Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լենա Նազարյան. Մարդիկ տեսնում են, որ ժողովրդավար գերտերություններն ունակ չեն ազդելու այն երկրների վրա, որոնք գործում են ահաբեկչական մեթոդներով

Հոկտեմբեր 28,2020 16:28

Հոկտեմբերի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով աշխատանքային այցով մեր երկրում է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, ում այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Նազելի Բաղդասարյանը:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ցավով է ընդգծել այն փաստը, որ այն տեղի է ունենում ոչ խաղաղ, այլ պատերազմական իրավիճակում: Ներկայացնելով ստեղծված իրադրությունը՝ Լենա Նազարյանը փաստել է, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներքաշել են պատերազմի մեջ:

«Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությամբ: Երեւի իրենց երկրներում տուժածների հետ ներքին խնդիրներ չունենալու համար ռազմի դաշտ են հանել վարձկանների Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից»,-ասել է ԱԺ փոխխոսնակը:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը մեզ համար տարածքային խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց: Նրա խոսքով՝ Արցախյան խնդիրը ծագել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի նվազագույն իրավունքներն ապահովելու հարցում Ադրբեջանի անկարողության պատճառով: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այս 30 տարիներին պարզ է դարձել՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին Ադրբեջանի ղեկավարության ներքո: «Դա հայերի կյանքին ու անվտանգությանն ուղիղ սպառնալիք է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով: Մինչ այժմ էլ այդպես ենք ասում»,-փաստել է Լենա Նազարյանը:

Որպես խնդրի լուծման ուղիներից մեկը՝ ԱԺ փոխնախագահը մատնանշել է հայերի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը անկախ հանրապետությունում: Նրա համոզմամբ՝ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի ղեկավարման ներքո, դա կլինի նոր ցեղասպանություն, մեր պատմության կրկնությունը: Ադրբեջանը դեմ է փոխզիջումներին, խաղաղությանն ու բանակցություններին: Այս համատեքստում Լենա Նազարյանը կարեւորել է միջազգային հանրության դերը:

«Այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է պայմանավորվածությունները, վարկաբեկում Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, չպետք է աննկատ մնա: Մարդիկ տեսնում են, որ ժողովրդավար գերտերություններն ունակ չեն ազդելու այն երկրների վրա, որոնք գործում են ահաբեկչական մեթոդներով: Եթե աշխարհը փոխվում է, այս պատերազմը ցույց է տալիս, որ այն դառնում է ավելի վատ, վտանգավոր եւ անկանխատեսելի: Եթե գերտերությունները չեն կարող պաշտպանել փոքր ժողովրդավարությունը, դա խարխլում է մարդկանց հավատը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ: Իսկ դա իր հերթին կհանգեցնի նոր պատերազմների, ցեղասպանության եւ մարդկային տառապանքների: Ոչ մեկ չի ունենա լավ կյանք՝ անկախ ազգությունից եւ ապրելու վայրից»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ելենա Սեմերիկովան շնորհակալություն է հայտնել այցի հրավերի համար՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 13-ին միջազգային փորձագիտական խորհրդակցության ընթացքում «Բարեկեցությունը եւ սոցիալական արդարությունը՝ որպես կայուն զարգացման գործոններ» թեմայի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի եւ այլ երկրների կանանց մասնակցությամբ քննարկվել եւ կարեւորվել է ստեղծված բարդ իրավիճակում կանանց փոխգործակցությունը տարբեր մակարդակներում: Նա փաստել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթանում է լայնածավալ պատերազմ, ինչը 21-րդ դարում պետք է անթույլատրելի լինի եւ դրա դադարեցման համար կարեւորել է գործուն քայլերի իրականացումը: Ելենա Սեմերիկովայի խոսքով՝ ցանկացած ազգության եւ դավանանքի մոր համար պատերազմից ավելի վատ բան չկա:

Նա տեղեկացրել է, որ ԱՊՀ կանանց հետ համատեղ ստեղծել է «Կանանց երկխոսություն» միջազգային խաղաղարար շարժումը եւ Հայաստանում այդ շարժման կառույցը բացելու հարցում ակնկալում է Լենա Նազարյանի աջակցությունը:

Ելենա Սեմերիկովան Լենա Նազարյանին խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը, որը մինչ իր Երեւան գալը օրհնվել եւ օծվել է Մոսկվայի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարում: Նա համոզմունք է հայտնել, որ սրբապատկերը խաղաղություն կբերի հայ ժողովրդին:

Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ պատերազմն ընդամենը քող է, որի ներքո փորձ է արվում իրականություն դարձնել հայ բնակչության ցեղասպանությունը:

Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են Ադրբեջանի հասարակության շրջանում հայատյացության քարոզը: Նրանք կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների ճանապարհով:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031