքում ոստիկանության մեկնաբանմանը, իսկ սահմանված տուգանքները եվս  չափազանց բարձր են. «Այն աստիճան, որ կարելի է ասել՝ քրեական պատասխանատվություն ենթադրող տուգանքները մի քանի անգամ իրենց խստությամբ եւ չափով ավելի նվազ են, քան վարչական տույժ սահմանող նորմերը»:

Կառավարության որոշմամբ գրեթե ցանկացած տեսակի տեղեկատվություն՝ հրապարակում, տեղեկատվական նյութ, հարցազրույց եւ այլն, որը կարող էր հրապարակվել լրատվամիջոցների կողմից՝ մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, տեխնիկայի եւ զինված ուժերի, զորքի շարժի, կորուստների մասին խիստ կարգավորման դաշտում են, ենթադրելով բացառապես պետական մարմնի տեղեկատվության հրապարակում կամ պետական մարմնի տրամադրած տեղեկատվությունից չտարբերվող տեղեկատվության հրապարակում: Հակառակ պարագայում տուգանքները 700.000-ից մինչեւ 1 միլիոն դրամ են կազմում:

«Նման կարգավորման պայմաններում շատ դժվար է լրատվամիջոցներին նախ կանխատեսել, թե որ տեղեկությունը չի հանգեցնում պատասխանատվության, եւ աշխատել այնպես, որ ապահովի իր անկախությունը եւ հասարակությանը կարողանա հասցնել տեղեկատվություն, քանի որ հասարակությունն ունի դրա կարիքը»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ լրագրողը կարող է հղում անել պաշտոնական տեղեկատվությանը՝ իր սեփական վերլուծությունն անել նաեւ՝ բազմակողմանի ստուգված տեղեկատվության հիման վրա, ինչպես էթիկական նորմերն են պահանջում, բայց պետք է շատ զգույշ լինի, քանի որ իր կարծիքը կամ վերլուծությունը նույնպես կարող է ընկալվել կառավարության տեսակետը հերքող կամ այն քննադատող: Իրավաբանի գնահատմամբ, սա արդեն բավական դժվար կացության մեջ է դնում տեղեկատվություն հրապարակող լրատվամիջոցին.

«Օրինակ, ի՞նչ է նշանակում՝ «…որեւէ այլ կերպ քննադատող»: Իրավունք ունի՞ լրագրողը քննադատել կամ կասկածի տակ դնել ինչ-ինչ ռազմական գործողություններ: Այս կարգավորման համաձայն չունի, քանի որ կարող է հանգեցնել ընդհուպ մինչեւ գործունեության կասեցման»:

Իրավաբանն անդրադարձավ նաեւ այս օրերին տարբեր օգտատերերի՝ոստիկանության կողմից ներկայացվող պահանջին՝ սոցիալական ցանցերից հեռացնել այս կամ այն գրառումը: Կառավարության որոշման համաձայն, ըստ իրավաբանի, ոստիկանությունն ունի վերահսկողություն իրականացնելու գործառույթ: Եվ ոստիկանությունը չի խախտում որեւէ օրենք, երբ նույնիսկ զանգով է դիմում քաղաքացուն, բայց ոստիկանները պետք է հիմնավորեն, թե ինչո՞ւ է տվյալ կոնտենտը հակասում օրենքին ու  նոր հեռացնելու պահանջ ներկայացնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031