Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ նախորդ օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է համատեղ մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը:
«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծեք այս հարցը: Եթե ուզում եք, եկեք միասին լուծենք: Դուք կխոսեք ձեր գործընկերների հետ, մենք` մեր: Թող խոսեն նաև մեր արտգործնախարարներն ու մյուսները: Կարևորն է հասկանալ, թե մենք կարող ենք լուծել այս հարցը, թե ոչ»,- ասել է Էրդողանը ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ։
«Նրանք մեզ ասում են, թե դուք Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալներ եք ուղարկում Ադրբեջան: Ես հարգարժան նախագահ Պուտինին ասացի, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մոտ 2 հազար անդամ կռվում է Հայաստանի համար, նրանց յուրաքանչյուրին վճարում են 600 դոլար: Պուտինը, պատասխանեց, որ ինքն այդ մասին ոչինչ չգիտի: Ահա ես էլ նրան ասացի այդ մասին»,- հավելել է Էրդողանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ