Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի աղջիկը ծննդյան 3 միլիոն դրամից ավելի գումարը տրամադրեց բանակին

Հոկտեմբեր 28,2020 15:15

Լոռիում ու մարզի սահմաններից դուրս Աննա Հովհաննիսյանին շատերն են ճանաչում: Աննան աշխատում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որպես՝ կրթական, վարչատնտեսական հարցերի համակարգող, ինչպես նաեւ «Բարի գալուստ Լոռի» ֆեյսբուքյան խմբի հիմնադիրն է:

Պատերազմի լուրն իմանալուց հետո, Աննան էլ շատերի պես մեկնեց Արցախ, փորձելով ուժերի ներածին չափով օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին: Արցախում որպես բուժքույր աջակցեց վիրավոր զինվորներին ցուցաբերվող օգնության հարցում. «Քանի դեռ թիկունքն ուժեղ է, միանշանակ մեր բանակն էլ պետք է ուժեղ լինի: Ցանկացած պահի պատրաստ եմ մեկնել սահման եւ պաշտպանել: Ինձ համար պատերազմի ընթացքում չկա աղջիկ, տղա հասկացողություն: Բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ՝ հանուն մեր հայրենիքի ու հաղթանակի»:

Նոյեմբերի 2-ին Աննայի ծննդյան տարեդարձ է: Երիտասարդ աղջիկը որոշեց, որ իրեն ծննդյան նվերներ պետք չեն, միակ նվերը՝ հաղթանակած երկրում ապրելն է: Եվ ծննդյան տոնի կապակցությամբ կազմակերպեց դրամահավաք, որն ամբողջությամբ կուղղվի զինվորի կարիքներին. «Հոկտեմբերի 19-ին վերադարձա Ստեփանակերտից, որպեսզի 2 օր հանգստանամ ու նոր ուժերով սկսեմ էլ ավելի շատ օգնել: Աշխատանքիս վայրում նստած մտածում էի, թե էլ ինչ կերպ կարող եմ օգնել մեր բանակին: Եվ հիշեցի, որ մի քանի օրից ծննդյանս օրն է, իսկ ընկերներս ինձ շնորհավորելու են՝ ծաղիկ ու շոկոլադ նվիրեն: Ֆեյսբուքյան հարթակում գրեցի. «Սիրելի ընկերներ, ծաղիկ չեմ սիրում, շոկոլադ չեմ ուզում: Խնդրում եմ, եթե ամեն մեկդ ինձ 1000 դրամ գումար փոխանցեք որպես ծննդյան նվեր, ես կկարողանամ այդ գումարով գնել անհրաժեշտ պարագաներ մեր զինվորների համար եւ անձամբ հասցնել Արցախ կամ փոխանցել համապատասխան կառույցներ»: Իսկ արձագանքը չուշացավ»,- ասում է Աննան:

Ֆեյսբուքում հայտարարությունը դնելուց մի քանի րոպե անց, Աննայի ընկերները սկսել են արձագանքել: Առաջին փոխանցումներն էլ հենց 1000-ական դրամներ են եղել: Որից հետո գումարի չափերը սկսում է մեծանալ: Արդյունքում, մի քանի ժամվա ընթացքում հավաքվում է մի քանի հարյուր հազար դրամ:

Այդ ամենից ոգեւորված, Աննան հրապարակումը տեղադրում է նաեւ «Բարի գալուստ Լոռի» ֆեյսբուքյան խմբում. «Մտածում էի, որ եթե 100 խմբակից էլ ինձ վստահի, էլի կկարողանամ ինչ-որ բան գնել: Բայց մարդկանց արձագանքներն ուղղակի ապշեցուցիչ էին: Հազարավոր մարդիկ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ֆինլանդիայից սկսեցին ինձ գումարներ փոխանցել ու ոչ փոքր գումարներ: Մարդ կար, որ առանց ինձ ճանաչելու փոխանցում էր 300 եվրո»,- ասում է Աննան:

Արդյունքում, մի քանի օրվա մեջ հաջողվում է հավաքել 3 միլիոն 300 հազար դրամ ծննդյան գումար: Այն հավաքվել է ավելի քան 2000 մարդու օգնությամբ: Այսքանով գումարի հավաքագրումը չի ավարտել, մարդիկ, ովքեր վստահում են Աննային, շարունակում են գումար փոխանցել նրա հաշվեհամարին. «Իրականում ես այս հույսը չունեի, բայց փաստացի մարդիկ վստահեցին ինձ: Կարծում էի, որ իմ ընկերները կփոխանցեն ու գոնե 200 հազար դրամ կհավաքեմ եւ ինչ էլ գնեմ էլի օգուտ է: Բայց արի ու տես իմ սպասելիքները տասնապատկվեցին: Հիմա ես ամեն օրվա կտրվածքով ինչ հնարավոր է գնում ու ուղարկում եմ սահման: Կամ ես եմ տանում, կա՛մ համապատասխան մարդկանց հետ եմ ուղարկում,- ասաց Աննան ու տեղեկացրեց, որ նշված գումարից արդեն երկուս ու կես միլիոն դրամի գնումներ է կատարել. «Սկսած գլխարկներից, ձեռնոցներից, վերջացրած չոր սպիրտով, ինչը Հայաստանում գտնելն իրականում շատ դժվար է: Երկու անգամ արդեն ուղարկել եմ գնումները՝ 2,3 ուղղություններով: Նաեւ իմ բժիշկ ընկերների միջոցով փորձում եմ օգնել նաեւ վիրավոր զինվորներին, այսինքն՝ դեղորայք եւս ուղարկում եմ: Այս պահին ունենք պատվիրված պարագաներ՝ տաք սվիտր, գլխարկներ եւ այլն: Բացի այդ փորձում ենք գնել նաեւ հայկական արտադրանք: Օգնությունը մեկանգամյա չէ, քանի ոչ ինձ անընդհատ գումարներ են փոխանցում, օգնությունը պարբերաբար գնում է մեր զինվորներին»:

Իսկ Աննայի այս տարվա ծննդյան երազանքը տարբերվում է մյուս տարիներին մտքում պահած բոլոր երազանքներից: Այսօր խաղաղությունն ու հաղթանակն ամենակարեւորն է. «Ինչպես աշխարհի երեսեի ցանկացած հայի, այնպես էլ իմ երազանքը՝ միայն հաղթանակն է: Անգամ չեմ ուզում սպասել ծննդյանս օրվան եւ մեկ ժամ առաջ ուզում եմ, որ այս ամենն ավարտվի: Հուսով եմ, որ ծննդյանս բոլոր կենացները կլինեն հետեւյալ խոսքերով՝ «Հաղթել ենք»:

Բացի այդ, Աննան կամավորագրվել է նաեւ աղջիկների ջոկատում: Մեկ անգամ անցել է համապատասխան հարցազրույցի փուլը, այժմ սպասում է առաջնագիծ մեկնելու իր հերթին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Չենք ճանաչում, բայց ապրի աղջիկը;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031