Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ավարտվում համավարակները

Հոկտեմբեր 28,2020 23:00

Նոր կորոնավիրուսի պանդեմիան առաջնային մարտահրավեր է աշխարհի համար, սակայն այն, ինչպես հայտնի է, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին համավարակն է, որը պատուհասել է մարդկությանը։ Ավելին, անցյալի հիվանդությունների հարուցիչները շարունակում են ապրել նաև մեր օրերում, իհարկե՝ ոչ այնքան մեծ վտանգ ներկայացնելով մարդկության մեծամասնության համար։

BBC լրատվական գործակալությունը փորձել է պարզել, թե ինչպիսի ավարտ են ունեցել մարդկությանը պատուհասած նախորդ համավարակները։

Բուբոնային ժանտախտ

Բուբոնային ժանտախտի 3 խոշոր բռնկում է տեղի ունեցել, որոնցից առաջինը թվագրվում է մ․թ․ ա․ 541 թ․-542 թթ․։

Այս հիվանդությունը փոխանցվում է վարակված լվերից, որոնք մակաբուծում են տնային և դաշտային առնետների վրա։ Հիվանդությունը տարածվում է նաև վարակված մարդկանց միջոցով՝ օդակաթիլային ճանապարհով։ Բուբոնային ժանտախտի հետևանքներն աղետալի են։

Բուբոնային ժանտախտի հարուցիչը՝ Yersinia pestis բակտերիան, որը մակաբուծում է առնետների վրա։

2000 տարվա ընթացքում բուբոնային ժանտախտը սպանել է հարյուր միլիոնավոր մարդկանց։

1346–1353 թթ․ բռնկված «Սև մահի» համաճարակը համարվում է բուբոնային ժանտախտի ամենամահաբեր բռնկումը։

Ախտահարված ավշային հանգույցների այտուցներ (որոնք անվանում են բուբոններ) առաջացնող հիվանդությունը հնարավոր եղավ զսպել խիստ կարանտինի ու սանիտարական պայմանների բարելավման միջոցով։ Սակայն դա տեղի չէր ունենա առանց հասկանալու, թե ինչպես է փոխանցվում հիվանդությունը, ասում է Սթիվեն Ռայլին՝ Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսորը։  Դա արդիական է նաև այսօր։

«Երբ գիտնականները տեղեկություններ են ստանում հիվանդության մասին ու կիսվում միմյանց հետ դրանց վերաբերյալ, վարակի տարածումը նշանակալիորեն զսպող միջոցների ձեռնարկման հնարավորություն է ստեղծվում»,- ասում է պրոֆեսորը։

Այնուամենայնիվ այսօր էլ հանդիպում են բուբոնային ժանտախտի դեպքեր, օրինակ այս տարվա հուլիսին՝ Մոնղոլիայում։

Սակայն նոր դեպքերը սակավաթիվ են, և այժմ այդ հիվանդությունը հաջողությամբ բուժվում է հակաբիոտիկներով։

Բնական ծաղիկ (օսպա)

Վիրուս, որը ոչնչացրեց գիտությունը։

Բնական ծաղկի մի շարք խոշոր բռնկումներ են տեղի ունեցել, որոնցից առաջինը գրանցվել է 1520 թ․-ին։
Բնական ծաղիկը մարդկության ամենամահաբեր հիվանդություններից մեկն է եղել։ Հիվանդի ողջ մարմնի վրա առաջանում էին հեղուկով լցված բշտեր, հիվանդության բռնկման ժամանակ 10-ից 3-ը մահանում էին։

Բնական ծաղիկը փոխանցվում էր օդակաթիլային ճանապարհով կամ վերքերի միջոցով։

Հարուցիչը՝ ծաղկի վիրուսը

Ինչպես և ժանտախտը, բնական ծաղիկը սպանել է հարյուր միլիոնավոր մարդկանց, 300 միլիոն՝ միայն ХХ դարում, սակայն այժմ այդ հիվանդությունից ոչ ոք չի մահանում։  1796 թ․-ին բրիտանացի բժիշկ Էդվարդ Ջեները բնական ծաղկի դեմ պատվաստանյութ մշակեց, նրա և գիտական համայնքի շնորհիվ հաջողվեց արմատախիլ անել հիվանդությունը, թեև դրա համար մոտ 200 տարի պահանջվեց։

Բնական ծաղիկը մարդկային միակ հիվանդությունն է, որը հաջողվել է վերացնել այդպիսի ճանապարհով։ Պրոֆեսոր Ռայլին դա համարում է մարդկության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որը համեմատելի է Լուսնի վրա վայրէջք կտարելու հետ։

Խոլերա

Հիվանդություն, որը բնորոշ է եկամուտի ցածր մակարդակ ունեցող երկրներին։

Խոլերայի բազմաթիվ բռնկումներ են գրանցվել, հիվանդության խոշոր պանդեմիան թվագրվում է 1817 թ․-ին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով փոխանցվող սուր աղիքային հիվանդությունն իր 7 պանդեմիայի ընթացքում միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել։

Հարուցիչը՝ Vibrio cholera բակտերիան

Արևմուտքում հիգիենայի ու սանիտարական պայմանների բարելավման շնորհիվ այս հիվանդության բռնկման վտանգը նվազագույնի է  հասցված, սակայն եկամուտի ցածր մակարդակ ունեցող բազմաթիվ երկրներում, ԱՀԿ տվյալներով, խոլերան տարեկան 100-140 000 մարդու կյանք է խլում։

Գրիպ

Սեզոնային հիվանդություն, որը մի քանի պանդեմիա է հարուցել՝ XIX դ․-ից 2010 թթ․-ին։

1918 թ․-ին բռնկված այսպես կոչված իսպանական գրիպի՝ իսպանկայի պանդեմիան նորագույն պատմության ամենախոշոր բռնկումներից մեկն էր, որը ողջ աշխարհում 50–100 միլիոն մարդու կյանք խլեց։

Ինչպես և կորոնավիրուսային հիվանդության դեպքում, մեկուսացումն ու կարանտինը բավականին զսպեցին հիվանդության տարածումը։

Իսպանկայի հարուցիչը՝ H1N1 վիրուսը

1918-1920 թթ․-ին բռնկված գրիպի երկու ալիքից հետո H1N1 վիրուսի շտամն անհետացավ՝ վերածվելով ավելի թեթև տարբերակի, որը մինչ այժմ ամեն տարի շրջանառվում է։

Իսպանական գրիպը խլեց միլիոնավոր մարդկանց կյանքեր, սեզոնային գրիպը նույնպես մինչ օրս շարունակում է վտանգավոր լինել բազմաթիվ մարդկանց համար։

«Իսպանկային» հաջորդեցին գրիպի այլ պանդեմիաներ։

1968 թ․-ին հոնկոնգյան գրիպը խլեց մեկ միլիոն մարդու կյանք ու դեռևս շրջանառվում է որպես սեզոնային հիվանդություն։ Մինչ օրս առկա է խոզի գրիպը՝ H1N1 վիրուսի տեսակներից մեկը, որով 2009 թ․-ին վարակվեց աշխարհի բնակչություն 21%-ը։

ՄԻԱՎ / ՁԻԱՀ

1981 թ․-ից մինչ օրս շարունակվող համաճարակ է։

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) պայմանավորված ինֆեկցիոն հիվանդությունը մինչ օրս ողջ աշխարհում խլել է ավելի քան 32 միլիոն մարդու կյանք։

Մարդու իմունային անբավարարության վիրուսը ախտահարում է իմունային համակարգի բջիջները

Պրոֆեսոր Ռայլիի խոսքով՝ ՄԻԱՎ-ը կարելի է դիտարկել որպես վիրուսի վատագույն սցենար, քանի որ շատ երկար ժամանակ այն ախտանշաններ չի առաջացնում ու մահաբերության բարձր ցուցանիշ ունի։ Այն արագ է տարածվում, քանի որ մարդիկ միշտ չէ, որ տեղյակ են վարակված լինելու մասին։

Սակայն ախտորոշման մեթոդների ձեռքբերումներն ու հասարակության իրազեկմանն ուղղված արշավները թույլ տվեցին նվազեցնել հիվանդության տարածումը, սակայն, ԱՀԿ տվյալներով, 2019 թ․-ին ՁԻԱՀ-ից մահացել է 690 000 մարդ։

Sars և Mers կորոնավիրուսներ

Բռնկումները՝ 2002-2003 թթ․,  2012 – մեր օրեր։

ԱՀԿ տվյալներով 2002 -ից 2003 թթ Ծանր ընթացքով սուր շնչառական հիվանդությունից (Sars) մահացել է 800-ից ավելի մարդ։

Կորոնավիրուս Sars (Sars-Cov) հայտնաբերվել է 2003 թ․-ին։

2003 թ․-ի վերջին հիվանդության նոր դեպքեր այլևս չեն հայտնաբերվել և ԱՀԿ-ն հայտարարել է, որ հիվանդության բռնկումը  մարել է։

Ավելի ուշ հայտնվեց Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (Mers), որի հարուցիչը նույնպես կորոնավիրուսն էր․ այն 912 մարդու կյանք խլեց։ Հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվեցին Արաբական թերակղզում։ Այս վիրուսով վարակվելու վտանգը մեծ է Մերձավոր Արևելքում, որտեղ մարդիկ, որպես կանոն, վարակվում են ուղտերից։

 Covid-19 – աննախադեպ կորոնավիրուս

Բռնկումը՝ 2019 թ․ից-մեր օրեր։

Հիվանդության հարուցիչը՝ Sars-Cov-2-ը 2003 թ․-ին տարածված Sars-ի նոր տեսակն  է, որը մասնագետներն աննախադեպ են համարում՝ պայմանավորված հիվանդության յուրահատուկ ընթացքով՝ ախտանշանների բացակայությունից մինչև մահացու ելք։

Վիրուս Sars-Cov-2

Այս նյութի հրապարակման պահին Կովիդ-19 հիվանդությունը խլել է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք։

Վարակի փոխանցման մեխանիզմների վերաբերյալ գիտելիքները, առողջապահության ոլորտի բարելավումներն ու տեղեկատվական արշավները, բուժման նոր մեթոդներն ու պատվաստումներն իրենց դերն են ունեցել նախկին համաճարակների մարման հարցում։

Ներկայիս պանդեմիան, ամենայն հավանականությամբ, նույնպես կավարտվի մի շարք մեթոդների համադրման ճանապարհով։

Թեև «անվտանգ ու բարձր արդյունավետություն ունեցող» պատվաստանյութը կարող է հանգեցնել պանդեմիայի ավարտին, պրոֆեսոր Ռայլին համարում է, որ, հնարավոր է, մենք դեռ որոշ ժամանակ պետք է սովորենք ապրել վիրուսի հետ՝ որոշակի դիմացկունություն ձեռք բերելով վիրուսի նկատմամբ։

«Համոզված եմ, որ 5 տարի, կամ շատ ավելի շուտ մենք կամ իսկապես լավ պատվաստանյութ կունենանք, որը կկիրառվի ամբողջ աշխարհում, կամ կապրենք այս վիրուսի հետ բավականին երկար ժամանակ՝ անհրաժեշտ իմունիտետ ձեռք բերելով ու սովորելով ապրել հիվանդության ոչ մեծ բռնկումների հետ»,-ասում է պրոֆեսորը։

Ինչպես ցույց է տվել բնական ծաղկի վերացումը, երբ աշխարհի գիտնականները համախմբվում են, հիվանդությունը հաղթահարելը դառնում է հնարավոր։

Նոր կորոնավիրուսը խնդրահարույց է իր անախտանիշ ընթացքի ու այդ ընթացքում վիրուսի փոխանցման պատճառով, սակայն պրոֆեսոր Ռայլին չի կորցնում իր լավատեսությունն ու համարում է, որ համաշխարհային ջանքերը թույլ կտան գտնել խնդրի լուծումը։

Այնուամենայնիվ չարժե մոռանալ, որ անցյալի համավարակների համար պատասխանատու ախտածին միկրոօրգանիզմների մեծ մասը շարունակում են գոյություն ունենալ նաև մեր օրերում, և չնայած մահաբեր հիվանդությունները բռնկումները նվազել են, վիրուսներն ու բակտերիաները ոչ մի տեղ չեն անհետացել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութի աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031