Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանն այս շաբաթ հարված է հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգում գտնվող ապստամբներին և Մոսկվային մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղությունը տապալելու մեջ։
«ՌԴ օդա-տիեզերական ուժերի հարվածը Իդլիբի ուսումնա-մարզական կենտրոնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն չի ուզում»,- ասել է Էրդողանը «Անադոլու» գործակալությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հուժկու հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկուշաբթի ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Իդլիբի նահանգում գտնվող գրոհայինների ճամբարը։ Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի ՕՏՈւ–ի հասցրած հարվածից զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 գրոհային, իսկ նրանց մարզական ճամբարն ամբողջովին ոչնչացվել է։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ