Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյան․ «ՌԴ-ից հայերի նվիրատվությունն աննախադեպ է»

Հոկտեմբեր 28,2020 17:09

«Հայաստան» համահայկական հիմնադրամին ռուսաստանաբնակ հայերի նվիրատվության մասնակցությունն աննախադեպ է, որովհետեւ 15 միլիոն դոլար են գեներացրել մեկ դրամահավաքի շրջանակներում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Երբ հիմնադրամը հրապարակեց հիմնադրամին՝ աշխարհի 73 երկրներից կատարած փոխանցումների ծավալը՝ 150 միլիոն դոլար եւ որ երկրից մասնակցությունը որքան էր, սոցցանցում քննարկումներ, տեղ-տեղ նաեւ քննադատություններ եղան, թե ինչու է, օրինակ՝ Ռուսաստանը 3-րդ տեղը զբաղեցնում։ Հիմնադրամի նվիրատվությունների 45.3% -ը ԱՄՆ-ից է, 33.3% -ը՝ ՀՀ-ից եւ 10.7%-ը՝ ՌԴ-ից։ Իհարկե, մարդիկ ակնկալում էին, որ ՌԴ-ից ավելի շատ կարող էր լինել փոխանցումը՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքը մոտ 2,5 միլիոն է։

Հայկակ Արշամյանը վստահեցրեց՝ Ռուսաստանի բոլոր հայաբնակ բնակավայրերից մասնակցություն է լինում, եւ շատ հաճախ հազարավոր մարդիկ հավաքվում են, գումար հավաքում ու մեկ անձի միջոցով փոխանցում է կատարվում, այսինքն` որոշակի գումարի հետեւում հազարավոր, տասնյակ հազարավոր հայեր են կանգնած՝ ով, որքան կարողանում է՝ ներդրում է կատարում։ «Հիմնադրամը եւ հայրենիքը շնորհակալ է բոլոր նվիրատուներին՝ անկախ գումար չափից»,-ասաց պարոն Արշամյանը։

Նա ասաց, որ քիչ չեն դեպքերը, երբ համայնքի ներկայացույցիչն այցելում է հիմնադրամի՝ տվյալ երկրում կամ քաղաքում գտնվող գրասենյակ, եւ ամբողջ համայնքի նվիրատվությունը փոխանցում։ Հիմնադրամի տնօրենը մեկ այլ օրինակ էլ բերեց՝ «Էդգար ջան» անունով հայտնի DJ-ն ամեն օր առցանց դրամահավաք է իրականացնում եւ շուրջ 35 միլիոն ռուբլի է փոխանցել, որի հետեւում կանգնած է 10 հազարից ավելի մարդ․ «Այսինքն, այստեղ կարեւորը գումարի չափը չէ, որովհետեւ սա խոշոր դոնորների դրամահավաք չէ, այլ համազգային դրամահավաք է, հենց դրա համար էլ ամենասկզբում ես այն անվանեցի ոչ թե դրամահավաք, այլ՝ շարժում։ Եվ սա է ամենակարեւորը, որովհետեւ այս շարժումը բերելու է համահայկական, համընդհանուր ցանցի ամրապնդմանը եւ այս ցանցի շնորհիվ է, որ դառնալու ենք իրական գլոբալ ազգ եւ ցանցապետություն ամբողջ աշխարհում։ Ուստի, մեղադրանքները, կամ մրցակցությունը՝ թե ով ավելի շատ փոխանցեց, տեղին չեմ համարում, մարդիկ անում են այն, ինչ կարող են»։

Հիմնադրամին փոխանցում է եղել որպես «ԵՊՀ շրջանավարտները», կամ «Ջավախքի հայերից», նման դեպքերում պարզ է, որ մեկ անձ է փոխանցում կատարել, բայց մասնակցություն են ունեցել հազարավորները։

Պարոն Արշամյանը Հայաստանից կատարված փոխանցումներն էլ է աննախադեպ համարում, խոսքը 50 միլիոն դոլարի մասին է։

Աշխարհի 73 երկրներից միայն առցանց վճարումով՝ քարտային փոխանցումով 81 հազար 274 մարդ է մասնակցել, եւ ինչպես հիմնադրամի տնօրենն ասաց, նույնքան էլ, մի բան էլ ավելի, բանկային փոխանցում է կատարվել, այսինքն՝ ԿԲ-ի եւ հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։ Ամբողջ աշխարհից առնվազն 500 հազար մարդ է մասնակցել այս դրամահավաքին։ Մասնակցությունն ամեն օր աճում է։

«Հատկապես բանկային փոխանցման դեպքում դժվար է ասել, թե որքան մարդ է մասնակցել, որովհետեւ մեկ անձ է փոխանցում, բայց ասենք 5 հազար մարդ այդ փոխանցման համար ներդրում է ունեցել։ Կամ ասենք՝ ՀԲԸՄ-ն 10 միլիոն դոլարի նվիրատվություն կատարեց, սրա հետեւում տասնյակ հազարավոր մարդիկ են։ Այնպես, որ թվերի հետ «խաղալն» անտեղի է, ուղղակի պետք է հպարտանանք այս ամենով։ Մենք աշխարհին ցույց ենք տալիս, թե ինչպիսի հնարավորություն ունենք»,-ասաց պարոն Արշամյանը։

Նա նաեւ հիշեցրեց արտերկրից ուղարկվող մարդասիրական օգնությունը, պարզ է, որ այս ամենի հետեւում էլ հազարավոր հայեր են կանգնած։

Հիմնադրամին նվիրատվություն են կատարում երեխաները, եւ ինչպես պարոն Արշամյանն է պատմում, հաճախ երեխաներն այցելում են հիմնադրամի գրասենյակ եւ իրենց դրամարկղը հենց այնտեղ բացում ու ամբողջ խնայողությունը տալիս են հիմնադրամին։ «Արվեստագետներն են կայք ստեղծել, որտեղ իրենց գործերն են վաճառում ու գումարը փոխանցում հիմնադրամին։ Գրողների միությունից մի քանի գրողներ էին եկել, ասում էին՝ գումար չունենք, բայց մեր ոսկեղենը կարող ենք տալ, իհարկե, չվերցրեցինք։ Մի քաղաքացի էլ իր վիրահատության գումարն էր բերել՝ երեք հարյուր հազար դրամ, մենք չվերցրեցինք, ուղղակի առաջարկեցինք խորհրդանշական 5 հազար դրամ նվիրաբերի։ Մարդիկ հասկանում են՝ այս կռիվը բոլորիս գոյության կռիվն է եւ ամենքն իր հնարավորության չափով օգնում են, բոլորն ուզում են ամեն ինչ ներդնել»։

Նշենք, այսօր ժամը 16:30 րոպեի դրությամբ հիմնադրամին նվիրատվությունը կազմել է 152,589,483.04 դոլար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031