Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ն արդեն կիրառել է միջանկյալ միջոց, Ադրբեջանի ներկայացրած հարցերի մեծ մասի հետ կապված իրավասու չէ որևէ որոշում կայացնել». Եղիշե Կիրակոսյանը` Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ի դիմումի մասին

Հոկտեմբեր 28,2020 15:54

«Այս պահին չեմ ցանկանում բացահայտել՝ ինչ ենք անելու, բայց մեր առարկությունները կներկայացնենք»,-Aravot.am-ի փաստմանը՝ Ադրբեջանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ի՞նչ քայլեր է նախաձեռնում հայկական կողմը, այսպես պատասխանեց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Տեղեկացնենք՝ Ադրբեջանը հոկտեմբերի 27-ին դիմել է ՄԻԵԴ՝ պահանջով միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի դեմ:

Դիմումով Ադրբեջանը պահանջում է դատարանին պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել իր տարածքից և իրենց ձևակերպմամբ «գրավյալ տարածքից» հրթիռակոծությունները քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ, դադարեցնել ռազմական և քաղաքական աջակցությունը, իրենց բնութագրմամբ, «Ադրբեջանի գրավյալ տարածքների» քրեական ղեկավարությանը, դադարեցնել իր զինված ուժերի ուղարկումը, իրենց բնութագրմամբ, «Ադրբեջանի գրավյալ տարածքներ», դուրս բերել զորքերն այդ տարածքներից և այլն:

Մեզ հետ զրույցում Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց՝ դատարանն արդեն կիրառել է միջանկյալ միջոց՝ սեպտեմբերի 29-ին՝ և′ Ադրբեջանին, և′ Հայաստանին կոչ անելով կոնկրետ գործողություններից ձեռնպահ մնալ ու շեշտեց. «Դա շատ կարևոր է արձանագրելը, քանի որ նախ սա այն շրջանակն է, որի հետ կապված դատարանը կարող է կիրառել միջանկյալ միջոց: Երկրորդ խնդիրն այն է, որ այն, ինչ իրենք են ներկայացրել իրենց դիմումի մեջ, պահանջները կամ կետերը, որ դրել են՝ զորքերի դուրսբերման մասին է խոսքը և այլն, անհասկանալի է: Ուզում եմ ասել, որ դրանք նախ դատարանի շրջանակից, լիազորություններից դուրս են, որովհետև դատարանն այդ հարցերի մեծ մասի հետ կապված իրավասու չէ որևէ որոշում կայացնել: Դա հստակ է»:

Եղիշե Կիրակոսյանի փաստմամբ՝ Ադրբեջանը հայելային փորձում է անել այն, ինչ մենք արեցինք: Նա շարունակեց. «Մենք միջանկյալ միջոցի կիրառման մասին դիմում ներկայացրինք սեպտեմբերի 27-ին՝ հենց սկսվեցին ռազմական գործողությունները, Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ: Սեպտեմբերի 29-ին դատարանը որոշում կայացրեց կիրառել միջանկյալ միջոց: Հիմա նույն բանն իրենք են փորձում անել, բայց անհասկանալի, քանի որ, նորից եմ ասում, դատարանն արդեն իսկ կիրառել է միջանկյալ միջոց»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարող է անել դատարանը Ադրբեջանի դիմումից հետո: Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց. «Մի տարբերակն այն է, որ դատարանը մերժի Ադրբեջանի խնդրանքը՝ ասելով, որ արդեն մենք ունենք միջանկյալ միջոց, որը պետք է կատարվի, իսկ հավանականությունը, որ այդպես կլինի, կարծում եմ՝ մեծ է»:

Հարցին՝ նման նախադեպ կա՞, որ միջանկյալ միջոց կիրառելով հանդերձ, նորից դիմում են, դատարանը որոշում է կայացնում, և այդ դիմումն ընդունվում է. «Չեմ կարող նման նախադեպ բերել: Քանի որ հարցերի մեծ մասը դատարանի շրջանակից դուրս է, և միջանկյալ միջոցի կիրառման ու առհասարակ դատարանի իրավազորությունից, իրավասությունից դուրս է, այստեղ կարծում եմ՝ այսպես ասած հավանականությունը մեծ չէ, որ դատարանը կբավարարի նրանց խնդրանքը: Որպես իրավաբան եմ գնահատական տալիս»:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դատարանի որոշման կայացման ժամկետն այս դեպքում երկու օր է, և մինչև շաբաթվա վերջ կունենանք ՄԻԵԴ որոշում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031