Այն, ինչ հայրենիքի համար այս օրերին կատարվում է Շիրակի մարզում, աննկարագրելի է․ գյուղ առ գյուղ ոտքի են ելել հայրենիքը պաշտպանելու․ գյուղապետից մինչև հովիվ զենք են վերցրել, կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ։
Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի էջում անընդմեջ կարելի է տեսնել մարտի պատրաստվող կամավորական ջոկատների անզիջում, խրոխտ կեցվածքով լուսանկարները։ Մի տեղ Արփի խոշորացված համայնքի կամավորական ջոկատն է՝ համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի գլխավորությամբ, մյուս լուսանկարում Աշոցք խոշորացված համայնքի ջոկատն է՝ համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ, մեկ այլ լուսանկարում Սարապատ խոշորացված համայնքի ջոկատն է և այսպես շարունակ․․․
Անչափ հուզիչ է Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշում կատարվածը․ Ապրիլյան պատերազմում աննկարագրելի սխրանքներ գործած ու նահատակված հերոսների ծնողներն ու հարազատներն են մեկնում ռազմաճակատ։ Թալիշում քառօրյա պատերազմի ժամանակ անմահացած 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի հայրը՝ Արծվիկ Գաբոյանն ու եղբայրը՝ Հայկը ևս մեկնել են ռազմաճակատ։
Կարդացեք նաև
Հայրը՝ Արծվիկ Գաբոյանը արցախյան բոլոր պատերազմների մասնակիցն է, նա ապրիլյան պատերազմի ժամանակ էլ պայմանագրային զինծառայող էր Արցախում։ Նա մեծ հպարտությամբ էր պատմում որդու հերոսության մասին՝ առանց արցունքների, առանց սգալու ։
Մարինե Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրանց լուսանկարը՝ գրելով․ «Արգիշտի Գաբոյանի հայրն ու եղբայրն են՝ Արծվիկն ու Հայկը…
Արգիշտին անմահացավ ապրիլյան պատերազմում…
Արծվիկն ու Հայկը հերթական անգամ մեկնեցին ռազմաճակատ…
Այ, այս նկարն է պետք տարածել ու հպարտանալ… Իրենք են մեր ուժն ու հավատը…
Խոնարհումս ձեզ, կյանքով ու հաղթանակով վերադարձ»։
Գոռ Գաբոյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ ապրիլյան պատերազմում նահատակված Մոնթեի՝ Բենիամին Եղոյանի հայրը՝ Ներսես Եղոյանը, լսելով զինակից ընկերների ռազմաճակատ մեկնելու լուրն, իրեն պատկանող «Ուազ» մակնիշի մեքենան է նվիրաբերել Մեծ Մանթաշի կամավորական ջոկատին։ Գոռ Գաբոյանը հրապարակել է նաև լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Մոնթեի հայրը Հայոց բանակի նվիրյալներից է՝ արցախյան շարժման մասնակիցներից, սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերն է։ Նա զինվորականներին հայտնի է «Բատյա» մականվամբ։ Նա եղել է ՀՀ ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետը, այժմ առողջական խնդիրներ ունի, կորցրել է ոտքը, գամված է սայլակին։
Ներսես Եղոյանի անմահացած որդին՝ Մոնթեն, որը շարունակել է հոր գործը՝ ավագ լեյտենանտ էր, հայտնի էր որպես տանկի տիրակալ։ Նա արժանացել էր «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ