Խոսրով Հարությունյանի խոսքով՝ մեր պարագայում, տնտեսության զարգացման համար, գլխավոր խնդիրը լինելու են ներդրումները:
«Այո, նույնիսկ այսօր, երբ ռազմական գործողությունները չեն դադարել եւ բանակցային գործընթաց սկսված չէ, արդեն ակնհայտ են այն տնտեսական խնդիրներն ու բարդությունները, որոնք, հավանաբար, կծառանան մեր երկրի առջեւ՝ ռազմական գործողությունների դադարից հետո: Մենք արդեն տեսնում ենք պանդեմիայի արդյունքում առաջացած տնտեսական խնդիրները, դրանց կգումարվեն նաեւ պատերազմական գործողություններով պայմանավորված խնդիրները»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվել էր՝ ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունն այսօր կամ ապագայում, որպեսզի Հայաստանի ռազմական ներուժը մեծացնի, հարցրել էինք նաեւ՝ ո՞րն է այն տնտեսական հենարանը, որի վրա պետք է հենվել՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու, զենք գնելու եւ այլ կարեւոր ծախսեր կատարելու համար:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ մեր պարագայում, տնտեսության զարգացման համար, գլխավոր խնդիրը լինելու են ներդրումները: Ընդ որում, խոսքը պետք է գնա ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած ներդրումների մասին. «Ուստի, այս տեսանկյունից, կարծում եմ, որ շատ էական է, թե ինչպե՞ս կավարտվի պատերազմը: Արդյոք, այն բանակցային գործընթացը, որը որ կսկսվի կամ այն զինադադարը, որին, որ կարող ենք հասնել, իր մեջ կպարունակի՞ թեկուզ նշույլ անգամ մտահոգություն, որ ռազմական գործողությունները կարող են կրկնվել: Եթե նման մտահոգություն անգամ եղավ, մեր երկիր ներդրումներ ներգրավվելու հնարավորություններն էապես բարդանալու են: Այդ պատճառով, շատ էական է թե ինչո՞վ է ավարտվելու պատերազմը՝ անժամկետ հրադադա՞ր, ինչպես 1994-ի համաձայնագիրն էր, թե խաղաղության պայմանագիր, որը կարող է որակապես նոր իրավիճակ ստեղծել մեր երկրում»:
Կարդացեք նաև
Բայց անկախ այս ամենից, Խոսրով Հարությունյանը, որը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1992-ից 1993 թթ.-ին, կարծում է, որ հիմնական շեշտը պետք է դրվի, ժամանակակից կարողություններով ներդրումների ներգրավման վրա. «Առանձնահատուկ պետք է կարեւորել գիտատար, ոչ էներգատար եւ ոչ նյութատար արտադրանքի արտադրության կազմակերպումը: Առանձնահատուկ պետք է կարեւորել այնպիսի արտադրանքների հիմնումը կամ ձեւավորումը, որոնք կարող են արժեքային շղթայի մեջ տեղավորվել: Օրինակ՝ ցանկացած կոմպլեքս, չի կարող աշխատել առանց շարժիչների: Հետեւաբար, եթե Հայաստանն ունենա ժամանակակից շարժիչների արտադրական կարողություններ, ապա այդ արտադրանքը պահանջարկ կգտնի տարբեր արտադրական շղթաներում: Ըստ իս, առանձնահատուկ պետք է կարեւորվեն կրթության ոլորտում բարեփոխումները: Հատկապես, կրթական համակարգում պետք է ուշադրություն դարձնենք մաթեմատիկայի վրա: Մեզ պետք են ժամանակակից գիտելիքներով օժտված ինժեներներ: Առանձնահատուկ պահանջարկ պետք է ձեւավորվի ինժեներական մասնագիտությունների համար: Ինժեներիան ուղղակի անհրաժեշտ է: Հայաստանի նման պետությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի ռազմաարդյունաբերությանը: Այդ ոլորտում մեր ավանդական գիտական դպրոցները՝ մաթեմատիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, ֆիզիկայի ոլորտում, պետք է վերակենդանանան»:
Խոսրով Հարությունյանի խոսքով, հանքարդյունաբերությունը մեզ համար եղել է յուրատեսակ հումքային կարողություն եւ չի վերածվել վերամշակվող արդյունաբերության. «Ադրբեջանը նավթ է ունեցել, նավթ է վաճառել, մենք ընդերքում մոլիբդենի եւ պղնձի խտանյութ ենք ունեցել, խտանյութ ենք վաճառել եւ հանքարդյունաբերությունն այն տնտեսական էֆեկտը չի տվել մեր տնտեսությանը, որը կարող էինք ունենալ: Հետեւաբար, այո, խոսքը գնում է, սովորական ընդերք օգտագործողից վերամշակող արդյունաբերության վերածվելու մասին: Սա կարող է տնտեսական աճի լուրջ խթան դառնալ: Բայց նաեւ, սա նշանակում է՝ բավական լուրջ ներդրողների ներգրավում՝ նորագույն տեխնոլոգիաներով: Իսկ այս ամենը դարձյալ մի կարեւոր հանգամանք է պահանջում՝ անվտանգային երաշխիքներ: Կլինի սա, ցանկացած նախաձեռնություն, եթե, իհարկե, խելքով մոտենանք, հաջողություն կբերի»:
Անդրադառնալով Ամուլսարի խնդիրն, պարոն Հարությունյանն ասաց՝ ըստ իս, անտեղի ձգձգվեց. «Եթե կա նույնիսկ մեկ տոկոսի վտանգ, որ ընդերքը, հատկապես ջրային պաշարները կարող են վտանգվել, ապա մենք դա չենք կարող հաշվի չառնել: Ես ըմբռնումով եմ վերաբերվում նման մտահոգություններին: Բայց, միաժամանակ, հասկանում եմ, որ թե մեր տնտեսական ապագայի, թե ընդհանրապես, միջազգային հարթակներում քո տնտեսությունը հրապուրիչ ներկայացնելու տեսանկյունից, Ամուլսարի ծրագիրը շատ կարեւոր կարող է լինել: Նույնիսկ՝ բեկումնային»:
Նախկին վարչապետը այս հարցի վերաբերյալ իր մոտեցումն ունի. «Կհրավիրեի ներդրողներին եւ կասեի, որ կասկածի տակ չեմ ուզում դնել, որ այս ծրագիրն էկոլոգիական տեսանկյունից միանգամայն երաշխավորված է, բայց, հաշվի առնելով առկա մտահոգությունները, որոնք չենք կարող անտեսել եւ եթե կա գոնե մեկ տոկոս սպառնալիք, դա պետք է չեզոքացնել, ես կառաջարկեի ուսումնասիրել եւ հասկանալ՝ որքա՞ն նոր ներդրում է պետք, որպեսզի այդ մեկ տոկոս սպառնալիքը վերանա. կատարեք այդ ներդրումը, փոխարենը ես ձեզ հավելյալ արտոնություններ եմ խոստանում: Այդ դեպքում, կարծում եմ, հարցը չէր դառնա վեճ՝ իշխանությունների եւ ներդրողների միջեւ, այլ կդառնար երկխոսություն, ինչը էապես կբարձրացներ մեր երկրի վարկանիշն, իբրեւ պետության, որտեղ ունեն մշակույթ՝ բանակցելու: Արդյունքում, նաեւ իշխանության վարկանիշն է ներդրողների շրջանում բարձրանալու:
Ես կարծում եմ, որ այս ռեսուրսը դեռ կորսված չէ, առավել եվս պատերազմի հետեւանքները հաղթահարելու առումով»: Պարոն Հարությունյանի կարծիքով, որեւէ լուծում, արբիտրաժային դատարանների միջոցով, մեր պետության տնտեսական վարկանիշը չի բարձրացնելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ