Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզ ասում էին՝ ոչինչ, հիմա մենք մի քիչ կթողնենք, հետո ամբողջը կվերցնենք հետ, կհաղթենք». Գայանե Աբրահամյանը՝ նահանջի ու Արցախում տիրող տրամադրությունների մասին

Հոկտեմբեր 28,2020 21:12

Բավականին մեծ թվով կանայք մնացել են Ղարաբաղում՝ իրենց որդիներին, եղբայրներին ու ամուսիններին թեւ ու թիկունք լինելու: Նրանք մեծ սպասում ու մեծ վստահություն ունեն, որ հաղթանակ ենք ունենալու:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոր է վերադարձել Արցախից: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ տրամադրություններ են տիրում այնտեղ. «Իրենք բոլորիս ուժ էին տալիս: Տպավորություն էր, որ մենք անտեղ էինք՝ իրենց օգնելու, ուժ տալու, բայց ստացվում էր մեծ հաշվով հակառակը»:

Հարցին՝ ֆեսբուքում որոշ օգտատերերի շրջանում մեկ-մեկ անկումային տրամադրությունն է իշխում, այնտեղ ի՞նչ մթնոլորտ էր՝ Գայանե Աբրահամյանը պատասխանեց. «Արցախում հատկապես վերջին մեկ շաբաթը բավական լավ էր տրամադրությունը, որովհետեւ տեսնում էին, որ շատ ավելի պինդ ենք այն առումով, որ զենքի խնդիր չկա, նաեւ որոշակի աջակցության մթնոլորտը տեսնում էին, հատկապես նկատի ունեմ մեր ռազմավարական գործընկերներից: Այդ առումով իրենք շատ ոգեւորված էին, ի տարբերություն շատ ավելի վաղ շրջանի:

Ընդհանուր առմամբ տրամադրությունը, իհարկե, բարդ էր, այնպես չէր, որ շատ ուրախ էին, հաղթական էին տրամադրված, որովհետեւ նաեւ լուրերի առումով շատ ավելի ինֆորմացված են, քան Հայաստանում, բայց անխտիր բոլորը սահմանում հայր, ծնող երեխա, ամեն ինչ ունեն: Իրենք հաճախ այն տեսանկյունից էին դիտում, որ միշտ են եղել մարտավարական նահանջներ ու այդ նահանջներին միշտ հաջորդել է հաղթանակը: Այդ ընկալումն իրենց մեջ կա, որովհետեւ իրենք ապրել են 92-ին նաեւ, 93-ին, այդ ամբողջ ժամանակահատվածը իրենց աչքի առաջ է ու մեզ էլ էին ասում՝ ոչինչ, հիմա մենք մի քիչ կթողնենք, հետո ամբողջը կվերցնենք հետ, կհաղթենք»:

Արցախում Գայանե Աբրահամյանին հարց են ուղղել՝ ի վերջո ո՞րն է մեր հաղթանակի բանաձեւը ընդհանուր առմամբ, արդյոք մի քանի տարածքի կորցնելը պարտությո՞ւն է: Գայանե Աբրահամյանի խոսքով՝ «իրենք էլ հասկանում էին եւ շատ հաճախ մյուսներին բացատրելի էին դարձնում, որ այս պատերազմի եւ թշնամու հիմնական նպատակը մի քանի օրում ամբողջը գրավելն էր եւ իրապես ցեղասպանություն իրականացնելն էր եւ այդ ելակետից ելնելով՝ հաճախ իրենք էին ասում՝ մենք իրականում արդեն հաղթել ենք: Այս ծավալի, այս լայնամասշտաբայնության, հրետանու այդ աստիճանի եւ անասելի ու անթույլատրելի զենքերի կիրառման այս քանակի առումով մենք արդեն հաղթել ենք: Այս տրամադրությունը իսկապես կար: Շատ տարբեր տրամադրություններ էլ կային, բայց կար նաեւ ակնհայտ որոշ խմբերի կողմից անկումային տրամադրությունների ներարկում, իշխանության դեմ որոշ «нарратив»-ների ներարկում եւ այլն: Բայց նաեւ այդ առումով իրենք շատ պինդ են, իրենք շատ լավ հասկանում են իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում: Հենց իրենք էին ասում, որ շատ հաճախ հենց գյուղերում, խրամատներում, դիրքերում տղաները, նաեւ քաղաքացիական բնակչությունը շատ ավելի իմաստուն են: Ասում էին՝ այս պատերազմը հիմա պիտի լիներ, որովհետեւ եթե մի տարի հետո լիներ, իրենք տեսնում էին, որ մենք ամբողջ առաջնագիծը շատ նոր տեխնիկայով էինք զինում, ամբողջ առաջնագիծը բետոնապատվում էր, աշխատանքները տեսնում էին, հստակ գիտեին, որ մի տարի հետո իրենք եթե անգամ ռումբերով թիրախավորեն, չեն կարողանալու այդ խրամատից մեզ հանել, դրա համար հրատապ արեցին, անգամ իրենք էլ այդքան պատրաստված չէին: Ասում էին՝ մի տարի հետո մենք անպարտելի կարող էինք դառնալ, որովհետեւ մենք այս մի տարվա մեջ ամեն ինչ արել էինք՝ ամրացնելու համար մեր դիրքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031